25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայցենք խաղաղություն ու անվտանգություն Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, աշխարհասփյուռ ժողովրդին. Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ամանորը առիթով։

Նոր տարվա սեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ։

Ցավով ու դառնություններով լեցուն տարի ապրեցինք։ Արցախյան աղետալի պատերազմի հետևանքները, Հայաստան և Արցախ մեր հայրենիքի շուրջ ծավալվող բարդ ու մտահոգիչ գործընթացները, երկրում տիրող դժվարին իրավիճակը զրկել են մեզ առօրյա, ինչպես և ամանորյա բնական ուրախությունից:

 Այդուհանդերձ, Նոր տարին դիմավորում ենք հույսով ու հավատով, որ վերակերտելու ենք հայրենական մեր կյանքը և միասնական կամքով ամեն ջանք ի գործ ենք դնելու՝ հանուն Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության։ Մենք Քրիստոսի հարությանը հավատացող ժողովուրդ ենք, դարերի հոլովույթում ցավը, տառապանքն ու մահը մեզ երբեք չեն հաղթել, վեր ենք հառնել Տիրոջ պարգևած շնորհի զորությամբ, վաղվա օրվա հանդեպ լավատեսությամբ։ Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ և մեր ժողովրդի հաստատակամ հանձնառությամբ փրկչական 2022 թվականը կկարողանանք դարձնել ազգօգուտ և հայրենաշեն իրագործումների տարի։ Հայաստանի զորացման, Արցախի ազատ ու ապահով կյանքի, աշխարհասփյուռ մեր ժողովրդի վերելքի և հարատևության ուղին մեր համախմբումն է ապագայի համընդհանուր տեսլականի շուրջ, ինչպես և՝ ազգային ու հոգևոր արժեքների վրա խարսխված ապրելակերպն ու գործերը։ Ամենուր, ի սեր հայրենիքի, վերատեսության ենթարկենք մեր ընթացքը, թոթափենք անհանդուրժողության և ատելության չարիքը, հրաժարվենք անպատասխանատու, ազգավնաս խոսքերից ու արարքներից, լինենք բարի, լինենք սիրով, լինենք միասնական, որպեսզի վերստին զգանք Աստծո շնորհաբեր ներկայությունը մեր կյանքում։

 

Մեր տարածաշրջանի բարդ զարգացումների և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հանդիման՝ հզոր հայրենիքի կերտման ձգտումներում չենք կարող հաջողել, եթե նախ չվերականգնենք վստահության մթնոլորտը, չվերահաստատենք մեր ներքին խաղաղությունը։ Մեր նահատակ զավակների սրբազան հիշատակի առջև խոնարհումով ու երախտագիտությամբ և հայրենիքի ու ազգի հանդեպ մեր հերոսների անձնվիրումի ու սիրո օրինակով ամեն կարելին ի գործ դնենք երկրի ու պետության առաջընթացի, համայն մեր ժողովրդի բարօրության համար։ Ամուր ու անսասան մնանք համազգային շահով առաջնորդվելու նախանձախնդրության մեջ, և Աստված մեզ համար պիտի աճեցնի արդարության պտուղները (հմմտ. Բ Կորնթ․ 9.10)։

Տարեմուտի նվիրական այս պահին հրավիրում ենք բոլորիդ միասնաբար աղոթելու, որ Բարձրյալ Տիրոջ օրհնությամբ իրականություն դառնան մեր բարի ձգտումները անձնական, ընտանեկան, ազգային ու հայրենական կյանքում։ Աղոթենք Հայոց բանակի, հայրենիքի սահմանները հսկող մեր զինվորների համար: Աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր իրենց ծառայության մեջ են դիմավորում Ամանորը։ Աղոթենք նեղյալների, կարիքավորների, հիվանդների, հաշմանդամ դարձած, գերեվարված և անհայտ կորած մեր որդիների և նրանց վշտակիր ընտանիքների համար։ Աղոթենք Սիրիայում, Լիբանանում և Իրաքում դժվարությունների մեջ ապրող մեր զավակների համար, որպեսզի Երկնավոր Տիրոջ զորակցությամբ հաղթահարվեն նրանց առջև ծառացած խնդիրները։

Հայցենք խաղաղություն ու անվտանգություն Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, աշխարհասփյուռ մեր ժողովրդին և համայն աշխարհին։ Եվ Աստված, որ … մեզ տվեց հավիտենական մխիթարություն և բարի հույս, իբրև շնորհ, թող մխիթարի և հաստատ պահի մեր սրտերը ամեն բարի խոսքի և գործի մեջ (հմմտ. Բ Թեսաղ. 2.15-16)։ Թող Տիրոջ սերը, ողորմությունն ու օրհնությունը միշտ լինեն մեզ հետ և ամենքի: Բարի Նոր տարի»։

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ