“Հովսեփ, վիզս կոտրում ես, թող վիզս, ըտենց բան մի արա…”. Ժամանակ
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Հովսեփ Ա.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը: Մանրամասներին անդրադառնում է “Ժամանակ”-ը:
Ըստ դատական ակտի՝ 37-ամյա Հովսեփը 2014 թվականի հունվարի 20-ին Նոր Արեշում գործող “G Hotel” հյուրանոցային համալիրի 3-րդ առանձնասենյակում ոգելից խմիչք օգտագործած վիճակում բռնություն գործադրելով, դանակի գործադրման սպառնալիքով փորձել է իր նախկին կնոջ կամքին հակառակ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Հովսեփը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Հովսեփն ու Ազնիվը (անունը փոխված է) ամուսիններ են եղել ու համատեղ տնտեսություն են վարել 2002-ից մինչեւ 2008 թվականը: Նրանք համատեղ ամուսնությունից անչափահաս երեխա ունեն: Մեղսագրված արարքի համար Հովսեփը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Նախաքննության ժամանակ Հովսեփն ասել է, թե 2008 թվականին կնոջ հոգեկան խնդիրների պատճառով ամուսնալուծվել են:
Բայց ամուսնալուծությունից հետո ինքը շարունակել է կապ ունենալ կնոջ հետ, ”շատ անգամներ հանդիպել են հիմնականում հյուրանոցներում, այդ հանդիպումների ժամանակ գրեթե միշտ սեռական հարաբերություն են ունեցել”:
Դեպքի օրը՝ 2014 թվականի հունվարի 20-ին, Ազնիվի հետ գնացել են հյուրանոց՝ գիշերն այնտեղ անցկացնելու մտադրությամբ: Հյուրանոցում նախկին կնոջն ասել է, թե նրան կասկածում է դավաճանության համար: Հարցի շուրջ խոսակցությունը վերաճել է վեճի. քաշքշել ու հայհոյել է Ազնիվին: Վերջինս էլ հեռացել է հյուրանոցից:
Ազնիվի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների փորձ չի կատարել, չի պարտադրել, որ նա իր հետ սեռական հարաբերություն ունենա, դանակով նրան չի սպառնացել:
Դատարանում Հովսեփն ասել է, թե ինքն ու Ազնիվը ցանկանում են տուն վարձել, նորմալ, որպես ընտանիք՝ ապրել իրենց երեխայի հետ միասին: Նա խնդրել է մեղմ վարվել իր հետ:
Տուժող կինը դատարանում հայտնել է, թե իր ու Հովսեփի հարաբերությունները միշտ լավ են եղել, իրենք հաճախակի են հանդիպել նույն հյուրանոցում: Դեպքի օրը պարզապես վեճ է եղել խանդի հողի վրա: Ըստ տուժողի՝ ինքը հոգեմետ դեղեր է խմում, իսկ դեպքի օրը չի խմել, եւ իր ինքնազգացողությունը վատացել է, դրա համար է նախաքննական սխալ ցուցմունք տվել:
Իրականում Հովսեփը իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ չի կատարել: Պարզապես ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ, բայց ինքը չի համաձայնել: Դեպքից որոշ ժամանակ անցնելուց հետո, երբ ”սթափ վերլուծել է” կատարվածը, հասկացել է, որ Հովսեփն իր նկատմամբ անօրինական գործողություն չի կատարել: Ինքը Հովսեփին պահանջ չի ներկայացնում, խնդրում է, որ դատարանը մեղմ վարվի նրա հետ:
Նախաքննական ցուցմունքում Ազնիվն ասել է, թե Հովսեփի հետ սկզբից էլ անհաշտ են եղել: Նա հաճախ է ոգելից խմիչք օգտագործել, չնչին պատճառներով վիճել է, հարվածներ հասցրել: Դրա համար են ամուսնալուծվել: Մոտ երկու տարի Հովսեփն իրեն չի զանգահարել, իրենք որեւէ առնչություն չեն ունեցել: Բայց հետո ժամանակ առ ժամանակ հանդիպել են՝ հիմնականում՝ հյուրանոցներում:
Դեպքի վայր հյուրանոցում եղել են նաեւ դեպքին նախորդող երկու հանդիպումների ժամանակ, գիշերել են այնտեղ: Դեպքի օրը հանդիպել են, որ խոսեն ու վերջնականապես որոշեն իրենց անելիքները: Հովսեփը եկել է իր մեքենայով: Խանութից գնել է օղի, քաղցրավենիք:
Հյուրանոցի սենյակում Հովսեփն օղի է խմել ու հարցրել, թե ինքը վերջին հինգ տարիներին ուրիշ տղամարդու հետ եղե՞լ է: Ինքն ասել է՝ չէ, բայց Հովսեփը չի հավատացել, հայհոյել է, իրենք սկսել են վիճել: Ինքը Հովսեփին հարցրել է՝ գիշերը մնալո՞ւ են հյուրանոցում, նա ասել է՝ հա: Ինքը չի ցանկացել, բայց գիտակցել է, որ հակաճառելու դեպքում “լավ ավարտ չի ունենա”:
Զանգել է մորն ու ասել է, որ Հովսեփի հետ է, գիշերը մնալու է հյուրանոցում: Մայրը գիտեր, թե որ հյուրանոցում են իրենք հանդիպում: Մոր հետ խոսակցությունից հետո Հովսեփը կոպիտ կերպով հանել է իր շորերը, ինքը դիմադրել է: Հովսեփի հեռախոսին զանգ է եկել, մինչ նա զբաղվել է հեռախոսով, հայհոյել է, ինքը հագնվել ու փորձել է հեռանալ: Բայց Հովսեփը բռնել է:
Երկու անգամ ապտակել է, հայհոյել: Ինքը խնդրել է, որ թույլ տա՝ լողանա: Մտածել է՝ այդ ընթացքում Հովսեփը կարող է խմիչքի ազդեցության տակ լինելով՝ քնել:
Բայց երբ մտել է լողանալու, Հովսեփն էլ է եկել իր հետեւից…
Այնտեղ ինքը դիմադրել է, Հովսեփն ընկել է գետնին:
Ինքն օգնել է նրան, որ վեր կենա, պառկեցրել է մահճակալին: Բայց նա նորից սկսել է ստիպել, որ սեռական հարաբերություն ունենան: Հարվածներ է հասցրել իրեն, քաշել է մազերից, սեղանի վրայից վերցրել է դանակն ու սպառնացել է, փորձել է ստիպել, որ ոչ ավանդական եղանակով հարաբերություն ունենան: Ինքը շարունակել է դիմադրել:
Այդ ժամանակ սենյակի հեռախոսը զանգել է: Հովսեփին ասել են, որ իր մայրը եկել, իրեն է կանչում: Իրենք սկսել են հագնվել: Եկել է հյուրանոցի աշխատակցուհին: Երբ Հովսեփը բացել է դուռը, ինքը լաց էր լինում:
Դուրս է եկել աշխատողի հետեւից, տեսել է մորը ու նրա հետ գնացել է տուն: Վատ է զգացել: Հաջորդ օրը դիմել է ոստիկանություն:
Ազնիվի մայրը հայտնել է, որ դստեր գնալուց որոշ ժամանակ հետո իրենց տան հեռախոսին զանգ է եկել: Ինքը վերցրել է հեռախոսը, լսել է տղամարդու ձայն, որ հայհոյում էր, հետո լսել է դստեր ձայնը. “Հովսեփ, վիզս կոտրում ես, թող վիզս, ըտենց բան մի արա”:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: