Իսագուլյանի և Քյարամյանի միջև առկա է թշնամություն. ո՞րն է պատճառը
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանի պնդմամբ, իր պաշտպանյալին կալանավորելու անհրաժեշտություն բացարձակ չկար:
«Իսագուլյանը մեկ անգամ չէ, որ ներկայանում է ցանկացած մարմին, և ոչ միայն ծանուցումով, այլ նույնիսկ՝ ուղղակիորեն զանգով, ուստի սա խոսում է մի բանի մասին՝ «մասկի-շոուի» անհրաժեշտություն է եղել»,- լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց նա:
Հիշեցնենք, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը կալանավորվել է դեկտեմբերի 22-ին:
ՔԿ-ի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կուսակցության նախագահ Գ.Ի.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
ՔԿ-ի մեկ այլ հաղորդագրության մեջ տեղեկացվում էր, թե Գառնիկ Իսագուլյանը սուտ տեղեկություններ է հաղորդել Ուկրաինայում ՀՀ դեսպանի մասին.
«Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գ.Ի.-ն հայտնել է, թե, իբր Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Գ.Ի.-ն, կասկածներ չունի։
Ըստ Գ.Ի.-ի հայտարարության՝ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Բաթում քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է, և չեն կարողանում թոշակները վճարել. այդ կերպ՝ հայ դիվանագետին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ
Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել ասուլիսի ժամանակ իր հայտնած տեղեկությունների համար:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ խոսքն Ուկրաինայում ՀՀ դեսպան, մինչ այդ՝ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասին է, որը ամիսներ առաջ էլ դատական հայց էր ներկայացրել ընդդեմ լրագրող Նաիրի Հոխիկյանի:
Ուշագրավն այն է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասին նմանօրինակ բացահայտումներով հրապարակումներ մամուլում հայտնվել են շատ ավելի վաղ՝ 2020թ․ վերջին, իսկ Գառնիկ Իսագուլյանն այդ մասին բարձրաձայնել է գրեթե 10 ամիս անց՝ սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսում։
«Իբրև թե 2021-ի սեպտեմբերի 20-ին «168 ժամ» լրատվական կայքի կողմից հրավիրված ասուլիսի ժամանակ բաց լրատվական տեղեկության մեջ առկա տեղեկություններն ամփոփելու և լրատվությանը ներկայացնելու հիմքերով: Մեղադրանքն արդեն իր սկզբնական ձևակերպմամբ փաստացի հիմնավորում է, որ իրականության հետ որևէ աղերս չունի, որովհետև «168 ժամ» լրատվական կայքը որևէ ասուլիս չէր կարող հրավիրել՝ որպես այդպիսին, ակումբ չունի: Ավելին, պարոն Իսագուլյանը իր հայտնի ասուլիսի ժամանակ իրավապահներին չի դիմել»,- լրագրողներին հայտնեց Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը՝ հավելելով, որ սա անտրամաբանական միակ շարահյուսությունը չէ:
Լրագրողների հետ հանդիպմանը Աննա Ծառուկյանն ասաց, որ Գառնիկ Իսագուլյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի որ չի վստահում Քննչական կոմիտեին՝ հավելելով, որ Իսագուլյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև թշնամանք կա: Ի դեպ, ՀՀ դատական ատյանները սպառելուց հետո, Իսագուլյանի պաշտպանն ասաց, որ դիմելու են Եվրոպական դատարան, քանի որ տեղի դատական ատյանների հետ հույսեր չեն կապում: