Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում ԱԺ նախագահը պետք է էշով ման չգա. Խաչատուր Սուքիասյանը՝ 200 հազար դոլարանոց մեքենայի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց քննադատություններին՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար գնված 200 հազար դոլարանոց մեքենայի հետ։
«Ես մի բան ասեմ, Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում Ազգային ժողովի նախագահը պետք է էշով ման չգա։ ՀՀ ԱԺ ղեկավարության մասին է խոսքը գնում, իհարկե, պետք է ինչ-որ աստիճան որակով մեքենայով ման գա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սուքիասյանը։
Նա նշեց, թե կան մեքենաներ, որոնք մի քանի հազար դոլարով կարող էժան լինեն, բայց սպասարկման ծախսն ավելի թանկ է։
«Հիմա այդ ընտրությունն էլ արդյունավետության հետ կապված խնդիր է, մասնագետները պետք է ասեն»,-նշեց պատգամավորը։
Հիշեցնենք՝ Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հայտարարել էր. «Մարդիկ ասում են՝ Հայկը հեղափոխությունից շեղվել է։ Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են՝ արդարացնելու էդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքան անհրաժեշտ գնում էր սա պետության համար»