16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության հարցում պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումն անփոփոխ է. կարգավիճակ և սահմաններ. Արցախի ԱԳ նախարար

Երբ խոսում ենք ադրբեջանաղարաբաղյան հակամարտության մասին, կա երկու հարց՝ կարգավիճակն է և սահմանները։ Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումը գրեթե անփոփոխ է՝ ինչ տարիներ առաջ էր, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Մենք ի սկզբանե ասել ենք հետևյալը, որ նախևառաջ բացառում ենք Արցախի ենթակայությունը Ադրբեջանին՝ ինչպիսի կարգավիճակով էլ ուզում է լինի։ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եթե նման բան լինի, ուրեմն Արցախ չի լինելու։

Մենք միշտ ասել ենք, որ հարցը պետք է կարգավորվի փաթեթային տարբերակով, այսինքն՝ բոլոր հարցերը կարգավորվեն միաժամանակ։ Ադրբեջանն առաջ էր քաշում փուլային տարբերակը։ Բայց իրենց փուլային տարբերակը տարբերվում էր նույնիսկ մեր կողմից առաջարկած որոշ փուլային բաղադրիչներից։ Օրինակ, իրենք ասում էին, որ պետք է վերականգնվի, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչ-որ շրջաններ էին ուզում որպես առաջին փուլ։ Մենք էլ ասում էինք՝ եթե փուլային եք ուզում, ապա սկզբում ճանաչեք մեր անկախությունը։ Բնական է, որ չեն գնացել դրան», – ներկայացրեց նախարարը։

Բաբայանն ասաց, որ կարևոր խնդիր է նաև փախստականների հարցը, որտեղ Արցախի պատկերացումը չի փոխվել։

 

«Մենք երբեք չենք հրաժարվել փախստականների հարցը քննարկելուց, բայց ունենք հետևյալ մոտեցումը. առանց բոլոր քաղաքական հարցերի լուծման չի կարող խոսք լինել փախստականների մասին։ Սա նշանակում է, որ պետք է կարգավորվեն բոլոր քաղաքական հարցերը. սահմանների, կարգավիճակի հարցը։ Եթե, օրինակ, փախստականը վերադառնում է Արցախ, ճանաչո՞ւմ է ինքը Արցախի Հանրապետությունը, վերադառնո՞ւմ է որպես ԱՀ քաղաքացի, թե ոչ։ Եվ երկրորդ կարևորագույն հարց է, որ վերադարձը կարող է լինել միմիայն հայելային, այսինքն՝ հայերը վերադառնան նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածք՝ Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ, եթե չեն վերադառնում՝ մենք չենք կարող միակողմանի այդ հարցը քննարկել», – ներկայացրեց Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ Ադրբեջանը չի ուզում դրան գնալ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ասում է՝ ոչ մի հայ չի վերադառնալու, իսկ իրենք պետք է վերադառնան ոչ թե մարդկանց զգացմունքները հարգելու համար, այլ որպեսզի ժողովրդագրական առումով Ղարաբաղը կլանեն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ