Տնտեսության բոլոր ճյուղերում բացի շինարարությունից աճ է գրանցվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2014 թվականի գործունեության համար ծրագրային հիմքերը հանդիսացել են նախագահի նախընտրական ծրագիրը, կառավարության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, կառավարության ծրագրի գերակա նպատակները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա հայտնեց, որ այս տարվա ինը ամիսների տվյալներով՝ ՀՆԱ աճը կազմել է 3.9% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.8%-ի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2.3%-ից բարձրացել է 4.3%: Հունվար-նոյեմբերին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում բացի շինարարությունից:
Ճշմարիտյանը շեշտեց, որ ազատ տնտեսական գոտիներում գործունություն ծավալելու վերաբերյալ կառավարությունը որոշել է, որ չսահմանափակվեն միայն որոշ ոլորտներով, ընդգրկվեն մակրո արդյունաբերության այն ոլորտները, որոնք մինչև հիմա Հայաստանում չեն եղել:
Այս տարվա կարևորագույն իրադարձություններից նա առանձնացրեց ՀՀ 344 գյուղական համայքններում ինտերնետ WiFi-ի տեղադրումը, որից օգտվելը գյուղերում լինելու է անվճար, ընկերությունը, որ տեղադրել է, ինքն է սպասարկելու, իսկ մյուս տարի արդեն փոքր վճար կլինի:
ՏՏ ոլորտի ձեռքբերումները ևս, ըստ նախարարի, շատ-շատ են, եղել են մի շարք միջազգային կոնֆերանսներ, համաժողովներ և այլն: Նախարարաը նաև անդրադարձավ ”Զվարթնոց” միջազգային օդանավակայանի ուղևորահոսքին և հայտնեց, որ այն 2014թ. հունվար-նոյեմբերին աճել է 23.3%-ով` կազմելով 1898.4 հազար ուղևոր, իսկ թռիչքների հաճախականությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22.0%-ով` կազմելով 19215 թռիչք:
՛՛Այստեղ չեմ կարող չանդրադառնալ Գյումրիի օդանավակայանից ավիափոխադրումների ծավալների ավելացման և բյուջետային ավիաընկերությունների` ՀՀ ավիացիոն շուկա ներգրավման նպատակով ՛՛Շիրակ՛՛ օդանավակայանում ծառայությունների մատուցման սակագների նվազեցման ուղղությամբ բանակցություններ են վարվել ՛՛Արմենիա միջազգային օդանավակայաններ՛՛ ՓԲԸ ղեկավարության հետ, արդյունքում ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որով հաստատվում է ՛՛Արմենիա միջազգային օդանավակայաններ՛՛ ՓԲԸ պատրաստակամությունը` կատարելու ծառայությունների մատուցման սակագների վերանայում ՛՛Շիրակ՛՛ օդանավակայանը սպասարկող ավիաընկերությունների համար դրանց նվազեցման և օդանավակայանում մատուցվող ծառայությունների ընդլայման ուղղությամբ՛՛,- ասաց Ճշմարիտյանը: