25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սև թուղթ

Հայ ժողովրդի մեծ բարեկամ» Ժիրայր Լիպարիտյանը Հայաստանում է։ Պարզվում է, նա խոր անհանգստացած լինելով Հայաստանի ճակատագրով, իր հայրենիք ԱՄՆ-ում, մի շարք համախոհների հետ կազմում է, այսպես կոչված «Սպիտակ թուղթ» ռազմավարությունը իր նախնիների երկրի համար։ Որքանով թերթեցի այդ դարակազմիկ աշխատությունը, մի բան նկատեցի, այն որոշակի «անհանգստություն» ցուցաբերող նրբերանգներով, կրկնում է թուրք-ադրբեջանական տարածաշրջանային համակեցության դրույթները։ Եթե հեղինակներն անկեղծ լինեին, այս ռազմավարությունը պետք է անվանեին « Հայաստանի սև թուղթը»։ Հետաքրքիր է, պարոն Լիպարիտյանը պատրա՞ստ է, թողնել իր անվտանգ կյանքը ԱՄՆ-ում և տեղափոխվել մշտական բնակության իր նկարագրած թրքահայաստանում։

Եվ ահա, արդեն Հայաստանում, Ժիրայր Լիպարիտյանը կենդանի քարոզ է տանում իր գաղափարների։

Ըստ պարոն Լիպարիտյանի, մենք դատապարտված էինք պարտության, քանի որ, բոլորս, այսպես կոչված, «ոչմիթիզականներ» էինք և պատրաստ չէինք զիջումների։ Իհարկե, նա նաև հղում է անում, իր պաշտած միջազգային հանրությանը։ Իր ելույթում պարոն Լիպարիտյանը ոչ մի խոսք չի ասում, թե ինչ հանգամանքներում սկսվեց պատերազմը, մոռանալով վերջին երեք տարիներին, իրենց գաղափարական սանիկ, վարչապետ կոչեցյալի հակառուական, հակաիրանական հստակ քաղաքականությունը, որն էլ ուղղակի նվեր էր մեր թշնամիներին։ Պարոն Լիպարիտյանը մոռանում է նաև, որ նույն միջազգային հանրության մաս կազմող ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդունում էր ազգերի ինքնորոշման իրավունքը։ Նա մոռանում է նաև, որ Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ կողմ են եղել փոխզիջումների, իսկ «ոչմիթիզհողական» Հայաստանում հանրության մի փոքր հատվածն էր։

Ինչևէ, ինձ հետաքրքրում է, թե պարոն Լիպարիտյանի այդ դասախոսություններին միայն համախոհնե՞րն էին ներկա, եղե՞լ է արդյոք ընդհանուր հրավեր հետաքրքրվողների համար։

Եվ վերջապես, ինձ զարմացրեց, դահլիճում ներկա, իմ կողմից ժամանակին հարգված տիկին Հրանուշ Խառատյանի ժպտադեմ ներկայությունը։ Հիշեցնեմ, որ տիկին Խառատյանը Լևոն Տեր-Պետրոսյանի, ուստի և Ժիրայր Լիպարիտյանի ամենաարմատական ընդդիմախոսներից էր Արցախի հարցում։ Հետագայում, ողջունելով 1998թ․ իշխանափոխությունը, երկար տարիներ աշխատում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի, հետագայում Անդրանիկ Մարգարյանի հետ։

Հետագայում, տիկին Խառատյանը միացավ «Սարդարապատ», այսօր ԱԺԲ, «ոչմիթիզհողական» շարժմանը։ Հարց է առաջանում, տիկին Խառատյանը, վերջապես գիտակցեց Արցախի համար պայքարի վտանգը հայ ժողովրդի համար, թե՞ անձնական և ընտանեկան շահը գերադասեց Արցախից։

Ավետիք Իշխանյան

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ