«Տանք, որ լավ ապրենք»-ը լայնորեն գովազդվում էր, ակամայից ուզում եմ հարցնել` հիմա լա՞վ եք ապրում. Սերժ Սարգսյան
Ես և իմ զինակից ընկերները երբեք չենք թաքնվել բունկերում: Մեր սերունդը հավատում էր, որ հայրենիքի առջև պարտքը կատարելը հերոսություն չէ, ՀՀԿ համագումարում հայտարարեց կուսակցության նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելը մեր պարտքն ու ծառայությունն էր: Մեր սերունդը հավատում էր, որ գործերը խոսում են իրենց մասին: Ընդ որում, միջազգային հարաբերությունների տեսանկյունից հետաքրքիր է արձանագրել, որ երկրորդ աշխարհամարտից հետո տարածքային ձեռքբերմամբ և առանց սանկցիաների ուղեկցվող հաղթանակներ չեն եղել աշխարհում: Ինչպե՞ս չկարողացանք հստակ բացատրել մեր ժողովրդին այս բարեբախտության նշանակությունը: Փոխարենը «տանք, որ լավ ապրենք»-ը լայնորեն գովազդվում էր: Ակամայից ուզում եմ հարցնել` հիմա լա՞վ եք ապրում», – ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ կուսակցության համագումարը նաև յուրօրինակ ջրբաժան է, և որպես քաղաքական ուժ ինքնամաքրման գործընթացի այս փուլի ավարտն են ազդարարելու։
«Մեր ընտրությունների արդյունքներով հաստատելու ենք «Հանրապետականի» դավանած արժեքների համար պայքարում ամուր կանգնողների վճռականությունը, իսկ քաղաքական խրամատում պայքարին անպատրաստ կուսակիցներին ասելու ենք` հաջողություն: Նրանք չեն կարող տեղ ունենալ մեր շարքերում: Թվում է, թե վերջին երեք տարիներին մենք անցել ենք ամենածանր փորձությունների միջով, բայց ոչ, ինքներդ էլ հասկանում եք, որ դրանք անցյալում չեն մնացել։ Մեզ և մեր երկրին ու ժողովրդին պատուհասած փորձությունները չեն ավարտվել, և մենք, որպես քաղաքական ուժ, պետք է պատրաստ լինենք դիմագրավելու, առանց վհատվելու պայքարելու երկիրն ու մեր երեխաների ապագան կործանման տանող դավաճանների դեմ: Այստեղ նստած յուրաքանչյուրդ և այս դահլիճից դուրս գտնվող մեր հազարավոր հանրապետական ընկերները պետք է հարց տան իրենք իրենց և ազնվորեն պատասխանեն` պատրա՞ստ են զոհողությունների», – ասաց նա։
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կուսակցությունում մնալու պայմանը պետք է լինի նրանց դրական պատասխանը։