«Նման մարդկանց չպետք է թողնենք հերոսի արյան տեր դառնալ». մանկուց որդուն լքած մայրը ներկայացել է ՊՆ ու պահանջել զոհված որդու մասով փոխհատուցում
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն պետ Ալեքսանդր Ավետիսյանը նշեց, թե դեպք է եղել, որ զինծառայողի հայրը մանկուց թողել գնացել է, դեպք է եղել, որ մայրն է մանկուց թողել գնացել, սակայն պահանջել են փոխհատուցում։
«Ընդհանրապես երեխայով չի հետաքրքրվել, վերջում ներկայացել է ու, քանի որ իրավական առումով չկա ծնողական իրավունքից զրկված լինելու հանգամանք, պարտավոր ենք այդ անձին դիտարկել որպես շահառու», – նշեց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ ասաց, թե օրենքում պետք է հստակ գրվի ամեն ինչ, որ որևէ մեկը չփորձի մտնել ու շահադիտական նպատակներով օգուտ քաղել։
«Անարժան ծնողը հայտնվում է որդու զոհվելուց հետո՝ փորձելով մի քանի կոպեկի տեր դառնալ, դա նրա բարոյական մակարդակն է, բայց դա չպետք է քննարկենք, պետք է նայենք օրենքի տիրույթով ու նման մարդկանց չպետք է թողնենք հերոսի արյան տեր դառնալ, որովհետև նա դրա արժանիքը չունի։ Ես վստահ եմ, որ հենց էդ տղերքը չէին ցանկանա, որ իրենց անարժան ծնողը, որն իրեն մանկությունից թողել ու հեռացել է… խնդիրը գումարը չէ, այդ գումարը մենք զինվորի ընտանիքին չենք տալիս, որ գնան կենցաղային խնդիրներ լուծեն, դա ուրիշ արժեք ունի, բացատրություն չկա, թե այդ գումարն ինչ նշանակություն ունի», – ասաց պատգամավորը։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էլ ասաց, թե դեպք կա, որ զոհված զինծառայողի մայրը դիմել է ՊՆ ու խնդրել, որ գումարը չտրամդրեն հորը, նաև՝ հակառակ դեպքն է եղել։
«Եղել է դեպք, որ զոհվածի մորական տատն ասել է՝ «ես եմ մեծացրել», հորականն ասել է՝ «ես եմ մեծացրել»։ Նման խնդիրներ կան, որոնք, չեմ կարծում, որ կկարողանանք շատ արագ լուծումներ գտնել», – նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ դեպքեր կան, որոնց մասին բարձրաձայնելը ցանկալի չէ։