Կառավարությունը կրկին «շոկային օպտիմիզմի» մեջ է․ 168․am
168.am-ը գրում է․ Հայաստանի տնտեսության աճի պոտենցիալը, մինչև հայտնի իրադարձություններն էլ, բարձր չէր։ Այն գնահատվում էր հազիվ 4-4,5 տոկոսի սահմաններում։
Հիմա այդ պոտենցիալն ավելի է թուլացել։ Վկա՝ դրսի ու ներսի մասնագիտացված ֆինանսական կառույցների գնահատականները։ Այդ կառույցները չեն թաքցնում իրենց մտահոգությունները մեր տնտեսության մեջ առաջիկայում սպասվող ոչ նպաստավոր զարգացումների վերաբերյալ։ Սակայն կառավարությունը հակված չէ հետևություններ անել։
Ճիշտ է, նախորդ տարվա նման, էկոնոմիկայի նախարարը երկնիշ աճերից չի խոսում, բայց կրկին շարունակում է նույն ոճի մեջ մնալ՝ փորձում է տնտեսությանը «շոկային օպտիմիզմի» մեջ պահել։ Նախորդ տարվա ձախողումները հավանաբար դաս չեն եղել։ Ու չնայած մասնագիտացված կառույցները մի քանի անգամով նվազեցրել են աճի իրենց նախորդ կանխատեսումները, կառավարության տնտեսական աճի թիրախը չի փոխվել. այն էլի 7 տոկոս է։
«Այս պահին մեր աշխատանքը ձևավորում ենք հենց այդ թիրախի շուրջ՝ անկախ նրանից, որ թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամը, թե՛ ԿԲ-ն, և թե՛ Fitch-ը նվազեցրել են իրենց կանխատեսումները: Մենք դեռևս բավական պոտենցիալ տեսնում ենք՝ մեր տնտեսական քաղաքականության իրացման արդյունքում հասնելու այն թիրախներին, որը կառավարությունը դրել է իր առջև:
Իհարկե, դա դժվարացել է այս նոր իրավիճակներում, բայց անհնարին չի դարձել:
Մեր թիրախը դեռևս նույնն է, ինչ եղել է տարվա սկզբին բյուջեն կազմելիս»,- օրերս հայտարարեց Վահան Քերոբյանը:
Բյուջեն կազմելիս, բնականաբար, տնտեսական իրավիճակը բոլորովին այլն էր, հիմա այլ է։ Ճիշտ է, այն ժամանակ էլ մի բան չէր, բայց հիմա ավելի վատ է։ Ու կապ չունի, որ տարվա առաջին երկու ամիսներին պաշտոնական վիճակագրությունը տնտեսական ակտիվության բարձր աճեր է արձանագրել։ Հունվարին՝ ավելի քան 15, փետրվարին՝ 9 տոկոս։
Հունվարի բարձր ակտիվությունը կապված էր, առաջին հերթին՝ ամանորյա տոնական օրերը կրճատելու և աշխատանքային օրերն ավելացնելու հետ։ Արդեն փետրվարին տնտեսական ակտիվության աճի տեմպն ընկավ։ Եղած աճի վրա էլ էական ազդեցություն է թողել այն հանգամանքը, որ անցած տարվա այդ ամիսներին ունենցանք տնտեսական ակտիվության անկում։ Հունվար-փետրվարին՝ 6,7 տոկոսի չափով։
Այդ անկման վրա է, որ այս տարի աճ է գրանցվել։ Բայց դրանից պետք չէ շատ ոգևորվել։ Հատկապես որ, նոր խնդիրներն ի հայտ են եկել հիմնականում հունվար-փետրվարից հետո։ Արդեն ունենք առաջին կորուստները. նվազել են արտահանումները ռուսական շուկայում։ Պաշտոնական տվյալներ դեռևս չկան, բայց էկոնոմիկայի նախարարը օրերս մարտի մատակարարումների 30 տոկոս անկման մասին էր խոսում։
Եթե հաշվի առնենք, որ մեր արտահանման շուրջ 30 տոկոսը հենց ռուսական շուկայում է, ապա կստացվի, որ գործ ունենք մատակարարումների բավական լուրջ ծավալների կրճատման հետ։ Դա կորուստ է ոչ միայն՝ արտահանման, այլև՝ տնտեսության համար։ Հետևանքները տնտեսության վրա կերևան արդեն մարտի ցուցանիշներում։
Ինչքան էլ հիմա իշխանությունները փորձում են թաքցնել հետևանքները և կեղծ օպտիմիզմ հաղորդել տնտեսությանը, տնտեսությունը դրանից չի շահելու։ Ընդհակառակը՝ չհիմնավորված լավատեսությունը կարող է նաև կորուստներ ու վնասներ առաջացնել տնտեսության մեջ։ Դրա հիման վրա մարդիկ կարող են կառուցել իրենց ապագա ծրագրերը ու բախվել չարդարացված լավատեսությունից բխող խնդիրների հետ։
Տնտեսական իրավիճակը՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում, բարդացել է։ Բարդացել է բոլոր առումներով։ Եվ բոլորովին տեղին չէ տնտեսության վիճակն ու զարգացումներն առևտրի կարճաժամկետ հատվածի շրջանառություններով չափելը։
«Մարտի առաջին 20 օրվա տվյալներով, Հայաստանում ՀԴՄ-ներով արձանագրված գործարքների թիվն ավելացել է շուրջ 510,000-ով, իսկ դրամաշրջանառությունն աճել է ավելի քան 60 մլրդ դրամով։
Սա, իհարկե, ֆունդամենտալ ցուցանիշ չէ, բայց դրական ազդակ է, որը կապված է այն բանի հետ, որ 2022թ. մարդկանց մեծ ներհոսք ունենք դեպի Հայաստան։
Սա լավ տնտեսական էֆեկտներ է ստեղծելու»,- ՀԴՄ-ների հետ կապված իր հայտնի թեզն է առաջ տանում Նիկոլ Փաշինյանը։ Նախկինում էլ նա բազմիցս այդպիսի փորձեր արել է՝ տնտեսության զարգացումները կապելով ՀԴՄ-ների շրջանառության կարճաժամկետ աճերի հետ։ Սակայն հետո տեսել ենք, թե ինչպիսին են եղել իրական արդյունքները։
Առևտրի շրջանառությունների կարճաժամկետ աճեր միշտ էլ կարող են լինել։ Մարդկանց ներհոսքը, որը մարտին ունեցանք, հատկապես՝ Ռուսաստանից ու Ուկրաինայից, բնականաբար, իր ազդեցությունն ունեցել է շրջանառությունների վրա։ Բայց չպետք է մոռանալ, որ դրանում շատ ավելի մեծ է եղել մեկ այլ, անհամեմատ ավելի էական գործոնի դերը։ Խոսքն այն առևտրային աժիոտաժի մասին է, որի հետևանքով սպառողները մի քանի օր շարունակ սրբում էին խանութների ցուցափեղկերը։
Առևտրի շրջանառությունների աճն առաջին հերթին՝ դրա հետևանք էր։ Բայց դա ժամանակավոր աճ է, որի ազդեցությունը երևալու է հետագա շրջանառությունների վրա։
Շրջանառությունների ավելացման մյուս գործոնն էլ, բնականաբար, բարձր գնաճն է։
Այստեղ էլ կառավարությունը հպարտանալու պատճառ չունի։ Չնայած, որքան բարձր լինի գնաճը, այնքան սպառողների հաշվին՝ ի ուրախություն կառավարության, բյուջե ավելի շատ փող կմտնի։
Առևտրի շրջանառությունների, այն էլ՝ կարճաժամկետ շրջանառությունների փոփոխությունները բավարար միջոց չեն տնտեսության զարգացումների վերաբերյալ դատողություններ, առավել ևս՝ հեռուն գնացող եզրակացություններ անելու համար։ Այնպես չէ, որ այդ երևույթները միայն կառավարությունում են տեսնում։ Դրանք տեսնում են նաև մասնագետներն ու մասնագիտացված կառույցները, որոնք իրենց գնահատումներում շատ ավելի չափավոր սպասումներ ունեն մեր տնտեսության վերաբերյալ։
Որքան էլ կառավարությունը չի շտապում վերանայել իր թիրախները, դա չի նշանակում, թե դրանով լավություն է անում տնտեսությանը։ Հատկապես մասնագիտացված կառույցների գնահատականներից հետո, որոնք գրեթե չեն տարբերվում իրարից։
Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամն իր գնահատականը նախկին 4,5-ից իջեցրել է 1,5 տոկոսի, վարկանշային «Ֆիթչ» գործակալությունը՝ 5,3-ից՝ 1,3 տոկոսի, և Հայաստանի Կենտրոնական բանկը՝ 5,3-ից՝ 1,6 տոկոսի։
Բոլոր 3 դեպքերում էլ աճի կանխատեսումն ընդամենը 1,5 տոկոսի շրջանակներում է, որը 4-5 անգամ ավելի ցածր է, քան կառավարության թիրախը։