26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հայկ Մարությանը որևէ քաղաքական ուղուց չի շեղվել, «Իմ քայլը»-ի քաղաքական ուղուց շեղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը». Իզաբելլա Աբգարյան

«Ինձ համար չափից ավելի դժվար է այստեղ քաղաքական ելույթ ունենալ, որովհետև այս շենք ոտքս դնելու պահից ի վեր միակ նպատակս եղել է համայնքային շահին ծառայելը, երևանցիների խոսքն այստեղ հասցնելը, բայց, ցավոք, հասել ենք այս ամոթալի հանգրվանին»,- Երևանի ավագանու արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է իշխող «Իմ քայլը» խմբակցության՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին հարցը, հայտարարեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ շեշտելով, որ տարիներ առաջ, երբ ինքը, ընկերները, բազմաթիվ երևանցիներ, այդ թվում՝ Հայկ Մարությանը, այս շենքի առջև վանկարկում էին՝ «որոշողը մենք ենք» (կհաստատի նաև ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը, նա էլ այդ մարդկանցից էր), իրենց հակադարձում էին. թղթերով ամեն ինչ կարգին էր:

«Ասում էինք, որ մենք ենք վճարում քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը։ Դա կոչվում է՝ տեր լինել սեփական քաղաքին, համայնքային շահին։ Այսօր ձեր բերած նախագիծը ճիշտ հակառակն է, դրանով հայտարարում եք՝ որոշողը դուք չեք, որոշողը ՔՊ-ն է: Դուք շատ մեծ սխալ եք անում, որովհետև ոչ թե քաղաքապետին եք վատություն անում և հեռացնում, երևանցիներին եք հեռացնում որոշում կայացնելու հնարավորությունից: Փողոցներում, սոցցանցերում արված հայտարարությունները ցույց են տալիս, որ երևանցին նման հանրային պահանջ չի ձևակերպել: Այլապես դուրս կգար փողոց, կասեր՝ «Հայկ Մարության, հեռացիր, եթե այլևս մեր սրտի վարչապետի հետ չես»»,- նշեց Իզաբելլա Աբգարյանը:

«Դուք այսօր ու այս օրերի ընթացքում այնքան քաջություն չեք ունեցել, որ ձեր մեղքի բաժինն ընդունեք մեր նախընտրական ծրագրի չկատարած կետերի համար, որովհետև, կարծում եմ, այստեղ շատ քչերն են, որ այդ ծրագիրը կազմելիս ներկա են եղել։ Կուսակցությունը քաղաքական պատասխանատվություն պետք է ունենա, որ մեկ անձի վրա չբարդի այն բոլոր խնդիրները, որոնց համար ինքն էլ էր պատասխանատու»,- հայտարարեց Աբգարյանը։

«Այսօր դուք դատավոր եք՝ հանրությանը որևէ ապացույց չեք կարողանում բերել և հիմնավորել: Հայկ Մարությանը որևէ քաղաքական ուղուց չի շեղվել, «Իմ քայլը»-ի քաղաքական ուղուց շեղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հետևողականորեն ազատվելով այն մարդկանցից, որոնք եղել են «Իմ քայլի» հեղափոխության շարժիչ ուժը, փողոցներում իրենց կյանքը վտանգողները: Այդ մարդկանց փոխարինել են այսօր Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի սեղանների խինկալիների պոչերով, որոնք հայտարարել են, որ հիմա էլ իրենք ՔՊ-ական են: Դա՞ է քաղաքական գիծը: Հայկ Մարությանն ընդամենը դարձել է անկուսակցական, նա չի լքել քաղաքը դժվար պահին: Ընդամենը դուրս է եկել կուսակցությունից, և որևէ մեկը չգիտեր դրա մասին»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ