«Ադրբեջանցիներն ուզում են Արցախի հայկականության հետքը ջնջել». Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Մի խումբ քաղաքացիներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա են իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով։
«Թեպետ արդեն Հաագայի դատարանի միջանկյալ վճիռ ունենք, որն Ադրբեջանին պարտավորեցնում է բացառել մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ որևէ գործողություն, սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ավելի գործողությունների է անցնում։ Եթե այսօր սրա դեմ չպայքարեցինք, ապա մենք կորցնելու ենք Արցախի հայկակականությունը, որովհետև ադրբեջանցիներն ուզում են Արցախի հայկականության հետքը ջնջել», – լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոնի» ներկայացուցիչ Գայանե Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ այս հարցում շատ անելիքներ ունեն ինչպես պաշտոնյաները, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչները և պարզապես քաղաքացիները։
Գայանե Աբրահամյանն ասաց,որ այսօր հանդիպելու են ՄԱԿ-ի նորանշանակ դեսպանի հետ՝ ներկայացնելու խնդիրները։