Ադրբեջանցիները զենքի սպառնալիքով խաղողի այգիներից դուրս են հանել Արցախի Խրամորթ գյուղի բնակիչներին. համայնքի ղեկավար

Ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն, այսօր՝ փետրվարի 16–ին, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գտնվող խաղողի այգիներում զենքի սպառնալիքով խոչընդոտել են խաղաղ բնակիչների գյուղատնտեսական աշխատանքներին, «Արցախպրես»-ին հայտնել է Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։
«Մեր բնակիչներին արգելում են աշխատել, ադրբեջանցիները նրանց սպառնացել են և զգուշացրել, որ այլևս չգնան այդ տարածքներ։ Ներկա են եղել նաև ռուս խաղաղապահները։ Ադրբեջանցի զինվորականները մեր բնակիչներին զենքի ազդեցությամբ դուրս են հանել այգիներից, բայց կրակոց չի եղել»,– ասել է համայնքի ղեկավարը։
Նրա խոսքով՝ այդ այգիներում աշխատում են ոչ միայն Խրամորթի, այլև հարևան համայնքի բնակիչները։
«Մարդիկ օրվա հաց վաստակելու նպատակով գյուղատնտեսական տարբեր աշխատանքներով են զբաղվում, բայց ստացվում է այնպես, որ նրանց զրկում են իրենց եկամտի աղբյուրից»,– նշել է Զորիկ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ, Արցախի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, երեկ՝ փետրվարի 15-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Խրամորթի համայնքի վարչական տարածքում տրակտորով հերկ կատարող Խնապատ գյուղի բնակչի ուղղությամբ կրակոցներ են արձակվել, որի հետևանքով վնասվել է տրակտորի հետևի անվադողը: