22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանությունը շահագրգռված չէ ունենալ մարտունակ բանակ. չի կարելի պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես. Ռոբերտ Քոչարյան

Անվտանգության ոլորտում այս տարի Հայաստանի համար կատարյալ ձախողման տարի էր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ոչ մի հարց այս տարվա ընթացքում չի բարելավվել։

«Տարածքների կորուստ. իշխանությունն ասում է, որ 40 քմ կիլոմետրից ավելի տարածք գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, բայց, իրականում, մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ։ Ադրբեջանական զորքերը դիրքավորվել են ենթադրյալ իրենց սահմանի բերանով, մենք ստիպված ենք եղել հետ քաշվել առնվազն 500 մետրից մինչև 1-1,5 կիլոմետր, որոշ տեղերում, մի քիչ ավելի շատ ու նույնը կատարվել է ոչ միայն Վարդենիսի հատվածում, նույնը կատարվել է Նախիջևանի հատվածում մինչև պատերազմը», – ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Քոչարյանի խոսքով՝ Հայաստանն այս տարվա ընթացքում կորցրել է կարևորագույն ճանապարհների օգտագործման հնարավորությունները։

«Մենք այս տարվա ընթացքում ունեցել ենք մոտ 36 զոհ, տարբեր աղբյուրներով կարող է տատանվել այս թիվը, մոտ 30 վիրավոր, ավելի քան 30 նոր գերի», – աաց նա։

Հայաստանի երկրորդ նախագահի դիտարկմամբ՝ տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար:

«Երկու-երեք դիրքի համար մարտական գործողությունների ժամանակ ունենալ 30-ից ավելի գերի, խոսում է բանակում լրջագույն պրոբլեմների մասին։

Մեր զինվորները եղել են երկրի առաջին դեմքի արտահայտության տպավորության տակ, հիշեցնեմ՝ «հո՞ մեկ սարի համար մենք չենք պատերազմելու». հիմա քո երկիրը սարերից է բաղկացած, սա նույնն է, որ արաբներն ասեն «անապատի համար հո՞ մենք չենք պայքարելու»։ Սա նաև ինչ-որ տեղ հրավեր է, այսպես ասենք, «էստի համեցեք» է ադբեջանցիների համար, դու ուղղակի ասում ես, որ չբնակեցված սարերի համար մենք պատրաստ չենք պատերազմել ու, եթե առաջին դեմքն այդպես է մտածում, ինչու ենք մենք մտածում, որ մեր զինված ուժերի մայորը կամ պայմանագրային զինծառայողը պետք է մտածի այլ կերպ, սա ուղղակի բանակի մարտունակությունը գցելու լավագույն միջոցներից մեկն է», – նշեց նա։

Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե մինչև այսօր չի հրապարակվել 44-օրյա պատերազմում զոհվածների ամբողջական թիվը. սա, նրա խոսքով, ուղղակի խայտառակություն է. պետք էր ունենալ հուշամատյան բոլոր մարդկանց անուն-ազգանուններով, կենսագրականներով սա վերաբերմունք կլիներ զոհվածների ու նրանց ընտանիքների նկատմամբ. պետության պարտավորությյունն էր դա անել, սա չկա ու դրա պատճառով տարբեր թվեր են հնչեցվում։

«Աննորմալ է մեկ տարի անց այս հարցը անորոշ վիճակում թողնելը», – ասաց նախագահը։

Նրա խոսքով՝ բնակչության 70-80 տոկոսը լուրջ մտահոգված է անվտանգության հարցերով. սրա համար պատասխանատվություն է կրում գործող իշխանությունը։

«Բանակի բյուջեն այնպիսին չէ, որ հույս փայփայենք, թե հաջորդ տարվա ընթացքում այս հարցերը իրենց լուծումները ստանալու են, անհնար է», – նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա ընդգծեց՝ մեկ տարվա ընթացքում երեք պաշտպանության նախարար է փոխվել, գլխավոր շտաբի երկու պետ է փոխվել։

«Գիտեք, չի կարելի պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես. բացատրությունը մեկն է՝ այս իշխանությունը շահագրգռված չէ ունենալ մարտունակ բանակ, շահագրգռված չէ, որովհետև մարտունակ բանակի պարագայում մեր ժողովրդի պահանջը իշխանության նկատմամբ կլինի այլ, կպահանջեին, որ ճանապարհ չհանձնի ու մի շարք այլ հարցեր, իսկ ստեղծված է մի վիճակ, որ սարսարփը հնարավոր պատերազմի վերաբերյալ հնարավորություն է տալիս իշխանությանը գնալ քայլերի, որոնք, այլ պարագայում ժողովուրդը երբեք թույլ չէր տա գնալ։ Իմ տպավորությամբ՝ այս վիճակը նաև արհեստականորեն է ստեղծվում», – ընդգծեց Քոչարյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ