Միջանցքի հարցը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կարևոր անվտանգային գործոն է։ Այդ օրակարգում շատ կարևոր դեր և նշանակություն ունի Հայաստանի ժողովրդավարացման շարունակական գործընթացը, Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության և ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ։
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով, այսպես կոչված, «միջանցք»-ի մասին հաճախ հնչող խոսքերին, Ադրբեջանի կողմից պահանջներին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է՝ նման հարց իրականության մեջ չկա:
«Հայաստանը որևէ ժամանակ չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց: «Միջանցք»-ի հարցը Բրյուսելում որոշակի չափով ևս մեկ անգամ հաստատեց, որ այդպիսի թեմա չկա: Դա ֆեյք թեմա է, որը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա», – ասել է Արմեն Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունները կարևոր են համարում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի երկարաժամկետ լուծման ուղիների շուրջ քննարկումներ սկսելու հանգամանքը:
Հարցին, թե կարո՞ղ է գտնվել խնդրի լուծում, եթե Մինսկի խմբի նույն սկզբունքները մնան օրակարգում, որոնց մեջ են տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքները, և որոնք 25 տարի իրար հակասեցին ու խանգարեցին, Գրիգորյանն ասել է, որ հնարավոր է գտնել լուծում, եթե կա քաղաքական կամք։
«Այդ քաղաքական կամքը մենք ունենք, և ակնկալում ենք, որ Ադրբեջանում ևս այդպիսի կամք կլինի, որպեսզի գտնվի երկարատև լուծում: Պատերազմից հետո շատ էր խոսվում, որ խնդիրը լուծված է, բայց ինչպես նշեցի, արձանագրված է և մեր, և միջազգային հանրության կողմից, որ խնդիրը լուծված չէ: Մենք պիտի աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ», – ասել է ԱԽ քարտուղարը։