22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քայլողների» կողմից քայքայվող հերթական «դաշտը»․ «Փաստ»

Երբ Արցախում ռազմական գործողությունների ակտիվ փուլն ավարտված է, դիվանագիտական և արտաքին քաղաքական գործիքների կիրառումը առաջնային պլան են մղվել։ Այս իրավիճակում Հայաստանի հետագա դերակատարությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի և ինչ ուղղություններով արտաքին քաղաքականություն կարող է վարել մեր պետությունը։ Անկարան և Բաքուն շատ լավ են հասկանում այս հանգամանքը, դրա համար էլ փորձում են օգտագործել իրենց դիվանագիտական բոլոր հնարավորությունները, կիրառել էներգետիկ ու տնտեսական լծակները, իրենց դիվանագետների միջոցով մեծ ֆինանսական հոսքեր ուղղել օտարերկրյա տարբեր պաշտոնյաների կաշառելու ու իրենց ձեռնտու օրակարգերն անցկացնելու նպատակով։

Բնականաբար, Հայաստանը չունի այնպիսի հզոր տնտեսական ու ֆինանսական լծակներ, որպեսզի ազդի միջազգային քաղաքականության մեջ կարևոր դերակատարություն ունեցող երկրների և այլ ուժային կենտրոնների արտաքին քաղաքական գծի վրա։ Եվ այս պայմաններում Երևանին մնում է մի կողմից՝ գործի դնել տարբեր երկրներում հայկական սփյուռքի ունեցած հնարավորությունները, մյուս կողմից էլ՝ հայ դիվանագետների անհրաժեշտ հմտությունները։

Բայց սփյուռքի հետ տարվող աշխատանքների հարցում տեղաշարժ չի նկատվում, իսկ դիվանագետների՝ մասնավորապես դեսպանների հմտությունների մասով խայտառակ իրավիճակ է։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը ժամանակին քննադատում էր դեսպանների պաշտոններում քաղաքական նշանակումները, ապա իր պաշտոնավարման օրոք քաղաքական նշանակումների ֆոնին պրոֆեսիոնալ դիվանագետները մեծամասամբ հետին պլան են մղվել։ Այն իշխանականները, որոնք ձախողել են իրենց առաքելությունը կամ չեն կարողացել դրսևորվել քաղաքական դաշտում, հերթով դեսպանների պաշտոններում են նշանակվում։ Օրինակները բոլորիս աչքի առաջ են։

Դրա համար էլ դիվանագիտական դաշտում Հայաստանի պարտությունները կամ զիջումները հետևում են մեկը մյուսին։ Այս իրողությունը մյուս կողմից էլ պայմանավորված է նրանով, որ Փաշինյանին թվում է, թե ինքը արտաքին քաղաքական հարցերի գիտակ է, ինչի արդյունքում սեփական սիրողական մոտեցումները պարտադրում է աշխատանքի մեծ փորձառություն ունեցող դիվանագետներին, ինչը, մեղմ ասած, նյարդայնացնում է վերջիններիս։ Եվ պատահական չէ, որ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում դիվանագիտական անձնակազմի շրջանում բազմիցս դժգհությունների սուր դրսևորումներ, անգամ «բունտեր» են արձանագրվել։ Այս համատեքստում նույնիսկ ականատես ենք եղել արտգործնախարարների հրաժարականների, երբ նրանք հրապարակավ ներկայացրել են վարչապետին հակադիր իրենց տեսակետները։ Ուստի, իր թիմակիցներին խցկելով դիվանագիտության ոլորտ՝ Փաշինյանը մի կողմից նրանց ցույց է տալիս, որ մեծ լավություն է անում կամ պարգևատրում է, որպեսզի պարտական լինեն իրեն, մյուս կողմից էլ՝ այդ մարդիկ, գլուխ չհանելով արտաքին քաղաքականությանը վերաբերող նրբություններից, հլուհնրազանդ անելու են այն, ինչ իրենց պարտադրում են վերևից։ Եվ այդ ամենը՝ առանց հաշվի առնելու, թե այդ քայլերը որքանով են համապատասխանում Հայաստանի շահերին կամ նպաստում գործընկերների հետ հարաբերությունների խորացմանը և ընդլայնմանը։ Ոչ այնքան կարևոր երկրներում Փաշինյանի՝ դեսպանների նշանակման գործելակերպը ինչ-որ չափով կարող է ընդունելի լինել, բայց ամենացավալին այն է, որ այսպիսի մոտեցումն ազդում է նաև մեր ամենաառանցքային միջազգային գործընկերների ու դաշնակիցների վարքի վրա։ Նրանք սկսում են անլուրջ վերաբերվել մեր երկրին, իսկ որոշ դեպքերում անգամ համապատասխան ակնարկներ հղել Հայաստանի ղեկավարությանը։

Օրինակ՝ տևական ժամանակ լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը ցանկանում է ազատվել Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանից և նրա փոխարեն դեսպան նշանակել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին։ Ուշագրավ է, որ Հարությունյանի նշանակման հարցում մինչև հիմա չկա Մոսկվայի համաձայնությունը։ Փոխարենն այս ֆոնին ՌԴ նախագահի հրամանագրով Բարեկամության շքանշանով է պարգևատրվում գործող դեսպան Տողանյանը՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Նման պարգևատրումն, իհարկե, պատահական լինել չի կարող, քանի որ դիվանագիտության մեջ մանրուքներ չկան։

Այն իր մեջ համապատասխան հստակ մեսիջներ է պարունակում, որ ռուսական կողմի համար ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներն ու անհասկանալի «կապրիզներն» ու «խաղերը» իրենց հետ հարաբերությունների մասով անընդունելի են: Հենց այս օրինակը ևս մեկ անգամ փաստում է, որ մի կողմից՝ Փաշինյանն իր քաղաքական կամակատարներին դեսպաններ ուղարկելով, թուլացնում է Հայաստանի՝ առանց այդ էլ ոչ ամուր դիվանագիտական դիրքերը, մյուս կողմից՝ այն, որ բանակը քանդելուն զուգահեռ այս իշխանությունները զբաղված են նաև արտաքին քաղաքականության գերատեսչությունը խարխլելու գործին։p

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ