Մեր խնդիրը նստելն ու իրար մեղադրելը չէ /վիդեո/
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վերահաստատեց ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը` ոչ թե արտահերթ նիստ հրավիրել` քննարկելու տնտեսական իրավիճակը, փոխարժեքը, այլ փակ քննարկում կազմակերպել:
”Եթե մեր խնդիրը պրոբլեմ լուծելն է և յուրաքանչյուրին պետք է մտահոգի այս իրավիճակը, ես առաջարկել եմ, որ առավել արդյունավետ է փակ քննարկումը:Խնդիրը պետք է քննարկվի, բայց ֆորմատը պետք է լինի փակ ռեժիմով”:
Շարմազանովը չբացառեց, որ հենց այսօր կլինի այդ քննարկումը, որից հետո քաղաքական ուժերը կարող են իրենց դիրքորոշումները հայտնել:
ԱԺ փոխնախագահը կարծում է, որ սա այն հարցն է, որտեղ զգացմունքային քննարկում չպիտի լինի, այլ խորը տնտեսական քննարկում: ”Եթե մենք պետք է նստենք ու իրար մեղադրենք, զգացմունքային հայտարարություններ անենք, մեր խնդիրը դա չէ”: Փոխխոսնակի խոսքով`ՀՀԿ-ի դիրքորոշումը պաշտպանում են Հրանտ Բագրատյանն ու Արծվիկ Մինասյանը:
Հարցին, թե փակ քննարկումն կփարատի արդյոք խուճապային տրամադրությունը, եթե հասարակությունը չի լսելու` ինչ են որոշում օրենսդիր մարմնում, Շարմազանովը պատասխանեց. ”Փակ քննարկումը նրա համար է, որ առանց խուճապային տրամադրությունների նստենք ու մանրամասն իրավիճակը քննարկենք”:
Հիշեցնենք, ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները ցանկանում են արտահերթ նիստում քննարկել այս հարցը: