25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կայացավ ՀԵՀԵՄ Ռուսաստան և ԱՊՀ տարածաշրջանային ֆորումը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սույն թվականի փետրվար 4–7-ը տեղի ունեցավ Հայ  Եկեղեցու Համաշխարհային  Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Ռուսաստան և ԱՊՀ տարածաշրջանային ֆորումը։ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հրավերով ֆորումը համախմբել էր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, ինչպես նաև Հարավային Ռուսաստանի թեմերի և ԱՊՀ այլ երկրների շուրջ հինգ տասնյակ ակտիվիստ երիտասարդների:

Ֆորումի բացման հանդիսավոր արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա հյուընկալ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մովսես Արքեպիսկոպոս Մովսիսյանն ընթերցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնաբեր ուղերձն ուղղված երիտասարդներին։ Հնչեց նաև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի տեսաուղերձը, իսկ Թեմակալ Առաջնորդի բարիգալստյան խոսքից հետո ծրագրային մասի բացումը ազդարարեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Երիտասարդական   աշխատանքի  փորձագետ,  ՀԵՀԵՄ  գրասենյակի   Հասարակական  կառույցների գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը ներկայացրեց ֆորումի հիմնական անելիքները:

«Երիտասարդը նվեր է Եկեղեցուն, և Եկեղեցին նվեր է երիտասարդին» բանախոսությամբ հանդես եկավ Թովմա վարդապետ Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀԵՀԵՄ-ի առաքելությանը, տարածաշրջանային կառուցվածքին  և փոփոխություններին, ներքին և արտաքին համագործակցություններին, ինչպես նաև հոգևոր–երիտասարդական ծրագրերին։ Անգելինա Ալեքսանյանն իր հերթին անդրադարձավ երիտասարդական քրիստոնեական աշխատանքի էությանը, նպատակներին և խնդիրներին:

Ֆորումը հարուստ էր թրեյնինգներով և աշխատարաններով։ «World Café» ֆասիլիտացիոն մեթոդով մեկնարկած աշխատարաններում երիտասարդները համապատասխան հարցաշարի և քննարկման միջոցով վերհանեցին առկա խնդիրները, կատարեցին երիտասարդական կարիքների գնահատում, ապա քննարկեցին դրանց լուծման ուղիները՝ ներկայացնելով իրենց առաջարկները։ Բոլոր արձանագրությունները ենթակա են մշակման՝ հետագայում վերածվելով ՀԵՀԵՄ երիտասարդական ուղեցույցի։

«Աստվածաշունչը և երիտասարդը» թեմայով բանախոսեց Մինվոդիի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկազուն քահանա Սահակյանը։

«Գաղափարի գեներացում. ծրագրի ստեղծում» դասընթացի շրջանակներում խոսվեց երիտասարդական ծրագրերի, կենսունակ գաղափարների գեներացման և դրանց իրականացման  եղանակների մասին։

Համաժողովականները  Կիսլովոդսկի Սուրբ Վարդան հայկական եկեղեցում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին ՝ մատուցված ձեռամբ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանի։ Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի Հոգեհանգստյան կարգ կատարվեց՝ ի հիշատակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգելույս Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի։

Ֆորումի ավարտին մասնակիցներին և կազմակերպիչներին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից շնորհվեցին երախտագրեր, շնորհակալագրեր ու մասնակցության վկայականներ, ինչպես նաև՝ «Երիտասարդի աղոթագիրք» ու «Հայրապետական խոսքեր եւ պատգամներ հայ երիտասարդին» գրքույկները։ Երիտասարդները պայմանավորվեցին հանդիպել Հայրենիքում՝ հուլիսի 6–10-ը տեղի ունենալիք ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության շրջանակներում:

ՀԵՀԵՄ-ն ունի ութ տարածաշրջան՝ Հայաստան, Ռուսաստան և ԱՊՀ երկրներ, Եվրոպա, Հարավային Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա, Հնդկաստան և Ծայրագույն Արևելք, Ավստրալիա և Նոր Զելանդիա: ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումները եկեղեցասեր երիտասարդներին հնարավորություն են ընձեռում համատեղ գնահատելու երիտասարդների կարիքները, սահմանելու քրիստոնեական երիտասարդական աշխատանքի ձևերը և մշակելու տեղի երիտասարդությանը հոգևոր–եկեղեցական կյանքին ներգրավելու մեխանիզմները։ Տարածաշրջանային ֆորումները երիտասարդների համար նաև միմյանց ավելի լավ ճանաչելու, միասին աշխատելու, փորձի փոխանակման, երկխոսության և համագործակցության կարևոր հարթակ են և միջթեմական ամուր կապերի հաստատման կենսունակ գործիք։    

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ 

www.hehem.am  

[email protected] 

Հեռ. +374 43 711700   

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ