17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լույս է տեսել Օննիկ Եգանեանի ՛՛Աշխատություններ՛՛ հատորը

Տպագրվել է Մաշտոցյան Մատենադարանի հանգուցյալ բազմերախտ աշխատակից՝ վաստակաշատ ձեռագրագետ և բանասեր Օննիկ Եգանյանի աշխատությունների մեծադիր հատորը, որի տպագրության մեկենասը հեղինակի դուստր Անահիտ Եգանյան-Գյուլեճյաննն է: Գիրքը հրատարակության է պատրաստել նույն հեղինակի աշակերտ-հետեւորդ՝ Մատենադարանի Գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանը։

Գիրքը բաղկացած է չորս հիմնական մասից. առաջինը վերնագրված է՝ «Մաշտոցյան Մատենադարանի ձեռագրական հավաքածուները. մասն Բ.» և պարունակում է գիտական մամուլում Օննիկ Եգանյանի տպագրված այն հոդվածները, որոնք վերաբերում են Մատենադարան մտած ձեռագրական փոքր հավաքածուների և նրանց և առանձին միավորների ճշգրտման հարցերին:

Երկրորդ մասը Հարություն Հազարյան Կեսարացու հայերեն ձեռագրերի հավաքածուի՝ Մաշտոցյան Մատենադարան չեկած միավորների ցուցակն է: Երրորդը Մաշտոցյան Մատենադարանի ձեռագիր Պատառիկների առարկայական ցանկն է, իսկ չորրորդը՝ նույն Մատենադարանի ժապավենաձեւ Հմայիլների համառոտ ցուցակը:

Գիրքն ունի նաեւ Գեորգ Տեր-Վարդանյանի պատրաստած օժանդակ-հավելվածային երկու մաս` «Ժամանակագրական ցանկ Օննիկ Եգանեանի գիտական աշխատութիւնների» և «Հարութիւն Հազարեանի ձեռագրական հաւաքածուն եւ նրա մի մասի աճուրդը»:
Հատորն օժտված է նաեւ Գայանե Թերզյանի պատրաստած մանրամասն ցուցիչ ցանկերով՝ անձնանունների, տեղանունների, «Մատենադարանի՝ յիշատակուած ձեռագրերի համարական ցանկ», «Յիշատակուած՝ չպահպանուած եւ մեզ չհասած ձեռագրեր» եւ Մատենադարանի ձեռագրաց «Մայր ցուցակ»-ին հատուկ մնացյալ բոլոր ցանկերը:

Ինչպես իրավացիորեն նկատել է Գևորգ Տեր-Վարդանյանը, որևէ անհատի վաստակը նրա մարդկային նկարագրի ածանցյալն է, իսկ Օննիկ Եգանյանը հսկա աշխատասիրության, սեփական անձի նկատմամբ մեծ խստապահանջության, արած գործի մեջ գերճշգրտության ձգտում ունենալով հանդերձ, կենցաղում խսիտ սակավապետ էր, լռիկ և զուսպ, ազնիվ, անսահման բարի, սկսնակներին իր գիտելիքները հաղորդելու հարցում` շռայլ: 1958 թ. մինչև իր կյանքի ավարտը՝ 1984 թ. աշխատել է Մաշտոցյան Մատենադարանում. նրա կատարած աշխատանքի շնորհիվ այսօր գիտենք Մատենադարանի հավաքածուի ստեղծման պատմությանը` քայլ առ քայլ. տեղեյակ ենք ձեռագրերի անցած ճանապարհներին և ունեցած հանգրվաններին:
Գիրքը նախատեսված է հատկապես միջնադարյան հայերեն սկզբնաղբյուրների, ձեռագրերի եւ մասնավորապես՝ Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուի գոյացման խնդիրներով հետաքրքրվող գիտնականների եւ մտավորականների համար:
Հանգուցյալ ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի աշխատությունների եռահատորյակը տպագրությունից հետո, Օննիկ Եգանյանի այս գրքով ևս վերահաստատվում է, որ Մաշտոցյան Մատենադարանը մերձավոր անցյալի իր վաստակավորների ժառանգության արժեքավոր միավորների մեկտեղված և մշակված հրապարակումներով նախանձախնդիր ու հետամուտ է գիտական-մշակութային ժառանգորդության պահպանման կարևոր խնդրին։ Նույն խնդրին է ծառայելու նաև մի այլ երախտավորի՝ Ասատուր Մնացականյանի երկերի գալիք տարի նախատեսվող տպագրությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ