Դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում եւ դատավորները որոշել են լռելու փոխարեն հրապարակային պայքարել: Բանն այն է, որ արդեն դատավորների մի խումբ դատական համակարգում առկա իրավիճակի մասով դիմում է ներկայացրել ինչպես ԲԴԽ ին, այնպես էլ Արդարադատության նախարարին ու անգամ ներքին խոսակցության ժամանակ կարծիք են հայտնել,որ ոչ մի սպասելիք չունեն:
Այս իրավիճակը սկսվեց այն բանից հետո, երբ ՀՀ դատական համակարգում մի շարք դատավորներ հրաժարվեցին քաղաքական իշխանությունների հաճո որոշումներ կայացնել, ինչի արդյունքում դատավորների նկատմամբ 8 ամսվա ընթացքում 22 կարգապահական վարույթ է հարուցվել, իսկ ահա 2020 թվականի ընթացքում վարույթների թիվը եղել է 11-ը: Ասել է թե վարույթների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատվել է:
Արդյունքում ԲԴխ-ի, Արդարադատության նախարարության թիրախում հայտնվեցին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ՝ Զարուհի Նախշքարյանը, Գայանե Մազմանյանը, Մուրադ Հովակիմյանը, Արման Հովհաննիսյանը, Դավիթ Գրիգորյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ Սերգեյ Մարաբյանը և Ալեքսանդր Ազարյանը, իսկ ահա օրերս հաստատվեց, որ քաղաքական իշխանությունները պատերազմ են հայտարարել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն:
Վերոնշյալ անձանց մեջ կան դատավորներ, որոնց լիզորությունները ամեն կերպ ցանկանում են դադարեցնել եւ նրանցից առաջինը դատավոր Զարուհի Նախշքարյանն է, որի մասով էլ դրական արդյունքի հասնելուց հետո դատական համակարգը որոշել է չլռել ու կոնկրետ բունտի է պատրաստվում: