Եթե սահմանազատումն ու սահմանագծումը չկապենք Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է սպասում Արցախի ճակատագրին. Սեյրան Օհանյան
Սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ լսումներ, հայտարարություն ու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը բխում է Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Մենք բավական բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք, Թուրքիայի կողմից նախաձեռնած վարձկան ահաբեկիչների ընդգրկմամբ ու Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի հետևանքով զավթվել է Արցախի տարածքները, նաև՝ թուրք-ադրբեջանական տանդեմը հայտնվել է ՀՀ սահմաններում», – նշեց նա։
Ըստ Օհանյանի՝ չկա Հայաստանում որևիցե մեկ անձ, որ այսօր ասի՝ որտեղով են անցնում մեր սահմանները:
«Որովհետև Խորհրդային միության կազմ մտնելուց հետո Հայաստանի սահմանները տարիների ընթացքում բավականին մեծ փոփոխությունների են ենթարկվել ու սահմանազատման ու սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակում լուրջ ուսումնասիրություններ են պետք», – ասաց Պաշտպանության նախկին նախարարը:
Նա նշեց, թե սահմանազատման ու սահմանագծման իրական պայմաններ չկան ու եթե դրանք չկապենք Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է սպասում Արցախի ճակատագրին:
«Սահմանազատում ու սահմանագծում նշանակում է խաղաղության պայմանագիր, նշանակում է փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում ու նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նաև մեծ քար գցել Արցախի ճակատագրին», – նշեց Օհանյանը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները գնում են բանավոր պայմանավորվածությունների՝ խախտելով այն բոլոր օրենսդրական կետերին հավատարիմ լինելու ընթացակարգերը: