Թող Մամիկոն Ասլանյանին ազատ արձակեն, քրեական գործը քննվի․ Մարուքյանը պնդում է, որ ԼՀԿ-ի կողմից դատարան դիմելը կապ չունի Ասլանյանի ձերբակալության հետ
Ես ու իմ կուսակցությունը կապ չունենք «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին ձերբակալելու հետ, իսկ դատական պրոցեսը, որն ընտրություններից հետո հարուցվել է ԼՀԿ-ի հայցով, բոլորովին այլ հարթությունում է պետք դիտարկել, ասուլիսի ժամանակ ասաց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Ես պարոն Ասլանյանի հետ ունեմ շատ ջերմ, մարդկային լավ հարաբերություններ։ Պարոն Ասլանյանն անձամբ գիտի, որ մենք չենք կարող կապ ունենալ իր քրեական գործի հետ, որը երեկ պարզվեց, որ սեպտեմբերին է հարուցվել», – ասաց Մարուքյանը։
ԼՀԿ նախագահի խոսքով՝ անկախ Ասլանյանի վարած քաղաքականությանը դեմ լինելուց և նրա թիմի հետ ունեցած տարաձայնություններից՝ ինքը մարդկային իմաստով միանում է նրա ազատության բոլոր կոչերին։
«Այո, նա կարող է մնալ ազատության մեջ, բայց թող քրեական գործը քննվի», – ասաց Մարուքյանը։
Անդրադառնալով Վանաձոր խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների և դրան հաջորդած իրադարձություններին՝ Էդմոն Մարուքյանն իր տեսակետը հայտնեց։
«Ընտրության գիշերը մեզ ասում են, այդ թվում՝ ԿԸՀ-ից, որ ԼՀԿ-ն անցել է, 4 տոկոսանոց բարիերը հաղթահարել է և կունենա 2 մանդատ։ Լուսադեմին մեզ ասում են՝ դուք կունենաք 1 մանդատ։ Քնում ենք, արթնանում ենք, պարզվում է՝ մենք չենք անցել։ Ասում ենք՝ պետք է բողոքարկենք այդ արդյունքները։ Տեղի է ունենում վերահաշվարկ, վերահաշվարկի արդյունքում, եթե չեմ սխալվում, 13 անճշտություն կար և պակասում էր 10 ձայն։ Սա, մեր կարծիքով, նշանակում է, որ անճշտություններն ազդել են մեր ստացած քվեների վրա, և մենք դիմել ենք դատարան», – ասաց Մարուքյանը։
Իրենց կողմից դատարան դիմելու փաստը, ըստ Մարուքյանի, շահարկվում է, այն կապ չունի Մամիկոն Ասլանյանին ձերբակալելու հետ։
«Ընդհանրապես իրար հետ որևէ առնչություն չունեցող բաներ են։ Դրա համար շատ անկեղծ, բոլոր մարդկային բաներով ինքս էլ ասում եմ, որ այո, թող Մամիկոն Ասլանյանին ազատ արձակեն։ Քրեական գործ կա, թող քննեն, խափանման միջոցը ստորագրությունն ընտրեն, օրինակ», – ասաց նա։