Ինչով է պայմանավորված Մուրադովի՝ Հայաստանում երկարատև վերջին այցը. «Հրապարակ»
«Նախօրեին Երեւան ժամանած դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչների թվում, մեր տեղեկություններով, եղել են ՌԴ պաշտպանության երկու փոխնախարարներ։ Նրանց «Էրեբունի» ռազմական օդանավակայանում դիմավորել է Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որն էլ ղեկավարելու է այս հանձնաժողովի՝ ռուսական մասի աշխատանքները։ Երեւան ժամանելուն պես նրանք ուղեւորվել են Ստեփանակերտ, հանդիպել խաղաղապահ զորքերի ու նրանց հրամանատարության հետ։
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմն անհանգստացած է Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բռնությունների փաստով, քանի որ հասկանում է, որ դա կհանգեցնի հակառուսական մեծ ալիքի։ Սրանով է պայմանավորված Մուրադովի՝ Հայաստանում երկարատեւ վերջին այցը։ Միայն նրա ներկայությունն է որոշակիորեն զսպում ադրբեջանական կողմին։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության որեւէ ներկայացուցչի հետ հանդիպում, մեր տեղեկություններով, չի եղել։
Երեկ Ռուսաստանից ժամանած պատվիրակությունն ուղեւորվել է Գյումրի՝ ռուսական 102-րդ ռազմաբազա, իսկ այսօր, ըստ ամենայնի, կմեկնեն Հայաստանից»: