Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» -ի` ՀՀ սեփականություն հանդիսացող 15 % բաժնեմասի կառավարումը հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին
Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի` ՀՀ սեփականություն հանդիսացող 15 % բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե առաջին անգամ պետությունը ունի բաժնեմաս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում:
Այս գործարքը շատերին կասկածելի է թվացել: Այն, որ պետությունն իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկվում էր ու զրկված է եղել, դա, փաստորեն, կասկածելի չէ, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերել, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետքեր ու գործարքներ գտնել: Կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում է, այլ՝ պետությունը կորցնում է, դա մենք տեսել ենք երկար տարիներ»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, թե ՀՀ կառավարությունը ԶՊՄԿ-ում կունենա ներկայացուցիչ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերին «Գեոպրոմայնինգին» պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք էր բերել ԶՊՄԿ բաժնետոմսերի 60 տոկոսը, այնուհետև` 15%-ը նվիրել ՀՀ կառավարությանը։
ԶՊՄԿ-ի 7,5 տոկոսը պատկանում է նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին։
Եվս 15 տոկոս մասնակցություն ունի հենց ԶՊՄԿ-ը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում 2,5 տոկոս բաժնեմաս ունի նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանը. նույնքան բաժնեմաս էլ ունի Գուրգեն Ամբարյանը։
Նշենք նաև, որ ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամի պաշտոնում քննարկվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածության հարցը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը նոյեմբերի 4-ին ընկերության իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր էր ներկայացրել։