Մոր տարիքի կոնջ հետ սիրավեպն ավարտվել է սպանությամբ. Ժամանակ
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ սկսվեց Ռոբերտ Հ.-ի գործի դատական քննությունը: Մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը:
23-ամյա Ռոբերտը մեղադրվում է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 15-ից մինչեւ 17-ը Ռոբերտ Հ.-ն Դավիթ Մալյան նրբանցքի շենքերից մեկում վիճաբանել է այդ շենքի բնակչուհի Ա. Ս.-ի հետ:
Վիճաբանության ընթացքում նա սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել տանտիրուհու դեմքին, կրծքին ու մարմնի այլ մասերին: Վնասվածքների պատճառով առաջացել է արյան սուր կորուստ, ինչի արդյունքում Ա. Ս.-ն մահացել է:
Դրանից հետո Ռոբերտը, ըստ մեղադրանքի, տիրացել է բնակարանում եղած 80 հազար դրամ կանխիկ գումարին ու 5 կտոր ոսկե զարդերին եւ դիմել է փախուստի:
Մեղադրողը դատարանում հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ամբաստանյալն իրեն մեղավոր չճանաչեց շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանության համար: Սկզբում նա ասաց, թե մասնակի է իրեն մեղավոր ճանաչում: «Ես եմ սպանել, մնացածում մեղավոր չեմ: Դիտավորյալ չեմ սպանել, ստացվել ա»:
Ամբաստանյալի շահերի պաշտպան Ս. Ասլանյանը պարզաբանեց, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր է ճանաչում “ըստ հետեւանքի”, այսինքն՝ որ մարմնական վնասվածքներ է պատճառել տուժողին, որոնց հետեւանքով կինը մահացել է:
Նախագահողը հայտնեց, որ 2014 թվականի նոյեմբերի18-ին մահացել է տուժողի իրավահաջորդ Ի. Ս.-ն: Դատարանը տուժողի իրավահաջորդ ճանաչեց վերջինիս որդուն:
Դատարանը, լսելով կողմերին ու ելնելով նրանից, որ ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, սահմանեց ապացույցների հետազոտման հետեւյալ կարգը. կհարցաքննվեն վկաները, կհրապարակվեն տուժողի հանգուցյալ իրավահաջորդի նախաքննական ցուցմունքները, կճշտվի տուժողի ներկա իրավահաջորդի դիրքորոշումը, կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները եւ կհարցաքննվի ամբաստանյալ Ռոբերտ Հ.-ն:
Դատարանը սկսեց վկաների հարցաքննությունը: Հարցաքննվեցին դատարան ներկայացած երկու վկաները:
Վկա Ռիտա Պ.-ն հայտնեց, որ ճանաչում է ամբաստանյալ Ռոբերտի ընկերուհի Մարինեին (անունը փոխված է): Այս գործով Մարինեն նույնպես վկա է, դատական այս նիստին նա չէր ներկայացել:
Վկա Ռիտան ասաց, որ Մարինեի ընկերուհին է: Մարինեն գնացել-եկել է իր տուն: Մարինեն է իրեն ծանոթացրել Ռոբերտի հետ: Ճիշտ է, Ռոբերտը վկայի թաղամասի բնակիչ է, վկայի դստեր տարիքի տղա, բայց մինչեւ Մարինեի ծանոթացնելը վկան Ռոբերտին չի ճանաչել ու չի բարեւել:
Վկան հայտնեց, թե դեպքի օրը՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ի ցերեկը, Մարինեն եկել է իր տուն: Նա անհանգիստ է եղել, ասել է, որ մայրիկի ճնշումը բարձր է: Վկայի տուն է գնացել նաեւ Մարինեի ընկերուհի Վ.-ն: Միասին սուրճ են խմել ու բաժանվել ժամը 18-ի սահմաններում:
Վկան ասաց, որ նախկինում մի քանի անգամ տեսել է տուժող Ա.-ին, ով նույնպես Մարինեի ընկերուհին էր:
Ինքը՝ վկա Ռիտան, Մարինեին 16 տարի առաջ է ճանաչել, հետո երկար ժամանակ չեն շփվել: Այդ ընթացքում Մարինեն հասցրել է երկրորդ երեխան ունենալ, ամուսնալուծվել:
Դեպքից մոտ մեկ տարի առաջ նա վարձով բնակություն է հաստատել Հերացի փողոցում՝ վկայի հարեւանությամբ: Այդ ժամանակից են ընկերություն արել վկան ու Մարինեն:
Դատարանի հարցին վկան պատասխանեց, թե իրենց խոսակցությունների ժամանակ Մարինեն ասել է, որ Ռոբերտի վերաբերյալ որոշում պիտի կայացնի, սխալ է իրենց հանդիպումը, քանի որ տարիքային մեծ անհամապատասխանություն կա, ինքն ուզում է, որ երիտասարդ Ռոբերտը գտնի երկրորդ կեսին, երջանիկ լինի:
Հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որը, վկայի հավաստիացմամբ՝ նա տվել էր իր կամքով, առանց ստիպողականության, եւ ասել էր միայն ճշմարտությունը:
Ըստ այդ ցուցմունքի՝ Մարինեն ընկերություն էր արել իրենից տարիքով շատ փոքր Ռոբերտի հետ: Վկան դատարանում անընդհատ կրկնում էր, որ ամբաստանյալ Ռոբերտը իր դստեր տարիքին է…
Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ դեպքի օրը Մարինեն, գտնվելով իր տանը, շատ անհանգիստ է եղել ու լարված: Նա ասել է, թե Ռոբերտն իր երեխայի տարիքին է: Ասել է նաեւ, թե մի օր առաջ ինքն ու Ռոբերտը վիճել են: Ռոբերտն իրեն ագրեսիվ է պահել: Սպառնացել է, որ եթե Մարինեն իր հետ չլինի՝ վնաս կտա իր կյանքին: Իսկ Ռոբերտի եղբայրը հանդիպել է Մարինեին ու պահանջել է, որ նա հանգիստ թողնի եղբորը:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: