22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պարզ է, չէ՞, ինչու է Արցախի փաստացի հանձնումը պարտակելու հարցով կրկին ակտիվացել Փաշինյանը․ Արմեն Աշոտյան․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Օրերս իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը երկնել է դավադիր իշխանությունների ստահոդ քաղաքական օրակարգը կոծկող մի շարք մեկնաբանություններ, ըստ որոնց «ընդդիմությունը այդպես էլ չի անդրադարձել Փաշինյանի հայտարարություններին, որ 2018 թվականի դրությամբ առկա բանակցային բովանդակությամբ Արցախը չուներ Ադրբեջանի կազմում չգտնվելու որեւէ տեսական կամ գործնական հեռանկար եւ որ ընդդիմությունը պատերազմը կանխելու համար այդպես էլ կոնկրետ քայլեր չի նկարագրել»:

Պնդումն ինքնին հերթական կեղծիքն է, քանզի ԱԺ-ում այս թեմայով փաշինյանական հերթական հյուրախաղերից անմիջապես հետո թե ես, թե գործընկերներս, թե ընդդիմության այլ ներկայացուցիչներ բազմիցս բացահայտել ենք այս կեղծիքների ողջ բուրավետ անատոմիան: Սույն գրավոր պատասխանս ընկալեք որպես արձագանք Հայաստանում դեռեւս իշխող ուսապարկերի գերագույն գլխավոր պահեստապետի հերթական հրեշավոր կեղծիքներին:

Եվ այսպես

Մինչեւ 2018 թվականն Արցախի ունեցած հեռանկարների մասին

Թե ինչպիսի բանակցային ժառանգություն ենք թողել մենք, թե ինչպիսի ամրագրումներ կային Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման, երաշխավորման եւ իրացման մեխանիզմների հստակեցման առումով՝ ամրագրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մակարդակով, վաղուց հայտնի է, մանրամասն ներկայացված է թե Սերժ Սարգսյանի, թե Էդվարդ Նալբանդյանի, թե մեր կուսակիցների, թե անկախ փորձագետների եւ այլ քաղաքական գործիչների կողմից: Ուստի զերծ մնալով մեր թողած բանակցային ժառանգությունը ներհայաստանյան աղբյուրներով ապացուցելու հնարավորությունից, կհիշեցնեմ ասածս հավաստող միայն միջազգային կամ օտարերկրյա հղումները.
1. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների 2009-2013 թթ. հինգ համատեղ հայտարարությունները, որոնցով կարգավորման ամրագրված Հիմնարարար սկզբունքների մեջ ընդգրկված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ կարգավորման էլեմենտների մեջ հստակեցված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորագույն բաղադրիչները: Օրինակ, լ’Աքվիլլայի 2009 թվականի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր, որ՝

– Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման միջոցով, որի արդյունքները միջազգային իրավական ուժ կունենան:

– մինչ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ-ը կունենա միջազգային հանրության կողմից ճանաչված միջանկյալ կարգավիճակ:

– պետք է ապահովվի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապը:

Հետագայում այս սկզբունքներն ու էլեմենտներն էլ ավելի են մանրամասնվել, բացվել, միս ու արյուն են ստացել, ինչում կհամոզվեք ստորեւ բերված այլ փաստերով:

2. Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության սույն թվականի հունվարի 13-ի պաշտոնական արձագանքը Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին, որում հստակ մատնանշվել է, թե ինչպիսի բանակցային ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ֆիսքված է՝ «Ինչ վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, վերջին տարիներին բանակցությունների սեղանին դրված առաջարկները նախատեսում էին որպես վերջնական նպատակ, մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավարար կարգավիճակի որոշումը ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում համաժողովրդական քվեարկության իրականացման եղանակով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը եւ իրավական պարտադիր բնույթ կկրի՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների համապատասխան: Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում»: Նույն պարզաբանումը պարունակում է նաեւ հետեւյալ կարեւորագույն գնահատականը, որը ապացուցում է Փաշինյանի կողմից մեր թողած բանակցային ժառանգությունը մսխելու փաստը. «Տվյալ մոտեցումները պահպանվում էին մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանը առաջ քաշեց նոր մոտեցումներ»:

3. Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության սույն թվականի դեկտեմբերի 3-ի նման պաշտոնական արձագանքը ԱԺ խոսնակի հայտարարություններին, որոնք եւս մեկ անգամ վերահաստատում են մեր թողած բանակցային փաթեթի հայանպաստ լուծումների բովանդակությունը:

4. ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ստորագրված 2017 թվականի նոյեմբերի 24-ին, պարունակում է հետեւյալ դրույթը. «ԸՆԴՈւՆԵԼՈՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ տեւական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարեւորությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների եւ սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների եւ սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը եւ ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը, եւ արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված բոլոր հայտարարություններում. նշելով նաեւ կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության կողմից հայտարարված հանձնառությունը». Սա ակնհայտ ապացույց է, որ Եվրոպական Միությունը պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթղթում պաշտոնապես ամրագրում էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իքնորոշման իրավունքի սկզբունքը եւ իր աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բոլոր առաջարկություններին (տես՝ կետ 1)

5. Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի սույն թվականի ապրիլի 9-ի պաշտոնական պարզաբանումը հստակեցնում է համանախագահ երկրների առաջարկած փաթեթի միջազգային երաշխիքների եւ իրավական ամրագրման մեխանիզմները. «Ցանկանում եմ ընդգծել, որ կարգավորման առաջարկների փաթեթը, բացի Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հռչակագրից, ներառում էր նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը դրան աջակցելու մասին: Այս երկու փաստաթղթերը, գումարած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, կազմում էին այն ժամանակվա ռուսական առաջարկների էությունը, որոնց մասին մանրամասն տեղեկացված էին մյուս համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան եւ որին նրանք լիովին աջակցում էին»:

6. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2016 թվականի հոկտեմբերի 7-ի հայտարարությունը Ադրբեջանի կառավարության նիստին առ այն, որ փակ դռների հետեւում նրա վրա մեծ ճնշում է գործադրվում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Այսքանը միայն միջազգային ապացույցներն են եւ փաստերը, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանից դուրս ապրելու համար տարիների հմուտ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ Սերժ Սարգսյանի թողած բանակցային հայանպաստ ժառանգության մասին եւ հիմնահատակ ջախջախում են կապիտուլյանտի եւ իր խոսացող ուսապարկերի հանդուգն ստերը, որոնց նպատակը արյունալի պատերազմի, հայրենազրկման, հազարավոր զոհերի եւ վիրավորների համար պատասխանատվությունից խուսափելն է: Մատնանշված ողջ տեղեկատվությունը փաստագրված եւ պահպանված է եղել Հայաստանի ԱԳՆ-ում առնվազն մինչեւ 2018 թվականի ապրիլի 23-ը:

Պատերազմը կանխելու հնարավորության մասին

Քանիցս արձանագրել ենք, որ 44-օրյա պատերազմի համար այս ապիկար իշխանությունները ստեղծել էին բոլոր նախադրյալները՝ դիվանագիտական, ռազմաքաղաքական, բարոյական: Քանիցս խոսել ենք այն մասին, թե ինչու եկավ այս պատերազմը, ինչու այդ պատերազմը Հայաստանի համար հենց այսպիսինը եղավ՝ երկար, արյունալի եւ մենակության մեջ:

Կրկին հակիրճ թվարկեմ, թե ինչպես կարելի էր խուսափել այսպիսի պատերազմից, ընդգծելով ոչ թե տեսական հնարավորությունները, այլ ճիշտ հակառակ ուղղությամբ պաշտոնական Երեւանի կողմից տարբեր ուղղություններով 2018-ից սկսած վարվող դավադիր քաղաքականության փաստերը.

1.Չհրաժարվել մեր թողած բանակցային փաթեթից, հայտարարելով, որ որ գործընթացը սկսում է սեփական կետից:

2.Բանակցային բովանդակության մասին տեղեկանալ ոչ թե Իլհամ Ալիեւից, այլ հայկական կողմի բանակցողներից:

3.Փաստացի չհրաժարվել կամ հարցականի տակ չդնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկված Հիմնարարար սկզբունքները, ինչը քանիցս հրապարակավ արել է Նիկոլ Փաշինյանը:

4.Ինքդ քեզ գժի տեղ չդնել, հատկապես, երբ գործ ունես աշխարհի գերտերությունների հետ, որոնցից մեծապես կախված է քո ժողովրդի անվտանգությունը եւ Արցախի հեռանկարը:

5.Ցինիկ հայտարարություններով եւ կոնկրետ վնասակար գործողություններով չփչացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ:

6.Սեփական քաղաքական վերարտադրության համար Ալիեւին սկուտեղի վրա չմատուցել 2016-2017 թթ. Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները, որոնք իրացման դեպքում պատերազմները կանխելու հզոր մեխանիզմներ էին ստեղծվում, իսկ չիրացման դեպքում՝ Ադրբեջանի գլխին կախված սուր էին բանակցությունների ընթացքում: Հիշեցնեմ նաեւ, որ այս դավաճանական քայլի Փաշինյանը դիմել է Դուշանբեում, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 2018-ի իշխանափոխությունից հետո այլեւս դադարեցին պահանջել Ադրբեջանից այդ պայմանավորվածությունների կատարումը՝ հայկական կողմի համաձայնությամբ:

7.2018 թվականի դեկտեմբերի 6-ին Միլանում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների նախարարական համաժողովի շրջանակներում չընդունել հնգակողմ հայտարարություն (3 համանախագահ + Հայաստան+ Ադրբեջան), որով հայանպաստ Հիմնարար սկզբունքների փոխարեն կարգավորման մեջ ներմուծվեցին «արդար եւ տեւական խաղաղ կարգավորման», մեղմ ասած, անհասկանալի սկզբունքը:

8.Հարբած վիճակում ֆեյսբուքում չմոգոնել Արցախյան հարցի «նոր, Մյունխենյան սկզբունքներ», որոնք հայկական դիվանագիտության մահացու խայտառակությունը դարձան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աչքերում:

9.Չանել անպատասխանատու, պոպուլիստական հայտարարություններ, որոնք հմտորեն կօգտագործվեն հակառակորդի կողմից եւ էլ ավելի մեծ խզում կառաջացնեն համանախագահ երկրների եւ Հայաստանի միջեւ, արդարացում ծառայելով ադրբեջանական ագրեսորների համար:

10.Ունենալով Արցախի խնդիրը՝ «ժողովրդավարությունը» չհռչակել Հայաստանի արտաքին քաղաքականության այցեքարտ:

11.Չնսեմացնել Արցախի սուբյեկտայնությունը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ընդհուպ 2020 թվականի հուլիսին ընդունված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ երկրորդ հայկական պետության գաղափարից ու փաստից հրաժարումը:

12.Չպառակտել հասարակությունը, միասնական հայրենասիրական ոգի պահել թե բանակում, թե հասարակության մեջ:

13.Չանտեսել Թուրքիայի հակահայ դերակատարությունը, երկրի անվտանգային միջավայրի գնահատականները չթողնել մակունցներին եւ ախքերին:

14.Պոպուլիզիմից եւ ապիկարությունից ելնելով՝ չփոխել ՀՀ Զինված ուժերի արդիականացման ծրագիրը, գնումների պլանը, ժամանակակից ՀՕՊ միջոցների եւ ԱԹՍ-ների փոխարեն գնելով թանկ ու չզինված, կամ հին ու ներկած խաղալիքներ:

15.Չվարկաբեկել բանակը, զինված ուժերի հրամանատարական կազմը, Արցախյան առաջին պատերազմի հերոսներին:

16.Բանակը չհասկանալու հետեւանքով եւ կամային որակներով, պատերազմ անցած հրամանատարների՝ իր դեմ հնարավոր ըմբոստությունից վախենալու պատճառով բանակի փորձառու հրամանատարներին չփոխարինել հարմարվողականներով:

17.Չնսեմացնել Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը, այն ստորադասելով «թավշյա հեղափոխությանը»:

18.Հետեւել հակառակորդի գործողություններին, ֆիքսել, որ թուրքական բայրաքթարները գնելու որոշումը Ադրբեջանը կայացրել է 2020 թվականի ապրիլ-մայիսին, անհապաղ ձեռնարկել համարժեք հակաքայլեր:

Այսքանը կապիտուլյանտների կողմից 2018-ից գործած աններելի մեղքերի, սխալների եւ դիտավորությունների մի մասն է, որոնք չգործելու դեպքում, կամ հակառակն անելու դեպքում հնարավոր էր խուսափել պատերազմից, հնարավոր էր խուսափել այսպիսի երկարաժամկետ եւ արյունալի պատերազմից, հնարավոր էր խուսափել այսպիսի անդառնալի եւ ծանր կորուստներով պատերազմից, հնարավոր էր 44 պատերազմական օր չմնալ միայնակ, չունենալով միջազգային հանրության, կամ ռազմավարական դաշնակցիդ ուղիղ ու հստակ աջակցությունը:

Փակ դահլիճում Արցախի հարցով քննարկման առաջարկի մասին

Կապիտուլյանտները նեղվել են, որ խորհրդարանական ընդդիմությունը չի ուտում Նիկոլի պրիմիտիվ կուտը փակ ձեւաչափով Արցախին վերաբերող հարցերը քննարկելու համար: Եթե դեռ կան մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչու է ընդդիմությունը կայացրել այդ ճիշտ որոշումը, փակագծեր բացեմ՝ 1

.Մեր ժողովուրդը պետք է ամբողջությամբ տեղեկացված լինի բանակցությունների անցյալի, ներկայի եւ ապագայի մասին: Փակ ձեւաչափով դա անել հնարավոր չէ: Ժողովրդից իբր գատնիքներ չունեցող, հետո ժողովրդի մեջքի հետեւում հայրենիք ծախածը հիմա էլ ուզում է ժողովրդի աչքից հեռու էժան շոու բեմադրի:

2.ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները պետք է տեղեկացված լինեն, թե ինչ նոր ստեր է ուզում պոռոտախոսել Նիկոլը, որպեսզի, ինչպես նախկինում, հստակ ու իրական տեղեկատվություն հաղորդեն մեզ:

3.ԱԺ-ում փակ ձեւաչափով Նիկոլի դերասանությամբ քննարկումը վերածվելու է առանց իր համար ժամային սահմանափակումների մեկ մարդու թատրոնի, այն ինչ ընդդիմության նկատմամբ կրկին միակողմանի կիրառվելու է լռեցնելու, խոսափողը անջատելու, ձայնից զրկելու ստոր գործիքակազմը:

4.Նման քննարկումը կարող է լինել բացառապես հանրային, ուղիղ եթերում, տեղում հասանելի պետք է լինեն բոլոր փաստաթղթերը, վկայությունները եւ փաստերը:

Հիշում եմ, մի քանի անգամ հրապարակավ ձեռնոց եմ նետել նրան ուղիղ եթերում Արցախի հարցով բանավիճելու համար: Ինչպես տեսնում եք, նա կրկին փորձում է փախնել առերեսումից՝ բաց հեռուստաքննարկումը փոխարինելով ԱԺ-ի դահլիճում, առանց ժողովրդի, թիկնապահներով եւ ուսապարկերի ոհմակով շրջապատված, ստեր խոսելու լավագույն հնարավորությամբ պրիմիտիվ կռուտիտով: Առաջարկս ուժի մեջ է: Արի:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

Հ.Գ. Պարզ է, չէ՞, ինչու է Արցախի փաստացի հանձնումը պարտակելու հարցով կրկին ակտիվացել Նիկոլ Փաշինյանը: Մի կողմից, նա նորից փորձում է իր վրայից լվանալ հազարավոր զոհերի արյունը եւ խամրեցնել դավաճանի խարանը, անվերջ կրկնելով «Արցախը մինչեւ ինձ էին տվել» իրականության հետ գեթ մեկ աղերս չունեցող անբարո թեզը: Մյուս կողմից, այս տեղեկատվական-քարոզչական գրոհով նա հող է նախապատրաստում Արցախից եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից վերջնականորեն հրաժարվելու համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ