Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին. իրավիճակը լիարժեք վերահսկվում է. Արցախի ԱԽ

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է Արցախի Պաշտպանության բանակի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով, այս մասին հայտարարություն է տարածել Արցախի անվտանգության խորհուրդը։
«Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետերի կիրառումը։
Շեշտում ենք, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։
Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին։
Հորդորում ենք բնակչությանը՝ զերծ մնալ խուճապային տրամադրություններից։ Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից», – ասված է Արցախի ԱԽ հայտարարությունում։