22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Այսպես որ շարունակվի, Սյունիքն ու Սևանն էլ ենք տալու: Նրանք ուզում են՝ մերոնք տալիս են: Իրավունք չունենք թույլ տալու»․ Հրանտ Մարգարյան

ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայուցուցիչ, «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանի ելույթը Հայ Յեղափոխական Դաշնակցության 131- ամյակին նվիրված միջոցառմանը.
Դաշնակցության օրը, հաշվետվության օր լինելով, հաճախ նաև տոն է համարվել, սակայն այսօր, մեր երկրի ու ազգի վիճակը նկատի ունենալով, ի՞նչ տոնի մասին կարելի է խոսել։ Եթե երկրիդ կարևոր մասը գերեվարված է, Հայրենիքդ՝ վտանգված, հաղթանակդ՝ հարամված, ազգդ՝ բզկտված, ապագադ՝ անորոշ, արժանապատվությունդ՝ ոտնահարված, հպարտությունդ՝ տիղմի մեջ թաղված, համատարած ամոթի այս պայմաններում ի՞նչ տոն:

Պարտված երկրի ու ազգի կուսակցությունը նույնպես պարտված է: Իսկ պարտությունը չեն տոնում:

Անշուշտ, պարտվել հնարավոր է, ցավոք, կարելի է շատ զոհեր տալ, կարելի է տարածքներ կորցնել, բայց այս ամենը կարող է կործանիչ չլինել: Կարող է կործանիչ չլինել, եթե մենք չենք հաշտվում պարտության հետ, եթե մեր մեջ դեռ շարունակվում է վճռականությունը՝ կորցրածը հետ բերելու, կորցրածին վերատիրանալու: Եթե կա այդ վճռականությունը, եթե կա այդ ոգին, տրամադրությունը՝ պարտությունը ժամանակավոր է դառնում, ժամանակավոր է լինելու: Մինչդեռ պարտությունը կարող է կործանիչ լինել, երբ մեր մեջ մեռնում է պայքարի ոգին, և մենք հաշտվում ենք պարտության հետ, երբ անվերադարձ կորուստ ենք համարում հայրենիքի կորուստը: Այդ ժամանակ արդեն պարտությունը կործանիչ է լինում:

Մենք մինչև նոյեմբերի 9-ը, պատերազմի 44 օրերի ընթացքում, ավելի քիչ բան ենք կորցրել, քան նոյեմբերի 9-ից հետո, երբ ստորագրվել է կապիտուլյացիոն պայմանագիրը: 44-օրյա պատերազմում դաժան էր ամեն ինչ՝ թանկագին զոհեր տվեցինք, տարածքներ կորցրեցինք, բայց կռվում էինք: Նոյեմբերի 9-ից հետո այլևս չենք կռվել: Նոյեմբերի 9-ից հետո մեզնից ուզել են՝ մենք տվել ենք, առաջ են եկել, տիրացել են՝ մենք հաշտվել ենք դրա հետ և այդպես ավելի շատ բան ենք կորցրել նույեմբերի 9-ից հետո, քան պատերազմի ժամանակ:

Երբ պայքարի ոգին կորում է, համաձայնում ես ամեն ինչի հետ։ Թշնամին ուզում է մենք բանակ չունենանք՝ մենք կործանում ենք բանակը, քանդում ենք, վարկաբեկում ենք, կադրային ջարդ ենք կազմակերպում, ցնցումների ենք ենթարկում, Գլխավոր շտաբի պետ ու նախարար ենք անընդհատ փոխում… Բանակը քանդում ենք, թշնամու ուզածն ենք անում:

Պայքարի ոգու բացակայությունն է, որ երբ թշնամին չի ուզում մենք Արցախում լինենք, Արցախը հիշենք, մենք դադարում ենք Արցախ ճամփորդելուց: Պաշտպանության նախարար ենք փոխում, որովհետև համարձակվել է Արցախ գնալ:

Այսպես կոչված սահմանազատման, սահմանագծման գործընթացը դեռ չսկսված՝ թշնամին տարածքներ է վերցնում, գրավում: Եվ մենք լուռ համակերպվում ենք: Որոտանը կոչում ենք Չայզամի…
Ադրբեջանն ու Թուրքիան նոր պայմաններ են առաջ քաշում՝ միջանցք, միջանցքներ, հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչումից, Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում… Ախորժակը ուտելիս է բացվում: Մերոնք ասում են՝ եկեք, մեզ կերեք՝ առանց որևէ դիմադրություն ցույց տալու:

Պարտության գործընթացը շարունակվում է: Մեր տունը քանդվում է, կործանվում ենք:

Այսպես որ շարունակվի, Սյունիքն ու Սևանն էլ ենք տալու: Նրանք ուզում են՝ մերոնք տալիս են: Իրավունք չունենք թույլ տալու: Պարտության գործընթացքը օր առաջ պետք է կասեցնենք, իրավունք չունենք թողնել, որ այսպես շարունակվի:

Հիմա կմտածեք՝ չափազանցնում եմ: Չի կարող մի երկրի իշխանություն իր երկրի թշնամին լինել: Ճիշտ է, բայց այդ երևույթը շատ պարզ է բացատրել:

Մեր պատմությունը վկա է՝ միշտ եղել են մարդիկ, որ ասել են՝ թշնամին մեղավոր չէ․ թշնամին մեղավոր չէ, երբ մեզ կոտորում է, թշնամին մեղավոր չէ, երբ բռնագրավում է մեր հայրենիքը, թշնամին մեղավոր չէ, երբ մեզ աքսորում է մեր հողից: Այդ մենք ենք մեղավոր, որ համարձակվում ենք պահանջել, համարձակվում ենք ասել, որ մենք էլ ենք ուզում ուրիշների նման մեր հայրենիքում ապրել, հայի նման ապրել:

Գիտեք՝ ասում են՝ զիջենք, որ խաղաղություն լինի: Վաղը, որ Սյունիքը գրավեն, դարձյալ պետք է զիջենք որ խաղաղությո՞ւն լինի, որ Սևանն էլ գրավեն՝ էլի պետք է զիջենք, որ խաղաղությո՞ւն լինի… Որովհետև, եթե չզիջենք, կռիվ կլինի: Խաղաղությունը չի կարող նպատակ լինել: Խաղաղությունը պետք է հետևանք լինի մեր գործողությունների:

Նրանց համար հայրենիքը տարածք է, ազգը զանգված, որի մեջ իրենք ուզում են ապրել կուշտ ու անհոգ: Հիմա թե դրանից հետո Արցախն այլևս ումը կլինի, իրենց հոգը չէ, Սյունիքն էլ կկորցնենք՝ իրենց հոգը չէ, որովհետև հայրենիքի ընկալում չունեն, ազգի ընկալում չունեն իրենք, տարածքի, զանգվածի հասկացողություն ունեն:

Կասեք՝ հնարավո՞ր է, որ այդպես լինի: Այո, հնարավոր է: Իրենք բարձրաձայն էլ այդ մասին խոսում են՝ մենք, քանի որ պահանջում ենք, քանի որ նրանց թշնամի ենք համարում՝ նրանք ավելի են թշնամանում, երբ նրանք ավելի են թշնամանում, մենք նորից նրանց թշնամի ենք համարում, և նրանք է՛լ ավելի շատ են թշնամանում: Նրանք կարծում են, որ պատճառը մենք ենք, պատճառը մենք ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանն այսօր մեր հողի վրա աչք ունեն, մեր իրավունքները բռնաբարում են… Մեղավորը մենք ենք՝ իրենք այդպես են մտածում: Շատերդ կասեք՝ սա ի՞նչ անտրամաբանական բան է, բայց այդպես է, նրանք այդ մասին բարձրաձայն ասում են և չեն էլ ամաչում:

Հայկական իրականությունը վաղուց ի վեր բաժանված է եղել Վարդան Մամիկոնյանների և Վասակ Սյունիների: Երկու մեծ ճամբար է գոյություն ունեցել՝ բաժանված ենք եղել ազգայինի և ոչ ազգայինի: Եվ իրականությունն այն է, որ այդ բաժանվածության մեջ որևէ քաղաքական ուժ, կամա-ակամա, հայտնվել է այս կամ մյուս ճամբարում: Իհարկե այդ ճամբարներում էլ եղել են շատ-շատ բաժանումներ, տարակարծություններ, խնդիրներ, բայց մեծ հաշվով քաղաքական ուժերը կամ ազգային ճամբարում են եղել, կամ՝ ոչ ազգային: Կամ Վարդան են եղել, կամ՝ Վասակ:

Ազգային թևը, ազգայինը կարևորելով է ձգտել համամարդկային արժեքների, ազգայինը կարևորելով՝ փորձել է երջանկության հասնել ազգերի մեծ ընտանիքում: Ոչ ազգային ուժերն անտեսել են ազգային խնդիրները և ձգտել են համամարդկային արժեքների, որպեսզի իրենք, որպես առանձին խմբավորում, կարողանան լավ ապրել:

Որ այդպիսիները կան մեր իրականության մեջ՝ սարսափելի չէ: Սարսափելին այն է, երբ այդպիսիները իշխանություն են դառնում: Երբ նրանք իշխանություն են դառնում, վիճակն այնպիսին է լինում, ինչպես այսօր է մեզ մոտ:

Եվ դա նորություն չէ, դա նոր բան չէ, որ մեր կյանքում ստեղծվել է: Այսօրվա իրավիճակը շատ նման է 90-98 թվականների մեր կացությանը: Այն ժամանակ էլ ազգային մեծ զարթոնք՝ Ղարաբաղյան շարժման հետ, այդ զարթոնքի ալիքի վրա ձևավորված իշխանություն: Թվում էր կոմունիստական ուժն իր գաղափարախոսությամբ, աշխարհաքաղաքական արժեհամակարգով այլևս կործանվեց ու վերջացավ, բայց այն ծնունդ տվեց մի նոր ղեկավարության՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ: Եվ շատ չանցած՝ նկատեցինք, որ սա ևս իր աշխարհաքաղաքական ընկալումներով նույնանում է կոմունիստների հետ, միայն թե մի տարբերությամբ՝ կոմունիստները ձգտում էին կոմունիզմի, ինքը ձգտում էր միայն ինքը գիտի, թե ինչի:

Ի՞նչ էր ասում Լևոն Տեր-Պետրոսյանը: Ասում էր՝ Ղարաբաղի հարցը ղարաբաղցիների հարցն է, ասում էր՝ 21-րդ դարում սահմանները չեն գործում, ռեալիստ եղեք, իրապաշտ եղեք, ասում էր՝ քանի կա Արցախի հարցը՝ լավ չենք ապրելու: Ասում էր՝ պարտավոր ենք Թուրքիայի հետ լեզու գտնել, մոռանալ Ցեղասպանությունը, Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում նոր էջ է պետք բացել… Եվ ամեն ինչ լավ կլինի:

Ուշադրություն դարձրեք, թե այսօր ինչ է ասվում: Նույնն է ասվում, կրկնվում է, բայց մի տարբերությամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը չհաջողեց, որովհետև, ի տարբերություն Նիկոլի, իր շրջապատում կային ազգային տարրեր: Ազգային տարրեր, որոնք մասնակից էին եղել Արցախի ազգային ազատագրական պայքարին և չէին կարող կիսել իրենց առաջնորդի մոտեցումները, միատարր չէր իր թիմը: Նիկոլի մոտ բոլորը նիկոլ են: Բացի այդ այն ժամանակ կար Արցախյան ազատագրական շարժում, կար արցախյան գործոն, որն ազդում էր մեր իրականության վրա, թողնում էր իր դրոշմը: Նիկոլի իշխանության գալուց սկսյալ լռել է արցախյան գործոնը, չկա այն: Նաև արցախցիների մեղքով չկա այդ ինքնուրույնությունը, չկա այդ ինքնուրույն դերակատարությունը: Եվ վերջապես կար Դաշնակցությունը, որ թեև հալածված էր, ապօրինի էր հայտարարված, ընդհատակյա գործունեություն էր իրականացնում, բայց կենդանի գործոն էր, ներկա էր Արցախում, իսկ Երևանում պայքարի առաջին գծում էր: Եվ մենք հաղթեցինք:

Թեպետ Լևոն Տեր-Պետրոսյանը ձախողեց, բայց նրա գիծը չոչնչացավ: Նրա քաղաքական-գաղափարական ուղղությունը շարունակեց ապրել: Լևոն Տեր-Պետրոսյանի դպրոցից մի սան՝ Նիկոլ Փաշինյանը, հրապարակ իջավ: Նա չուներ իր ուսուցչի ինտելեկտն ու պահվածքը: «Ժուլիկ» էր, վախկոտ ու ամբոխավար: Իր ուսուցիչը նրան բնորոշեց իբրև պատուհաս:

Նիկոլ Փաշինյանը ներազգային ճակատում իբրև վարքագիծ որդեգրեց պոպուլիզմն ու ամբոխավարությունը, իսկ արտաքին քաղաքական հարաբերություններում՝ «ժուլիկությունը»:

Մեզ հայտնի ու անհայտ ուժեր երկար տարիներ ծրագրեցին 2018 թվականին մեզ մոտ տեղի ունեցած իշխանափոխությունը: Նրանց հոգսը, սակայն, երկրի ներքին իրավիճակը, երկրում առկա խնդիրներն ու դժվարությունները՝ կոռուպցիան, անարդարությունը և աղքատությունը չէին: Նրանց նպատակը այլ էր․ ծրագրել և իրականացնել ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանը դուրս բերեն ռուսական դաշնակցային դաշտից և այդպիսով Իրանը շրջափակեն հյուսիսից: 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը հակառուսական և հակաիրանական երևույթ էր:

Դրսի որոշակի ուժեր ավելի քան 10 տարի դրամագլուխ և զանազան ծրագրեր ներդրեցին, հարյուրավոր երիտասարդների կազմակերպեցին և փողոց դուրս բերեցին: Գործիքը պատրաստ էր: Այդ երիտասարդները՝ ոգևորված ուրիշների կարգախոսներով ու ծրագրերով, առանց մտածելու, առանց հասկանալու տարածաշրջանային զարգացումները, մեր երկրի գերզգայուն իրավիճակը, առանց հստակ պատկերացում ունենալու իրենց վաղվա անելիքի մասին՝ նետվեցին դաշտ: Նրանք նույնիսկ իրենց շարժման ընթացքի ժամանակացույց չունեցան, չկարողացան հասկանալ, թե ինչպես ղեկավարել այս շարժումը, որ նվազագույնի հասցվեն հնարավոր բացասական հետևանքները: Նրանք նետվեցին դաշտ և արեցին ամեն ինչ, որ, Հայաստանը վճարի նույն գինը, ինչ վճարեց Վրաստանը՝ Աբխազիայով և Օսեթիայով, Ուկրաինան՝ Ղրիմով։

Ցավոք, մեր ժողովրդի մեծամասնությունը պաշտպանեց նրանց: Իհարկե դրա հիմնական պատճառն այն էր, որ ժողովուրդը դժգոհ էր, հիասթափված ու զզված նախկինների վարքուբարքից։ Մարդիկ դուրս եկան փողոց ոչ թե, որովհետև Արցախ չէին ուզում, որովհետև հակառուսական և հակաիրանական տրամադրություններ ունեին, այլ՝ պարզապես հոգնած էր նախկիներից։ ԵՎ, քանի որ կազմակերպված չէր ժողովուրդը, նրա շարժումը տարերային ընթացք ստացավ: Պոռթկում էր դա: Դա կազմակերպված ժողովրդի հեղափոխություն չէր, և արդյունքն էլ եղավ այն, ինչ որ եղավ: Մեծամասնությունը հստակ գիտեր, թե ինչ չի ուզում, ինչի դեմ է, բայց չգիտեր, թե ինչ է ստեղծում, ինչ է լինելու:

Այդ նույն մեծամասնությունը, որ Նիկոլին բերեց իշխանության, հաջորդ օրվանից սկսած՝ սկսեց արտագաղթել Հայաստանից, որովհետև չէր հավատում այն ամենին, ինչ ստեղծել էր: Նրանք պաշտպանեցին այս շարժումը՝ նախկիններին հակադրվելու համար, ոչ հանուն Նիկոլի: Մինչև այսօր էլ նույն պատճառաբանությունն է օգտագործվում՝ եթե Նիկոլը չէ, ուրեմն նախկիններն են:
Բայց, նույնիսկ մեծամասնությունն է սխալվում, իհարկե միշտ ժամանակավորապես։

Միայն թե անգամ ժամանակավորապես սխալվողները կարող են հասցնել երկիրը մի վիճակի, ինչ ունենք այսօր։

Սրանք մեզ հասցրին պատերազմի այնպիսի պայմաններում, որ մենք մենք չկարողացանք կռվել: Չկարողացանք կռվել, որովհետև չնախապատրասվեցինք պատերազմի: Բոլորը գիտեին, որ պատերազմ է լինելու: 2016թ. պատերազմից հետո արդեն հստակ էր, թե ինչպիսին է լինելու հաջորդ պատերազմը՝ ի՛նչ զենքերով: Եվ մենք չնախապատրաստվեցինք: Մենք նախընտրեցինք ներքին գզվռտոցով զբաղվել: Մենք անխնա էինք, դաժան էինք ներքին այլախոհների նկատմամբ, և ապիկար ու անընդունակ արտաքին վտանգներն ու սպառնալիքները դիմագրավելու հարցում:

Մենք ոչ միայն չնախապատրաստվեցինք պատերազմին, այլև չկարողացանք ղեկավարել կռիվը:

Չկարողացա՞նք, թե՞ չուզեցանք՝ ես սրա հստակ պատասխանը չգիտեմ: Եվ տարբերությունը շատ էլ մեծ չէ, կարծես, որովհետև այն բանակը, որ պետք է պատերազմեր, բանակը, որ առաջինը պետք է դիմագրավեր այդ սպառնալիքը, ոտքի տակ էր ընկել արդեն երեք տարի: Բանակի հեղինակությունը ոչնչացված էր, բանակը ցնցված էր: Բայց, այդուամենայնիվ դա մեր բանակն էր, այն բանակը, որով տարիներ շարունակ հպարտացել ենք՝ որպես տարածաշարջանի ամենահզոր բանակ:

Պատերազմ էր, բայց մենք զորակոչ չարեցինք: Մեր պահեստային ստորաբաժանումները կազմակերպված չէին, հակառակ այն բանի, որ մենք տարիներ շարունակ, գուցե 10 տարուց ավելի, ամեն օր խոսել ենք կազմակերպված, պարբերական վերապատրաստում անցնող պահեստային ստորաբաժանումներ ունենալու անհրաժեշտության մասին: Մենք հասկանում էինք, որ պատերազմի դեպքում մեր հիմնական թերությունը մեր և մեր բանակի սակավաթիվ լինելն է: Բերում էինք տարբեր երկրների փորձառությունը, ասում ու պնդում էինք․․․ Ի վերջո, նախքան պատերազմը, մենք նախաձեռնեցինք կամավորական շարժումը, որպեսզի կամավորություն հասկացողությունը կարողանանք կազմակերպված վիճակի բերել, որպեսզի կամավորը ընդունակ լինի կռվելու: Միայն կռվելու ցանկությունը բավարար չէ, կամավորը պետք է ի վիճակի լինի կռվելու: Իսկ իշխանություններն ի՞նչ արեցին: Զորակոչ չհայտարարեցին, նախկին սպաներին ու մասնագետ զինվորականներին ծառայության չհրավիրեցին և հույսը դրեցին միայն կամավորների վրա՝ անկազմակերպ, համպատրաստի՝ հայրենասեր տղերքին քշեցին մսաղացի մեջ: Առանց հրամանատարության… Կոչ արեցին գյուղապետերին,, կուսակցապետերին՝ ջոկատներ ձևավորել և և գնալ Արցախ: Այսինքն մեր բանակի հրամանատարներն այնքա՞ն էր կորած, որ հույսները դրել էին գյուղապետերի ու կուսակցապետերի վրա:

Կռվի ընթացքում և կռվից հետո իրենց պարտվողական նպատակները արդարացնում էին զոհերի մեծ թվով: Իսկապես ցանկացած զինվորի կյանք մեզ համար մեծ արժեք է: Այդ կյանքի համար պետք է հոգալ մինչև պատերազմ ուղարկելը: Այդ զինվորին պետք է պատրաստված տանել կռիվ, որպեսզի նվազ հավանականություն լինի, որ կվնասվի: Զինվորին պետք է սպառազինված տանել կռիվ, որպեսզի հնարավորություն ունենա պաշտպանվելու: Անպատրաստ, անպաշտպան, անկազմակերպ երիտասարդներին քշել էին ճակատ և ասում էին, թե զոհերի թիվը շատ է: Թե տարածքները կարևոր չեն, այլ՝ մարդկային կյանքերը։

Ի հարկե մարդկային կյանքերը կարևոր են: Բայց իրենք սուտ են խոսում՝ կյանքը կարևորողը կկարևվորեր կյանքը այդ մարդկանց ապրելու ժամանակ։ Այդ մարդկանց կյանքը կարևոր է, երբ ապրում են, երբ վազում են կռիվ, երբ պատրաստ են գնալ, իրենց հայրենիքի համար կռվել ու մեռնել։ Նվազագույնը նրանց համար պետք է ապահովել հնարավորություն, որ այդ մարդը կարողանա կռվել: Էլ չեմ ասում, որ զոհվածների համար մտահոգվողները պետք է մտածեն, ոնց են ապահովելու ապագա հաղթանակը։ Միայն հաղթանակի դեպքում է, որ այդ տղերքի նահատակությունը կիմաստավորվի։ Այդ տղաների նահատակությունը կիմաստավորվի միայն այն ժամանակ , երբ մենք կռվի դաշտում հաղթանակ արձանագրենք, երբ մենք հաջողություն ունենանք։ Ապա թե ոչ, մենք նրանց երկրորդ անգամ կսպանենք։

Կապիտույացիայից հետո շատերը, նորից զոհերի քանակը պատրվակելով կամ պատճառաբանելով, ասում են՝ կապիտուլյացիան պետք է շուտ ստորագրվեր, ուշացրին։ Այսինքն, կապիտույացիային դեմ չեն, կապիտույացիայի շուտ ու ուշին են դեմ։ Սա ողբերգություն է։ Մենք դեմ ենք՝ թե կապիտույացիային, թե նահանջին, թե միակողմանի զիջումներին։

Այստեղ, նախքան ասելիքիս ամենակարևոր մասին անցնելը, կուզեի մի քիչ խոսել մեր մասին։ Ժողովուրդը չափազանց մեծ ակնկալիքներ ունի Դաշնակցությունից։ Ես հասկանում եմ՝ մենք պետք է տեր կանգնենք մեր ժողովրդին, մեր ժողովրդի պահանջներին, իրավունքներին և այդ առումով ժողովրդի դժգոհությունն ու ակնկալիքները, նույնիսկ չափազանցված ակնկալիքները արդարացված են, բայց կցանկանայի մի քանի երևույթի անդրադառնալ։

Երբ գալիս է ընտրությունների ժամանակը մեր օգտին չեն քվեարկում, իսկ հետո, փոխարենը, իրենց կողմից քվերակված իշխանություններից պահանջեն, մեզանից են պահանջում։ Շատ հետաքրքիր երևույթ է․ ամեն ինչի համար պատասխանատու ենք մենք։ Մեզանից են պահանջում ՝ ուրիշի քվեարկում։ Իսկ հիմա մեղադրում են, որ իրենց կողմից ընտրված իշխանություններին չենք քշում հրապարակից։ Որ վճռական չենք։ Որ քայլ չենք անում առաջ, որ չենք պատժում նրանց։ Դրա համար են մեզ մեղադրում։ Իրենց ընտրած իշխանությանը մենք պետք է քշենք։ Ես խոսքերը չեմ ծամծմում։

Այսօր մեզանից պահանջում են , որ մենք պատժենք Նիկոլին։ Ես մի անգամ ասել եմ, հարցը Նիկոլը չի, այլ նիկոլիզմը։ Մենք պետք է կարողանանք հասկանալ, որ վատից միշտ ավելի վատը կա։ Իսկ եթե Նիկոլին փոխարինի անարխիա՞ն, քաոսը։ Հավատացնում եմ՝ ավելի ճիշտ է, որ այն մեծամասնությունը, որ նրան բերել է իշխանության , այդ նույն մեծամասնությունը նրան քշի իշխանությունից։ Գուցե սխալ արեցի ասեցի, ավելի լավ էր, թող վախի մեջ ապրեր։

Հաճախ մեզ մեղադրում են, ինչու եք համագործակցել նախկինների հետ։ Քիչ առաջ բացատրեցի՝ երկու մեծ ճամբար կա, կամ այս ճամբարում ես, կամ՝ մյուս ճամբարում։ Կարող ես քո ընտրած ճամբարում, մյուսների հետ ունենալ շատ խնդիրներ, տարաձայնություններ, ինչպես մենք ունեինք․ թե սոցիալական անարդարության, թե կադրային քաղաքականության, թե քաղաքական մշակույթի առումով։ Բայց ի վերջո կար մեկ իրականություն՝ այս ճամբարում Արցախը համարում էին Հայաստան։ Հակառակ ճամբարում զիջումը համարում էին փրկություն։

Մենք եղել ենք այնտեղ, բայց լուռ չենք եղել, չենք ձայնակցել ամեն քայլին։ Ստորագրվել է Քի Վեսթ, Մադրիդ, Կազան։ Մենք ամեն վայրկյան շտապել ենք դիրքորոշում ցույց տալ և ասել ենք, որ մենք դեմ ենք։ Ասել ենք վճռական, բարձրաձայն, լուրջ։ Ես հասկանում եմ՝ քանի որ Ադրբեջանը նույնպես չի ընդունել այդ պայմանագրերը , մեր դիրքորոշումները չեն կարևորվել։ Հաճախ մարդիկ տեղյակ չեն, ասում են ո՞նց էիք դուք այնտեղ, երբ Քի Վեսթ էր ստորագրվում։ Այնտեղ էինք, ընդդիմանում էինք, բայց քանի որ Ադրբեջանը չէր ընդունում Քի Վեսթը, Քի Վեսթը կորում էր, անգո էր դառնում։

Ասում են, ձերը ռևանշիզմն է, աթոռակռիվ, նախկինների պես ուզում եք վերադառնալ։ Հավատացեք՝ ոչ։ Երբ պատերազմը սկսվեց, առաջին իսկ ժամերին մենք հայտարարեցինք՝ դադարեցնում ենք ներքին բոլոր տարաձայնությունները , խնդիրները և մեկ մարդու պես կանգնում ենք պետության կողքին, դառնում ենք զինվորն այդ պետության և գնում ենք ճակատ։ Եվ մենք ոչ միայն ասացինք, այլև ողջ ընդդիմությանը բերեցինք մեր դիրքորոշման։ Բոլորս միասին դիրքորոշվեցինք։ Գիտեինք ամեն օր ինչ է կատարվում Ղարաբաղում, որքան սուտ է ասվում հայկական հեռուստատեսությամբ։ Չէինք խոսում, լռում էինք, բողոքում էինք միայն Նիկոլի մոտ։ Որովհետև պայքարի մեջ չպետք է թուլացնեինք մեր ոգին, պառակտում չպետք է մտցնեինք։ Իսկ հիմա՞ ինչու լռենք, ինչո՞վ ուրախանանք, ինչո՞ւ չպետք է պայքարենք։ Հայրենիք ենք կորցրել և կորցնում ենք: Երբ թավալգլոր գնում ենք դեպի կործանում, ինչպե՞ս կարելի է լռել։ Ասել թե աթոռակռիվ է, իշխանության համար կռիվ է՝ արդար չէ։ Այսօրվա մեր իրականությունն այնպիսին է, որ մարդ նման բաներ մտածելու տրամադրություն անգամ դժվար ունենա։

Մեր պայքարը Նիկոլ Փաշինյանի դեմ ինքնանպատակ չէ։ Եթե այսօր Նիկոլը հայտարարի, որ վերջ է դնում զիջողական քաղաքականությանը , որ պատրաստ է դիմադրել, պատրաստ է նոր գործընթաց սկսել հանուն մեր կորսված հայրենիքի իրավունքների վերականգնման , որ ծնկի չի գա Թուրքիայի առջև , չի ընդունի Թուրքիայի նախապայմանները, եթե ասի, որ ինքը տեր է Արցախին և չի հանձնի Արցախը, մենք վաղը կդառնանք իր զինվորը: Եվ չկասկածեք, որովհետև մեզ համար ամենակարևորը հայրենիքն է, Արցախն է։ Մեր հիմնական կռիվը թշնամու դեմ է։ Ադրբեջանի դեմ է։ Թուրքիայի դեմ է։ Ադրբեջանի, Թուրքիայի հետ համագործակցող Նիկոլ Փաշինյանը ածանցյալն է այդ պայքարի։ Մեր իրական պայքարը Ադրբեջանի դեմ է, Թուրքիայի դեմ է, և մենք տեղերը չպետք է շփոթենք։ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ մեր պայքարի ընդարձակումով , հավատացած եղեք , առանց ոչ մի բան անելու էլ Նիկոլն ու իր շրջապատը կհեռանան։ Վստահ եղեք։

Ադրբեջանը նենգ ու խորամանկ պետություն է։ Նա հակառակ այն բանի, որ դուրս մնաց Ռուսաստանի այսպես ասած ազդեցության դաշտից, կարողացավ այնպես անել, որ հույսը չմարի Ռուսաստանի մոտ, որ օրերից մի օր ինքը կարող է վերադառնալ։ Ադրբեջանը կարողացավ վաստակել Թուրքիայի ամբողջական զորակցությունը։ Նա հասկացավ Իսրայելի համար Իրանի կարևորությունը։ Իր երկիրը տրամադրեց, որ դառնա Իսրայելի համար լրտեսական-զինվորական կենտրոն և օգտագործեց Իսրայելի ու Թուրքիայի Արևմտյան դաշնակիցների հովանավորությունը։ Ինքը լավ խաղաց, կարողացավ ապահովել ամենին: Իրականության մեջ մենք չենք պարտվել միայն Ադրբեջանին։ Մենք կռվել ենք Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի և համաշխարհային ահաբեկչության դեմ՝ բոլորի դեմ միասին։ Բայց ոչ Իսրայելի, ոչ Արևմուտքի , ոչ էլ միջազգային ահաբեկչության համար, Արցախը հարց չէր։ Նրանց հարցը՝ Ռուսաստանն էր, նրանց հարցը Իրանն էր։ Մենք Ռուսաստանի ու Իրանի կռիվը մենակ տվեցինք այդ չորս ուժերի դեմ։ Եվ մենք մնացինք մենակ, մեր իշխանության ապիկարության պատճառով։

Ամեն ինչ շատ վատ է։ Բայց մենք ընկճվելու, ստեղծված իրավիճակի հետ համակերպվելու իրավունք չունենք։ Համեմատաբար իբրև կազմակերպված ուժ , մնացել ենք մենք՝ Դաշնակցությունը։ Մենք պարտավոր ենք վերակազմակերպել Արցախի ազատագրական շարժումը։ Մենք պարտավոր ենք համընդհանուր կռվի դուրս գալ թշնամու դեմ բոլոր բնագավառներում ՝ քաղաքական, ցուցական, դիվանագիտական, հայդուկային պայքարի։ Եվ աշխարհով մեկ, ամենուր բոլորս պետք է մասնակցենք այդ պայքարին։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ հանգիստ չի ունենալու, չի մարսելու, չի վայելելու մեր Շուշին ու Հադրութը ։

Մեր կռիվը, պայքարը նոր է սկսվում։ Աշխարհը պետք է տեսնի, հասկանա, արձանագրի , որ հայ ժողովուրդը դեմ է կապիտուլիացիային, դեմ է իր տարածքների բռնազավթմանը, պետք է հասկանա, որ ոչինչ չի վերջացել, այլ միայն սկիզբ է առել։ Մենք վճռական ենք ամեն գնով վերատիրանալու մեր Հայրենիքին, մեր իրավունքներին։

Պայքարի, կռվի զանազան հնարավորություններ կան։

Ամեն ինչ՝ կազմակերպվող նոր պայքարին՝ սա պետք է լինի մերօրյա նշանաբանը։ Շղթայազերծենք համընդհանուր պայքարը, ազատագրենք մեր Հայրենիքը, քողազերծենք Ադրբեջանի էությունը, նոյեմբերի 9-ի կապիտուլիացիան առոչինչ հայտարարենք, ի ցույց դնենք արար աշխարհին Արցախի հարցի արդարացիությունը, ոտքի ելնենք , փողոց դուրս գանք և թույլ չտանք Հայաստանի Հանրապետություն – Թուրքիա որևէ ստորացուցիչ պայմանագրի ստորագրում։

Ամենուր համընդհանուր պայքար թշնամու դեմ։ Ազգային նոր զարթոնք է հարկավոր, և ինքնաբերաբար կքշենք ներքին և արտաքին չարիքները դեպի պատմության աղբանոց, լուսանցք և կամ գրողի ծոցը։

Շնորհակալություն։

Թեհրան, 25-ը դեկտեմբերի 2021թ․

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ