Աշտարակում գները չափազանց թանկ են. Հրապարակ
“Հրապարակը” գրում է. “Պարզվում է՝ վարչապետի “կախարդական փայտիկի” զորությունը միայն մայրաքաղաքի մի քանի սուպերմարկետների վրա է տարածվել: Մարզերը դրանից դուրս են մնացել՝ մեծ մասամբ ոչ մի գների իջեցում էլ տեղի չի ունեցել: Հանրապետության տարբեր մարզերի քաղաքներից ահազանգեր ենք ստանում, որ իրենց մոտ գները բարձրացել են ու այլևս չեն իջել:
Երեկ էլ Աշտարակից եղավ հերթական ահազանգը: Աշտարակցիները նեղսրտած են, որ եթե որոշ բնակավայրերում ինչ-որ չափով գների իջեցում էլի հատուկենտ եղել է, ապա Աշտարակում ու դրա հարակից գյուղերում խայտառակ վիճակ է: Ամեն ինչի գինը չափազանց թանկ է:
Մարդիկ հատկապես բողոքում են ամենօրյա օգտագործման ապրանքների գներից, մասնավորապես՝ հացի, որ ստիպված են ամեն օր գնել: Հացի 1 կգ-ն Աշտարակում 70-100 դրամի չափով թանկացել է, 1 կգ լավաշն էլ՝ 100-150 դրամով: Աշտարակցիները դա պայմանավորում են նրանով, որ քաղաքում հաց արտադրող ընդամենը մի քանի ընկերություն կա, որոնք տարիներ շարունակ զավթել են ողջ շուկան ու մոնոպոլ դիրքով զարգացնում են իրենց բիզնեսը: Արդյունքում մրցակցություն չկա, ու նրանք էլ, առիթից օգտվելով, ինչ գին ուզում՝ կրակում են: Եվ եթե մյուս ապրանքները մայրաքաղաքից են բերում, և հնարավոր է որոշակի գնային ճկունություն ցուցաբերել, ապա հացը, սովորաբար, տեղում են արտադրում, և մարդիկ ճարահատյալ պիտի գնեն այն, ինչ իրենց առաջարկում են: Հացի համար ամեն օր չեն կարող հասնել մայրաքաղաք”,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։