Եթե ՌԴ-ն լիցենզիա չտվեց, կեր չեղավ, կենդանիների մորթ է սկսվելու. Անասնապահությունը լուրջ վտանգի տակ է. ֆերմեր
Հայաստանը տարեկան ՌԴ-ից ներմուծում է 150-160 հազար տոննայից ավելի անասնակեր՝ եգիպտացորեն, գարի, ֆուրաժային ցորեն և այսօր մենք անասնապահության ոլորտում խնդիր ունենք, հացի խնդիր չի լինելու, ալյուրը ներմուծվում է: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ փակ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Հարություն Մնացականյանը:
Նրա խոսքով՝ եթե ՌԴ-ն մոտ օրերս որոշակի լիցենզիաներ չտվեց, Հայաստանին, ապա Հայաստանում անասունների մորթ կսկսվի, կլինի անասունների եւ թռչունների գլխաքանակի մեծ անկում, որն ավելի բացասական հետևանքներ է ունենալու, քան հացի կարճաժամկետ խնդիրը:
«Հուլիսի 20-ից ՌԴ-ն կթույլատրի ցորեն ներմուծենք, եւ մենք այդ խնդիրը կլուծենք, բայց եթե խոշոր անասունների գլխաքանակի կրճատում եղավ, ապա մի քանի տարի է պետք դա վերականգնելու համար: Դա նշանակում է մսի, թռչնամսի, կաթնամթերքի և ձվի գնի բարձրացում»,-ասաց նա:
Հարություն Մնացականյանը բացատրեց, որ անասուն պահող ֆերմերները և թռչնաբույծները երբեք կերի կուտակում չեն ունեցել, քանի որ ֆինանսական խնդիրներ ունեն և չեն կարող ողջ տարվա համար կուտակել, պարբերաբար են կերը բերում Հայաստան. «Եթե ՌԴ-ն այսօր կամ վաղը Հայաստանին լիցենզիա չտվեց, ապա մեր անասնապահության ոլորտը լուրջ վտանգի տակ կհայտնվի»,-ասաց տնտեսագետը և տեղեկացրեց, որ հայկական թռչնաբուծական ֆերմաների համար եգիպտացորեն է եկել հասել ՌԴ-ի սահման, որը հետ է ուղարկվել:
Մնացականյանի խոսքով՝ անասնաբուծությունը բարձիթողի վիճակում է և եթե սահմանափակումները շարունակվեն և ֆերմերները ստիպված լինեն այլ շուկաներից թանկ կեր ներմուծել, ապա պետությունը պարտադիր պետք է սուբսիդավորի նրանց ծախսերը:
Նա հայտնեց, որ նաև գարու սերմացուի մեծ պակաս կա Հայաստանում և եթե նույնիսկ այսօր թույլ տան այն ներմուծել, ապա տեղափոխման համար պետք կլինի 10-12 օր, ինչը կարող է ուշ լինել գարնանացանի համար: