22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ջրվել է ոչ միայն 562 միլիոն դրամի գործը, այլև ՀՖՖ-ն Ռուբեն Հայրապետյանին պատկանող կազմակերպությանը պարտք է մնացել 84 միլիոն դրամ. փաստաբան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն այսօր հրավիրած ասուլիսում ուշագրավ դրվագներ ներկայացրեց Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի վերջին զարգացումներից:

Փաստաբանը մինչ բացահայտումները՝ հիշեցրեց 2019 թ. վերջից Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի դեմ ոստիկանության «սանձազերծած արշավի», խուզարկությունների մասին:

«2019 թվականին սանձազերծվեց մի արշավ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի նկատամամբ, և ՀՀ ոստիկանությունը բոլոր հնարավոր եղանակներով, ամբողջ լրատվական դաշտով տարածեց տեղեկություններ, թե իբրև Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ իրականացվել է 562 միլիոն դրամի յուրացման գործընթաց, որն արտահայտվել է իբրև թե Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ընկերության կողմից շինարարական աշխատանքների կատարման ընթացքում»,- նշեց Ամրամ Մակինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ խուզարկություններից հետո արգելադրվել է Ռուբեն Հայրապետյանի ամբողջ գույքը, որպես մեղադրյալ են ներգրավվել «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ՓԲԸ տնօրեն Վահագն Դավթյանը, շինարարական աշխատանքների կատարման ընթացքում որպես տեխնիկական աշխատանքների նկատմամբ որոշակի տեխնիակական գործառույթներ իրականացնող անձ Կարեն Մկրտչյանը, Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

«Կարեն Մկրտչյանն այս գործողությունների հետևանքով շուրջ մեկ ամիս գտնվեց անազատության մեջ, Վահագն Դավթյանի նկատմամբ կարողացան հասնել նրան, որ կիրառվեց ավելի մեղմ խափանման միջոց՝ գրավ, թեև Վահագն Դավթյանը ձերբակալվել էր, և մինչ օրս արդեն երկու տարի է՝ անձանց իրավունքները փաստացի սահմանափակված են:

Զավեշտը նաև նրանում է, որ, երբ Վահագն Դավթյանի գործով դատական նիստի օրը որոշվել էր, Վահագն Դավթյանն իր փաստաբանների հետ միասին ներկայացել էր Երևանի Կենտրոն համայնքի դատարան, և ոստիկանության աշխատակիցները դատարանի դիմացից (երբ անձը ցանկանում է գնալ իր դատական նիստին մասնակցելու) բերման են ենթարկել Վահագն Դավթյանին, ձեռնաշղթաները հագցրած՝ նրան նորից բերել են դատարան:

Էս ամբողջ մասկի-շոուն բոլորս հիշում ենք: Բոլորս հիշում ենք, թե ինչեր իրականացվեցին,- ասաց նա՝ հիշեցնելով, որ քրեական գործը հարուցվել է 2019 թվականի դեկտեմբերի 12-ին, հարուցման նախաձեռնողը ՀՀ ոստիկանությունն է՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության դեմքով,- Երբ քրեական գործն արդեն ուղարկվեց Քննչական կոմիտե, երեք անձի որպես մեղադրյալ ներգրավեցին, մենք էլ չհասկացանք, թե ինչ հաշվարկների հիման վրա, բայց ամեն դեպքում՝ 100 միլիոն դրամ ավելի պակաս գումարով՝ 413 միլիոն դրամ մեղսագրվեց, և մինչ օրս այս մեղադրանքը պահպանվում է առնվազն երեք անձի նկատմամբ»:

«Թե՛ ես, թե՛ Ռուբեն Հայրապետյանը տարբեր առիթներով երկու տարի հրապարակային հայտարարել ենք, որ՝ դո՛ւք, հարգելի իրավապահ համակարգ՝ ի դեմս մեր ոստիկանության, գնում եք մի տեղ, որտեղից դուրս եք գալու խայտառակ պարտված: Ինչո՞ւ. որովհետև մենք գիտեինք՝ այդ շինարարական աշխատանքները ոչ թե կատարվել են չարաշահումներով, այլ կատարվել են ավել, և նաև այդ փորձաքննությունը, որ նախաձեռնվել էր երկու տարի առաջ, ֆիքսելու էր այդ ավել կատարած աշխատանքները: Այդ կապակցությամբ մենք բազմաթիվ գրություններ ունենք՝ ուղղված քննիչին:

Եվ երկու տարի հետո, երեկ մեզ պաշտոնապես ներկայացվեց փորձագետի եզրակացությունը: Ու այս փաստաթղթով ի՞նչ է հաստատվում՝ որ այս երկու տարվա գործողությունները, որոնք իրականացվել են այս մարդկանց նկատմամբ, Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, ամբողջությամբ քարուքանդ են եղել: Ինչո՞ւ. որովհետև փորձագետներն արձանագրել են, որ այս պահի դրությամբ Ֆուտբոլի ֆեդերացիան Ռուբեն Հայրապետյանին պատկանող կազմակերպությանը դեռևս պետք է վճարի 84 միլիոն 325 հազար դրամ»,- հավելեց Ամրամ Մակինյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե՝ «փաստորեն ոչ միայն ջրվել է գործը, այլև պա՞րտք են մնացել», փաստաբանն արձագանքեց. «Ավելի պարզ ասեմ. ոչ միայն ջրվել է 562 միլիոն դրամի գործը, այլև պարտք են մնացել 84 միլիոն դրամ, այսինքն՝ այս ապացույցով ՔԿ-ն փաստել է, որ այս քրեական գործը երբ հարուցվել է ոստիկանության կողմից, ի սկզբանե եղել է փուչիկ մեղադրանք, ինչի մասին մենք ասում էինք»:

Ռուբեն Հայրապետյանի պաշտպանը համոզված է՝ այս քրեական գործի ճակատագրին արժանանալու են նաև այն բոլոր քրեական գործերը, որոնք դրանից հետո ՀՀ ոստիկանությունն «օրը մեջ ռեժիմով» հարուցում էր Ռուբեն Հայրապետյանի և նրա մերձավորների նկատմամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ