15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երիտասարդները կոչ են անում չհարստացնել մի երկրի բյուջեն, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը

Դեկտեմբերի 22-ին «Բարձրաձայնում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Ո´չ Թուրքիայում հանգստին» խորագրով ակցիան, որի ընթացքում մի խումբ երիտասարդներ անցորդներին կոչ արեցին չմեկնել Թուրքիա հանգստի։ Ակցիային միացան երիտասարդներ, ուսանողներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, դպրոցականներ։ Վերջիններս լուսանկարվեցին հատուկ պաստառի մոտ։ Այդ լուսանկարները հետագայում կտեղադրվեն «Բարձրաձայնում» ֆեյսբուքյան էջում:

«Բարձրաձայնում» ծրագիրը կազմակերպել է «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն՝ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմինե Բարսեղյանը տեղեկացրեց, որ մեկ ամիս շարունակ իրենց կազմակերպության անդամներն ու կամավորները «Ո´չ Թուրքիայում հանգստին» կոչով այցելել են ավելի քան 60 տուրիստական գործակալություն՝ դրանց աշխատակիցներին կոչ անելով նվազագույնի հասցնել Թուրքիա հանգստի և ժամանցի նպատակով մեկնողներին տրամադրվող փաթեթների վաճառքը: Կազմակերպիչները «Ո´չ Թուրքիայում հանգստին» կոչը պարունակող կպչուն պաստառներ են փակցրել 20 բուհում, Երևանի բանուկ վայրերում, Արարատի, Վայոց ձորի և Շիրակի մարզերում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, որ մասնակցում էր ակցիային, նշեց, որ երբեք հանգստի չի մեկնել Թուրքիա և իր հարազատներին, ընկերներին ևս հորդորում է ձեռնպահ մնալ նման քայլից։ Կարեն Ավագյանը նկատում է, որ նման ակցիաները պետք է լինեն մշտապես, ծրագրված, որպեսզի մարդկանց գիտակցության մեջ ամրապնդվի, որ պետք չէ գնալ մի երկիր հանգստանալու, որը ժամանակին իրականացրել է հայերի ցեղասպանություն և մինչ օրս չի ընդունում այդ փաստը։ Պարոն Ավագյանն ընդգծեց նաև, որ երիտասարդական հիմնադրամն ամեն ինչ անելու է, որպեսզի հնարավորինս շատ կազմակերպություններ և երիտասարդներ կարողանան իրենց մասնակցությունը բերել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։

«Շարմ հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը նույնպես միացավ ակցիային։ Նա նույնպես երբեք չի հանգստացել Թուրքիայում, ընդամենը մեկ անգամ է եղել այդ երկրում՝ մասնակցելով Ստամբուլում կազմակերպված աշխատանքային սեմինարի։ Պատմում է, որ բացասական էներգիա կա Թուրքիայում, որը խանգարում է իրեն։ Բացի այդ, ըստ Կարեն Ղազարյանի, այն փաստը, որ Թուրքիան դեռևս չի ընդունում, որ իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, հնարավորություն է տալիս կարծելու, որ նման քայլերը կարող է շարունակել։ Եվ տրամաբանական չէ վաստակած գումարը տանել-թողնել մի երկրում, որը գուցե հետագայում օգտագործվի մեր դեմ։

«Բարձրաձայնում»  ծրագրի շրջանակներում անցկացվել են դասախոսություններ, 180-ից ավելի ուսանողներ ստացել են պատմաբանների և մշակութաբանի կողմից մշակված ու համակարգված գիտելիքներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ:


KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ