Անչափահաս աղջկան մոր գրկից “փախցնելուց”` քաշքշելով կոտրել են նրա քիթը. Ժամանակ
“Ժամանակը” գրում է. “Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Էդգար Մ.-ի ու նրա երեք բարեկամների գործի դատական քննությունը:
Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ:
Գեղարքունիքի մարզի 28-ամյա բնակիչ, զինծառայող, կոչումով շարքային Էդգարը, ըստ դատական ակտի, հորեղբոր հարսի՝ Մաշայի (անունը փոխված է) ծննդյան օրվա խնջույքի ժամանակ տեսել է նրա քեռու աղջկան՝ նույն մարզի անչափահաս՝ 1996 թվականի նոյեմբերի 22-ին ծնված Գեղեցիկին (անունը փոխված է) ու համակրել է առաջին իսկ հայացքից: 2014 թվականի հունվարից սկսած՝ Էդգարը բացահայտ սիրահետել է Գեղեցիկին, ցանկացել է ամուսնանալ նրա հետ, բայց աղջիկը նրան մշտապես մերժել է:
Էդգարն իր հասցեին գովեստի խոսքեր է փոխանցել Գեղեցիկին՝ վերջինիս հարազատների միջոցով, բայց՝ անօգուտ, աղջիկը չի գայթակղվել: Նա կտրականապես դեմ է եղել Էդգարի հետ ամուսնանալուն: Էդգարը «զենքերը վայր չի դրել»: Նա մի քանի բարեկամների հետ համաձայնության է եկել Գեղեցիկին ամուսնության նպատակով առևանգելու, այլ վայր տեղափոխելու շուրջ:
Այդ բարեկամների մեջ երկու կանայք են եղել՝ Էդգարի հորեղբոր կին Սառան (անունը փոխված է) և վերջինիս հարսը՝ Մաշան՝ Գեղեցիկի հորաքրոջ աղջիկը: Առևանգման խմբի չորրորդ անդամն է դարձել Էդգարի հորեղբոր փեսա Ա. Մ.-ն:
2014 թվականի փետրվարի 14-ին, ժամը 15-ի սահմաններում Էդգարի հորեղբոր հարս Մաշան, օգտվելով իր ու Գեղեցիկի բարեկամական կապից, հագուստ գնելու համար խանութ գնալու պատրվակով զանգել է Գեղեցիկին ու դուրս է կանչել:
Հեռախոսազրույցի ժամանակ Գեղեցիկը իր բարեկամուհուն մտավախություն է հայտնել, թե Էդգարը կարող է առևանգել իրեն: Մաշան հավաստիացրել է, թե այդպիսի բան չկա, Էդգարն էլ մարտական հերթապահության է մեկնել:
Հավատալով Մաշային՝ Գեղեցիկը դուրս է եկել տնից, նստել Ա. Մ.-ի մեքենայի հետևի նստատեղին՝ Մաշայի ու Սառայի մեջտեղում: Մաշան Գեղեցիկին է փոխանցել իր մանկահասակ երեխային՝ նրան լիովին զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից:
Երբ Գեղեցիկը մեքենա է նստել, Ա. Մ.-ն մեքենան վարել է ոչ թե հագուստի խանութի, այլ ուրիշ ուղղությամբ: Գեղեցիկը հայելու միջով նայել է վարորդի դեմքին, նկատել նրա ծիծաղը: Գեղեցիկը հարցրել է ծիծաղի պատճառը, և Ա. Մ.-ն պատասխանել է. «Հեսա դու էլ կիմանաս»: Իսկ Սառան՝ Էդգարի հորեղբոր կինը, չի դիմացել ու խաղաքարտերը բացել է Գեղեցիկի առաջ՝ ասելով. «Դու արդեն մեր հարսն ես»:
Գիտակցելով, որ Էդգարի հարազատներն իրեն առևանգում են, Գեղեցիկը պահանջել է կանգնեցնել մեքենան, բայց Ա. Մ.-ն շարունակել է ընթանալ”,- գրում է թերթը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: