108 դպրոց դիմել է նախարարություն դասընթացներն ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար
Համաճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան, այս մասին նշեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
«Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: Այսինքն՝ ոչ բոլոր դասարանները հեռավար դասընթաց կունենան: Դպրոցները դիմել են տարբեր ժամկետներով դասընթացները հեռավար անցկացնելու համար: Կան դպրոցներ, որ դիմել են երկու շաբաթվա համար, կան դպրոցներ՝ մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա: Հեռավար դասընթացի համար ամենաշատ դպրոցները դիմել են Երևանից: Կան դպրոցներ նաև մյուս մարզերից Վայոց ձոր, Արմավիր Շիրակ, Տավուշ և այլն», – պարզաբանեցին նախարարությունից:
Դպրոցներն ամբողջությամբ հեռավար ուսուցման անցնում են, եթե աշխատակազմի ու աշակերտների 10 տոկոսի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Մնացած դեպքերում հեռավար դասընթացի անցնում են մասնակի: