Եվրանեսթի նիստին մասնակցող իշխանավորները որևէ կերպ չեն ներկայացնում ՀՀ քաղաքացիների տեսակետները». Բողոքի ակցիա՝ Երևանում
Երևանում եվրոպացի և ադրբեջանցի պատգամավորների այցի կապակցությամբ բողոքի ակցիա են իրականացնում հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ, զոհվածների հարազատներ։
«Ինձ մոտ կարծես դեժավյու լինի։ Տարիներ առաջ մենք էինք Բաքվում մասնակցում Եվրանեսթի նիստին, բայց մասնակցում էինք գլուխներս բարձր։ Միլի մեջլիսում ես բաժանել եմ գրքեր՝ ապացուցելու, որ երբ ադրբեջանցիները խոսում են Խոջալուի ցեղասպանության մասին, ստում են։ Բաքվում մենք մեզ հաղթած երկրի քաղաքացի ու պատգամավոր էինք զգում։ Այսօր այստեղ նստած են բայրաքթայրներով մեր որդիներին սպանածների ազգականները, հայրենակիցները», – հայտարարեց բողոքի ակցիայի մասնակից, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա ասաց, թե երբեք չի եղել ոչմիթիզականության կողմնակից, և դրա համար էլ այցելել է Բաքու ու հարցեր ուղղել ադրբեջանցիներին։
«Ադրբեջանի պատվիրակն այստեղ հերթական անգամ խեղաթյուրում էր ամենապարզ հարցերը։ Նա ասում էր, որ այլևս չկան ռազմագերիներ։ Եթե ես կարողանայի ներս մտնել, թքելու էի այդ ադրբեջանցի պատգամավորի ճակատին, որովհետև նա երիցս ստում է», – ասաց Նաիրա Զոհրաբյանը։