Հայ երիտասարդությունը չի հանդուրժում և չի համակերպվել այսօրվա իրականության հետ
Հունվարի 16-ին տեղի ունեցավ «Համահայկական երիտասարդական դմադրություն» շարժման առցանց ընդհանուր հավաքը, որին մասնակցեցին 20 երկրներից շարժմանը միացած 70-ից ավել երիտասարդական կազմակերպություններ՝ շուրջ 115 ներկայացուցիչներով։
ՀՅԴ-ից հայտնում են, որ վերջիններս տարբեր ոլորտներում գործող (քաղաքական, եկեղեցական, կրթամշակութային, բարեսիրական, մարզական, ուսանողական) եւ տարբեր հայացքներ ունեցող կազմակերպություններ են, որ համախմբված են շարժման տեսլականի, նպատակների եւ օրակարգի շուրջ։
Հանդիպման բանախոսն էր՝ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։ Նա, կարեւորելով արտաքին թշնամու հանդեպ վրեժի ոգով առաջնորդվելը եւ ազգային արժանապատության վերականգնումը, հրամայական համարեց պատերազմի վախից ձեռբազատվելը, ինչպես նաեւ հայ երիտասարդության գաղափարականացումը, որի արդյունքով պիտի ծնվի համատարած ժողովրդական պոռթկումը։
ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի ներկայացուցիչ Արշակ Մեսրոպյանը ներկայացրեց դիմադրության շարժման պայքարի հինգ հիմնական ուղղություններն ու առաջիկա աշխատանքները, որոնք իրականացվելու են։
Առաջիկա քայլերի վերաբերյալ տեղի ունեցավ մտքերի փոխանակում։ Շեշտը դրվեց Արցախում եւ Սյունիքում աշխատանքները կենտրոնացնելու եւ սփյուռքյան համայքների երիտասարդությանը դիմադրության գաղափարի շուրջ կազմակերպելու վրա։
Հայ երիտասարդությունը չի հանդուրժում եւ չի համակերպվել այսօրվա իրականության հետ։ Համահայկական երիտասարդական դիմադրության ցանցը օրեցօր ընդլայնվում է եւ իր ամբողջ կարողականությունն ու ներուժը պիտի կենտրոնացնի ներկա իրավիճակը շտկելու ուղղությամբ։