Դիմավորեք, «ապագան» արշավում է…«Փաստ»
Պատերազմը և դրան հաջորդող իրադարձությունները ապացուցեցին, որ Արցախի հարցը հայ ժողովրդի համար գոյաբանական նշանակություն ունի։ Այսինքն, առանց Արցախի հարցականի տակ է դրվելու նաև Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության հարցը։ Իհարկե, դա հասկանում էր մեր հանրության գիտակից և ընկալունակ մասը: Սակայն… միայն այդքանը: Շատ փորձագետների կողմից Արցախը աշխարհաքաղաքական մակարդակով դիտարկվում է որպես Հայաստանի ողնաշարը, որը միշտ վահանի դեր է կատարել արտաքին վտանգներից պաշտպանելու հարցում։ Սակայն ցավալին այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի տարածքի գերակշիռ մասը բռնազավթվեց Ադրբեջանի կողմից, ինչը փոխել է ուժերի դասավորությունը։
Իրանի ու Արցախի սահմանը դադարել է գոյություն ունենալ, իսկ Հայաստանի հետ կապն ապահովվում է Լաչինի ընդամենը փոքր միջանցքով։ Սակայն չպետք է կարծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը վերջնական է, և հարկ է միայն համակերպվել առկա իրավիճակի հետ կամ Արցախը համարել կորսված։ Հակամարտությունը դեռևս լուծված չէ, և ապագայում դեռ շատ անկանխատեսելի զարգացումներ են սպասվում, սակայն այն իրողությունները, որոնք տեղի են ունենալու առաջիկայում, մեծ հաշվով կախված են նաև Հայաստանի քայլերից։ Ավելի պարզ ասած՝ առաջիկա իրադարձությունները պայմանավորված են Արցախի նկատմամբ մեր հոգածությունից և Արցախի հզորացմանն ուղղված ջանքերից։
Բայց զարմանալի է այս հարցի շուրջ մեր հասարակության որոշակի հատվածի անտարբերությունը։ Մարդիկ այսօր ավելի շատ խոսում և քննարկում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, քան ուշադրություն է սևեռում Արցախում առկա ծանր իրավիճակին, բառիս բուն իմաստով հումանիտար աղետին, երբ Ադրբեջանն անընդհատ սադրանքների է դիմում, իսկ արդյունքում արցախահայությունը օրեր շարունակ ցուրտ եղանակի պայմաններում մնացել է առանց գազի ու ջեռուցման։ Դա էլ քիչ չէ, հակառակորդը սահմաններում լարվածություն է հրահրում և նույնիսկ սպառնում, որ կփակի Լաչինի միջանցքը։ Փաստորեն, Արցախի բնակիչների կենսական իրավունքները կոպտորեն խախտվում են, սակայն տպավորություն է, թե Հայաստանում շատերը պարզապես դրանով մտահոգված չեն, իսկ իշխանություններն ընդհանրապես թքած ունեն։
Փոխարենը Արցախից մնացած բեկորների նախագահը կուշտուկուռ բազմել էր ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը, կարծես Արցախում ամեն ինչ հիանալի է: Այս ամենն իրականում պատահական չէ, դա այսօրվա իշխող ուժի, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից որդեգրված քաղաքականության արդյունք է։ Նրանց չի հետաքրքրում Արցախի կարգավիճակի հարցը և, ըստ այդմ, նաև արցախցիների անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը։ Դրա համար էլ իրավիճակը կա՛մ անտարբերության են մատնում, կա՛մ էլ ողջ պատասխանատվությունը գցում են ռուս խաղաղապահների վրա։ Սակայն այնպես չէ, որ այսպիսի մոտեցումը մեկ տարում է ի հայտ եկել. այն ունի շատ երկար նախապատմություն։ Մասնավորապես դեռևս ընդդիմադիր եղած ժամանակվանից Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհները հետևողականորեն հասարակական դիսկուրս էին ներմուծում Արցախի ավելորդության մոտեցումը։
Դրա շրջանակներում էին ղարաբաղցիների ու հայաստանցիների բաժանման վերաբերյալ կարգախոսները և Արցախի՝ բեռ լինելու մասին հավաստիացումները։ Հանրության կարծիքի վրա ազդելու համար այնպիսի մանիպուլ յացիաներ էին շրջանառության մեջ դրվում, թե Արցախի հարցը չի թողնում, որ Հայաստանը դուրս գա շրջափակումից և տնտեսապես զարգանա, դրա համար էլ պետք է շուտափույթ ազատվել Արցախից։ Հիմա էլ իշխանամերձ որոշակի շրջանակներ հետևողականորեն շարունակում են արշավը Արցախի ու արցախցիների դեմ: Միևնույն ժամանակ, միֆականացվել ու միֆականացվում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման ու առևտրի միջոցով հնարավոր տնտեսական օգուտներ ստանալու հանգամանքը։
Եվ այդ տեսակետներին հավատացողները այդպես էլ իրենց մի պարզ հարց չէին տալիս, թե ի վերջո ինչո՞ւ պետք է Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված լինեն, որ Հայաստանը տնտեսապես զարգանա։ Տարիներ շարունակ այսպիսի թունավոր քարոզչական ներարկումների արդյունքում է, որ հասարակության շրջանում Արցախի ճակատագրի նկատմամբ ձևավորվել է այս կարգի անտարբերություն։ Եվ պատահական չէ, որ մի քանի սոցհարցումները ցույց են տալիս, թե Հայաստանի բնակչության 76 տոկոսը Արցախի հարցը բեռ է համարում և անգամ բավարարված է պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակով՝ գտնելով, որ նման գնով կարելի է ազատվել այդ բեռից:
Մյուս կողմից էլ՝ հասարակության անտարբերությանն են նպաստում իշխանությունների նկատմամբ խորացող անվստահությունը և ապագայի հետ կապված անորոշությունները։ Իշխանություններն ընդհանրապես կազմակերպչական ունակություններ չունեն և ի վիճակի չեն լուծել պետության անվտանգային, տնտեսական, արտաքին ու ներքին խնդիրները։ Այս ամենի հետևանքով է, որ բազմաթիվ մարդկանց մոտ հասունանում է երկիրը լքելու ձգտումը, և նրանք իրենց ապագան ներկա պահից սկսած չեն տեսնում Հայաստանում։ Այսինքն, ոչ միայն Արցախի ապագան է վտանգի տակ, այլև Հայաստանի ապագայի մասով ևս ռիսկերը խորանում են։ Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը «ապագան» հասցրել է Արցախ, հիմա այն մեծ քայլերով արշավում է դեպի Հայաստան…