Կառավարությունը ավելացրել է ոստիկանության պարգևատրման ֆոնդը 500 մլն դրամով
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում ընդունել է 2021թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հերթական որոշումը, որով Ոստիկանության պարգևատրման ֆոնդում առկա 1.9 մլրդ դրամին կավելացնի ևս 500 մլն դրամ «որակյալ» աշխատանքի համար ոստիկաններին լիարժեք մեկ դրույքաչափ 13-րդ աշխատավարձ տալու համար:
Որոշման նախագծում ասվում է. «ՀՀ ոստիկանության ընթացիկ տարվա բյուջեի արդյունավետ և խնայողաբար կատարման արդյունքում տնտեսված և պարգևատրման նպատակին վերաբաշխվող միջոցների մեծությունը, այսօրվա դրությամբ, կազմում է շուրջ 1․890,0 մլն․ դրամ, որը ՀՀ ոստիկանության ծառայողների (աշխատողների) պաշտոնային դրույքների ամսական ֆոնդից պակաս է շուրջ 500,0 մլն. դրամով։
ՀՀ ոստիկանությունը նպատակահարմար է համարում ծառայողներին (աշխատողներին) ընթացիկ տարում որակյալ աշխատանքի և (կամ) հատուկ առաջադրանքների կատարման համար տարեվերջին պարգևատրել մեկ պաշտոնային դրույքաչափով։ Այդ նպատակով առաջարկվում է ՀՀ ոստիկանությանը լրացուցիչ հատկացնել 500,0 մլն․ դրամ, նկատի ունենալով նաև, որ ընթացիկ տարում ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ՀՀ պետական բյուջե է վերադարձվել բյուջետային միջոցների արդյունավետ և խնայողաբար օգտագործման արդյունքում տնտեսված 958,2 մլն․ դրամ»։