22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գաղտնի պայմանավորվածությունների վարպետները. «Փաստ»

Մի քանի ամսից կլրանա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման չորս տարին։ Պետք է ընդունել, որ չորս տարին ահռելի ժամանակահատված է՝ պետության զարգացման ուղղությամբ համապատասխան վստահության հիմքեր ներդնելու ու կառավարման համակարգում փոփոխություններ կատարելու տեսանկյունից։ Իրականում նրան նույնիսկ չորս տարի պետք չեղավ երկիրն ամբողջությամբ անդունդը տանելու համար: Այս իշխանությունների՝ իրենց գործունեությունն ընդգծելու հիմնական փաստարկներից մեկը այն է եղել, թե իրենք առավել բաց, թափանցիկ ու հաշվետու են ժողովրդի առաջ, քան ընդհանրապես որևիցե իշխանություն։ Եվ ամեն անգամ այս հանգամանքը հատուկ շեշտվել է Փաշինյանի կողմից։

Բայց թափանցիկության շահարկումը գրեթե միշտ շղարշի դեր է կատարել, քանի որ վերջում պարզվել է, որ իշխանությունները հանրությանն այլ պատկեր են ներկայացնում, իսկ իրականում դրա հակառակ գործընթացների մեջ են քողարկված ձևով ներգրավված։ Իսկ ավելի ճիշտ՝ նրանք մինչև ականջները խրված են հանրությունից գաղտնի պայմանավորվածությունների ճահճում։ Փաշինյանն ասում է, թե իր նախկին ու ներկա խոսքերի մեջ եղած հակասությունն այն է, որ այն ժամանակ չեն իմացել կամ չեն հասկացել: Կատարյալ մանիպուլ յացիա: Նա, իր թիմով հանդերձ, միշտ խաբել է, խաբում է ու խաբելու է: Գրեթե բոլոր հարցերում: Օրինակ՝ Փաշինյանը հանրությանը վստահեցնում էր, թե «Վեոլիա Ջրի» հետ պայմանավորվել են, որ մինչև 2024 թվականը ջրի գինը չի բարձրանա։

Բայց, ինչպես տեսնում եք, ջրի գինն արդեն իսկ բարձրացել է։ Եվ այստեղ է, որ հարց է ծագում՝ արդյո՞ք մինչև 2024 թվականը ջուրը չթանկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն իսկապես եղել է, թե՞ իշխանություններն այլ պայմանավորվածություն են ունեցել, բայց սկզբից բոլորովին ուրիշ պատկեր են ներկայացրել։ Բայց սա, իրոք, չարյաց փոքրագույնն է այն գլոբալ հարցերի հետ կապված, որոնց առումով իշխանությունները խաբել են ու քայլեր ձեռնարկել «հպարտ քաղաքացիների» թիկունքում: Ասենք՝ նրանք պատերազմից հետո, միմյանց հերթ չտալով, հավաստիացնում էին, թե Սյունիքն անվտանգ է, սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ Սյունյաց աշխարհը ոչ միայն անվտանգ չէ, այլև կոնկրետ սպառնալիքների առաջ է կանգնած։ Իսկ դրանից հետո տեղեկացանք, որ Փաշինյանն անձամբ է զորքերին հետ քաշվելու հրաման տվել։

Ավելին՝ ԱԺ-ում Փաշինյանը հայտարարում է, որ Սյունիքով անցնող ճանապարհի հարցում բանավոր պայմանավորվածություններ կան, սակայն որոշ ժամանակ անց նշում, որ որևէ բանավոր պայմանավորվածություն չի եղել։ Այս փաստերը ցույց են տալիս, թե որքանով են իշխանություններն անկեղծ, բաց ու թափանցիկ եղել հանրության նկատմամբ։ Հանրությանը մոլորեցնելու գործելակերպն ավելի ակնառու է դարձել հատկապես այն դեպքերում, երբ Հայաստանի արտաքին գործընկերներն ավելի ազնիվ են գտնվել մեր հանրությանը ճշմարտությունն ասելու տեսանկյունից, քան մեր իշխանավորները, որոնք ցանկացած առիթով ընդգծում են, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, իրենք ժողովրդի ձևավորած իշխանությունն են։

Օրինակ՝ տևական ժամանակ Փաշինյանն ու իր թիմը հավաստիացնում էին, թե Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի ընթացքում որևէ փաթեթ չեն քննարկում, այլ միայն փորձում են հասկանալ նախկինում եղած բանակցային պատմությունը և դրա զարգացման տրամաբանությունը։ Սակայն մեր հանրությունը ստիպված էր ՌԴ արտգործնախարար Լավրովից տեղեկանալ, որ սեղանին բանակցային փաթեթ է դրված, և իշխանությունները կոնկրետ քննարկումների մեջ են։ Այլապես ի՞նչ իմաստ պետք է ունենային Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների ու ղեկավարների երկարատև քննարկումները։ Բայց ամենացավալին այն է, որ մեր երկրին վերաբերող առանցքային հարցերի շուրջ մեր հանրությունը տեղեկանում է, ո՛չ ավել, ո՛չ պակաս, թշնամական երկրների պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններից։

Օրինակ՝ եթե Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն չհայտարարեր Թուրքիայի ու Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ բանագնացների նշանակման մտադրության մասին, մեր հասարակությունն այդպես էլ գուցե չտեղեկանար, որ նման մտադրություն կա, ու հանկարծ կհայտնվեր կատարված փաստի առաջ։ Եվ, ընդհանրապես, բազմաթիվ են այն դեպքերը, որ հանրության շրջանում որոշակի ակնկալիքներ են ձևավորվել, սակայն քաղաքացիները դրա հակառակ փաստի առաջ են կանգնել։

Հասկանալի է, որ այս իշխանությունները վաղուց արդեն վստահություն չեն ներշնչում հանրության տրամաբանող հատվածի շրջանում։ Սակայն, որքան էլ զարմանալի է, դեռևս կան հայրենակիցներ, որոնք չեն ուզում «կոտրն ընկնել», ընդունել իրականությունը, ընդունել, որ Նիկոլ Փաշինյանին իրենք պետք են միայն ընտրության համար, մնացած դեպքերում նա իրենց մասին հիշել անգամ չի ցանկանում: Բայց, անցյալի նախադեպերը հաշվի առնելով, նույնիսկ այս մարդկանց շրջանում պետք է լուրջ անհանգստությունների տեղիք տան վերջին շրջանում պտտվող տեղեկությունները նոր զիջումների առումով: Ի վերջո, արդեն համոզվել ենք, որ այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Նրանք թաքնված պայմանավորվածությունների վարպետներ են և ամեն ինչի ընդունակ՝ միայն թե մնան իրենց աթոռներին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ