Ամեն ժամ, ամեն օր նոր խաղի պայմաններ են առաջանում
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը վստահեցնում է՝ շրջանառության մեր նոր դրամ դնելու հարց չկա: ՛՛Ամեն ժամ, ամեն օր նոր խաղի պայմաններ են առաջանում, և դրա համար մենք ԿԲ-ի հետ Կառավարությունում քննարկում ենք գործիքներն ու միջոցառումները, որոնք կկայունացնեն վիճակը՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին, իրավիճակն արդյոք դուրս է վերահսկողությունից՝ հաշվի առնելով, որ խանութներ են փակվում, որ գնաճն անկառավարելի է դարձել, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. ՛՛Բնականաբար, կլինեն նման դեպքեր, որովհետև տնտեսվարողները հայտնվել են մի իրավիճակում, որ իրենց համար էլ է անկախատեսելի: Հիմա ԿԲ-ն և Կառավարությունը պետք է կարողանան գործիքներ կիրառել, որպեզի կայունացնեն իրավիճակը՛՛:
Նախարարը շեշտեց, որ ստեղծված իրավիճակի համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ՝ արհեստական. պետք է տարանջատել և փակել սողանցքները՝ արհեստական և սուբյեկտիվ պատճառները լուծման հասնելու համար: Իսկ ինչու չի արվում, հարցրին:
՛՛Ուղղակի շատ արագ տեղի ունեցավ արժեզրկումը, բայց դրանից հետ գալը բարդ պրոցես է և դրանից կախված հանգամանքները պետք է աստիճանաբար լինեն: Աշխարհի բոլոր երկրներում գրեթե նման իրավիճակ կա, խնդիրը նրանում է, որ մեր երկրում դա շատ արագ տեղի ունեցավ: Նախ, ԿԲ-ն հիմա գնահատում է այն պայմանները, որոնցից առաջացել է խնդիրը, և հետո խնդիրները լուծման ճանապարհով պետք է գնալ կայունացնելու իրավիճակը՛՛: