19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էս մարդուն մենք մի հարց ունենք տալու՝ ե՞րբ ես թողնելու գնաս, որ մեր երկիրը փրկվի. Արթուր Վանեցյան. «Հրապարակ»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը «Հրապարակ» թերթին հարցազրույց է տվել։

– Պարո՛ն Վանեցյան, որոշել եք այս տարի ավելի ակտի՞վ լինել եւ գալ նիստերին՝ անցյալ տարի գրեթե չէիք մասնակցում։

– Ես պասիվ չեմ, ես նիստերին մասնակցում եմ, բոլոր նիստերին մասնակցել եմ: Ես չեմ մասնակցում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին, որովհետեւ չեմ ուզում ներկա գտնվել մի միջոցառման, երբ Նիկոլ Փաշինյանն ամբիոնից ինչ ուզում՝ խոսում է, եւ որեւէ կերպ չես կարողանում նրան հակադարձել։ Ազգային ժողովի նիստերի վարման կարգն է այդպիսին, նիստը վարողն ինքն է որոշում՝ ինձ ձայնի իրավունքից զրկի, Նիկոլ Փաշինյանին թողնի երկար խոսել՝ խախտելով ժամանակային սահմանափակումը, եւ, ի վերջո, վերջին խոսքը մնում է նրանը։ Նա էլ ինչ անպատասխանատու հայտարարություն ուզում՝ անում է։ Ես չեմ ուզում էդ ամեն ինչին մաս դառնալ։ Էս մարդուն մենք մի հարց ունենք տալու՝ ե՞րբ ես թողնելու գնաս, որ մեր երկիրը փրկվի։

– Իսկ ինչո՞ւ չեք տալիս այդ հարցը։

– Էդ հարցը բազմիցս ենք տվել, էդ մարդն իր բոլոր գործողություններով մի բան է անում միայն՝ իշխանություն է պահում։

– Դա միայն Ձե՞ր անունից եք ասում, թե՞ ձեր խմբակցության։

– Չէ, եթե Դուք նկատել եք, մեր  ֆրակցիայի գրեթե բոլոր պատգամավորները շատ ակտիվ մասնակցում են հարցուպատասխանին: Դա իմ անձնական որոշումն է, որ ես չեմ ուզում ուղղակի մտնել իր օրակարգի մեջ։

– Բայց կարող են ասել՝ Դուք ֆրակցիայի ղեկավար եք, բա որ Նիկոլ Փաշինյանը մի թթու խոսք ասի ձեր թիմակիցների հասցեին, կամ «ուսապարկերը» բռունցքներով կրկին հարձակվեն, բա Դուք այնտեղ չլինե՞ք, որ պաշտպանեք։

– Ես էստեղ՝ շենքում եմ լինում, եւ եթե նման բան լինի, հավատացեք, անմիջապես կհայտնվեմ դահլիճում։ Էնպես չի, որ ես Ազգային ժողովի շենքում չեմ լինում։

– Ասում եք՝ մեկ նպատակ ունեք, թե երբ է Փաշինյանը հեռանալու, բայց նա չի հեռանում, ու կարծես ընդդիմության գոյությունն էլ նպաստում է դրան։ Հիմա իմաստը ո՞րն է մանդատները պահելու եւ պատգամավոր աշխատելու։

– Ձեր հարցի մեջ կա ուղղակի կամ անուղղակի մեղադրանք ընդդիմությանը, որ ընդդիմությունը չի կատարում իր հիմնական պահանջը, որ արդեն երկար ժամանակ կա օրակարգում, դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից։ Ես պատերազմից հետո, նաեւ պատերազմից առաջ, եթե Դուք հիշում եք՝ դեռեւս 2019 թ․ սեպտեմբերից, ամեն կերպ փորձում եմ անել այն քայլերը, որը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։

Երբ որ մենք փողոցում պայքարում էինք, երբ որ մենք տուն չէինք գնում, երբ որ մենք փորձում էինք ժողովրդին բացատրել, որ էս իշխանության յուրաքանչյուր օր ավել մնալը բերելու է մեր երկրի կործանմանը, էդ ժամանակ էլ էին մեզ քննադատում, թե «ի՞նչ եք անում, ի՞նչ եք ուզում, թողեք՝ թող էդ մարդն աշխատի»։ Հիմա էլ են քննադատում։ Քննադատությունն ընդունելի է, որովհետեւ մենք ենք քաղաքական գործիչները, քաղաքական կառույցները, մենք ենք քաղաքական այն ուժերը, որոնք այսօր ստանձնել են այդ պատասխանատվությունը՝ սրանց հեռացնելու։ Բայց դրա համար պետք է ժամանակ, պետք է համակարգված աշխատանք, պետք է հասունանա այդ պահը, որ հասարակությունը ոտքի կանգնի եւ դուրս շպրտի սրանց իշխանությունից։

Հիմա մենք պետք է շարունակենք աշխատել մեր հասարակության, մեր ժողովրդի հետ։ Հավատացեք, իշխանության ձայները ընտրություններից հետո բավականին նվազել են։ Ես չեմ ասում, որ ընդդիմության ձայներն ավելացել են, բայց իշխանության ձայները նվազել են։ Մենք այսօր ականատես ենք լինում մի խայտառակ իրավիճակի, երբ Հայաստանից ընտանիքներով արտագաղթում են։ Միայն 2021 թ․ պաշտոնական տվյալներով՝ 100 հազարից ավելի մարդ մեկնել է Հայաստանից եւ այլեւս չի վերադարձել։

– Գնացողների մի մասը գուցե ընդդիմության հետ հույս կապած մարդիկ են, որոնք հիասթափվել են նաեւ ձեզնից եւ արտագաղթում են։

– Ես կարող եմ ասել, որ էն մարդիկ, ովքեր ընդդիմության կողմնակիցներն են, փորձում են էլի պայքարել, շարունակում են իրենց պայքարը, եւ ես շատ դեպքերում ականատես եմ լինում, որ Նիկոլ Փաշինյանի ընտրողներն են լքում երկիրը։

– Տպավորություն է, թե ընդդիմությունն ԱԺ-ում ընդամենը փորձում է արդարացնել իր մանդատները՝ պարբերաբար Փաշինյանին «կապիտուլյանտ» անվանելով կամ, ասենք, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի «հերոսական» դրվագները հիշեցնելով։ Ընդդիմության ֆունկցիան ո՞րն է, եթե ասում եք՝ իրեն չեք կարողանում ո՛չ հակադարձել, ո՛չ հեռացնել, արձագանքելիս կոշտ պատասխանի եք արժանանում, մարդիկ էլ փողոց դուրս չեն գալիս, որ հեռացնեն։

– Էլի Ձեր հարցի ձեւակերպման հետ համաձայն չեմ։ Ես չեմ ասում՝ ինքը կոշտ արձագանքում է, մենք էլ վախենում ենք պատասխանելուց։ Նման բան չկա։ Ես ուղղակի ասում եմ՝ էդ մարդն անպատասխանատու հայտարարություններ է անում եւ օգտագործելով էս ամբիոնը եւ իր անպատժելիությունը՝ ինքը հասարակության վրա փորձում է թողնել ազդեցություն, որ ինքն ամեն ինչ ճիշտ է անում՝ սաղ էս ընդդիմությունն է մեղավոր։ Երկրի թիվ մեկ պատասխանատուն` անվտանգության, տնտեսության, դեմոգրաֆիկ խնդիրների, արտագաղթի, կրում է իշխանությունը, ընդդիմությունը դրա պատասխանատուն չէ։

– Բայց ընդդիմությունն է խոստացել, որ պիտի հեռացնի սրանց եւ ինքը գա իշխանության։

– Հասկացանք, բայց եթե մենք ընտրությունների արդյունքում ունեցանք 660 հազար ՀՀ քաղաքացի, որոնք ձայն տվեցին Նիկոլ Փաշինյանին․․․

– Մեծ մասը՝ ի հեճուկս ընդդիմության, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, մի մասն էլ գուցե Ձեզ չէր սիրում։

– Ես համաձայն չեմ Ձեր գնահատականների հետ։ Քաղաքականությունը սիրել-չսիրելու հարց չի քննարկում։ Ուզում է՝ սիրեն, ուզում է՝ չսիրեն, դա կարեւոր չէ։ Մարդիկ պետք է հասկանան՝ ի վերջո, մարդն ի վիճակի՞ է լինել պատասխանատու եւ կառավարել երկիրը։ Էսօրվա իշխանության մեջ գտնվող մարդիկ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, էն մարդիկ, որ ձայն են տվել իրենց, եկեք մի հատ հարցնենք՝ եթե մեջները կան գործարարներ, սրանցից մեկին կտանեի՞ն իրենց բիզնեսում մի պաշտոն վստահեին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ