26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ես Ադրբեջանից ու Թուրքիայից վտանգ չեմ տեսնում». Ժիրայր Լիպարիտյան

ՀՀ առաջին  նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ժիրայր Լիպարիտյանն այսօր խորհրդարանում փակ դռների հետևում հանդիպում էր  իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումից առաջ, սակայն, լրագրողները մի քանի հարցի պատասխան  ստանալու հնարավորություն ունեցել։

Մասնավորապես, երեկ տարածված Թուրքիայի արտգործնախարարի  հայտարարության վերաբերյալ հարցին, ըստ որի՝  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ  են նշանակվելու, Ժիրայր Լիպարիտյանը պատասխանեց, որ այդ հարցին ծանոթ չէ։

«Ինքս միշտ համաձայն եմ եղել, որ մեր հարաբերությունները հարևանների հետ նորմալանան, բոլորի հետ։ Այստեղ ես մի քանի հարցազրույց եմ տվել և ավելին ասելիք չունեմ։ Առավոտյան Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը պատահմամբ եմ կարդացել, հիմա ի՞նչ ասեմ»,- նշեց Ժիրայր Լիպարիտյանը։

Անդրադառնալով  «Սպիտակ թուղթ» անունով  ծավալուն  վերլուծական նյութին  և դրան ուղղված քննադատություններին ու բնորոշմանը, թե այն ավելի շատ սև թուղթ է, Ժիրայր Լիպարիտյանը նկատեց. «Բա ի՞նչ էիք ակնկալում, մարդիկ, որոնք իրատեսությամբ չեն ուզում մոտենալ հարցին և ուզում են ցնորքներով ապրել, այսպես ասած, իրենց երազներով, ի՞նչ պետք է մտածեին «սպիտակ թղթի» մասին, որը հրավեր է մտածելու, մտածելով քաղաքականություն վարել»,- նշեց դիվանագետը։

Ինչ վերաբերում է  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը, որ ի՞նչ բարիդրացիական հարաբերություններ պետք է հաստատել այն երկրի հետ, որն ուզում է  քեզ մորթել, Ժիրայր Լիպարիտյանն ինքը միջնորդավորված հարց ուղղեց  Արծվիկ Մինասյանին.

«30 տարի է, ասում է՝ մորթվելու ենք, մորթվե՞լ է»։

Լրագրողների հակադարձմանը, թե Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ այո, հայերին նաև մորթել են, Ժիրայր Լիպարիտյանը նրանց խորհուրդ տվեց կարդալ իր վերջին գիրքը՝ «Հայաստան-Թուրքիա», բոլոր պատասխաններն այնտեղ են։

Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք դիվանագետը պատրաստ է ԱՄՆ-ից գալ ու բնակվել Հայաստանում, Ժիրայր Լիպարիտյանը պատասխանեց, որ այդ տեսակ հարցադրումները այն մարդիկ են բարձրացնում, որոնք իր փաստարկների հետ համաձայն չեն և պատրաստ չեն քննարկելու իր ասածները։

«Ես Ադրբեջանից ու Թուրքիայից վտանգ չեմ տեսնում, նորմալ է, եթե մենք նորմալ վարվենք։ Կարդացեք իմ գիրքը, այնտեղ բոլոր պատասխաները կան, ծուլանում եք ու չեք կարդում»,- լրագրողներին մեղադրելով՝ ասաց Լիպարիտյանը ։

Թե ինչպե՞ս Թուրքիայից ու Ադրբեջանից վտանգ չի տեսնում, երբ թշնամին շարունակում է   գերեվարել հայերին, Ժիրայր Լիպարիտյանը  կրկին խուսափողական պատասխան տվեց և ուղղորդեց լրագրողներին նայել իր հարցազրույցները, որտեղ տվել է հիմնական մոտեցումները:

Ըստ նրա, ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է վարի իմաստուն քաղաքականություն։

Տեղեկացնենք նաև, որ Ժիրայր Լիպարիտյանին խորհրդարանում ուղեկցում էր ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը, որն էլ  լրագրողներին հորդորում էր ճանապարհը բացել ու թողնել, որպեսզի Լիպարիտյանին ուղեկցեն հանդիպման սենյակ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ