Կամ դու չես կրակում և գերևարվում ես ու դատվում Բաքվում, կամ դու կրակում ես և դատվում Երևանում. Տիգրան Վարդանյան
ՀՀԿ ԵԿ անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կամ դու չես կրակում և գերեվարվում ես ու դատվում Բաքվում, կամ դու կրակում ես և դատվում Երևանում:
Հիշում եմ, 2020-ի նոյեմբեր-դեկտեմբեր և 2021-ի հունվար ամիսներն էին, երբ անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողները գոռում էին, որ դադարեցնենք մեր անհնազանդության ակցիաները: Ասում էին, որ մենք դավաճան ենք և չենք ցանկանում, որպեսզի իրենց երեխաները վերադառնան:
Այն ժամանակ մի գրառում էի արել այս ամենի վերաբերյալ և ասում էի, որ ձեզ ստում են, բայց չէ՜, իրենք կուրացել էին: Չնայած, եսիմ, ո՞վ գիտի, միգուցե իրենց երեխաների փրկությունը դրանում էին տեսնում և անհասկանալով կամ ճարահատյալ հավատում էին: Գուցե, և այսպես է եղել` գիտեն միայն իրենք ու Աստված, բայց տարբեր տեղերում դավաճան էին անվանում ինձ և իմ ընկերներին, մինչդեռ մենք պայքարում էինք նաև իրենց երեխաների համար իրական դավաճանների դեմ:
Ժամանակն անցնում էր և այդպես էլ իրենց երեխաները չէին վերադառնում կամ վերադառնում էին տարածքի կամ ականապատ քարտեզի զիջման դիմաց: Վերադառնում էին, բայց մատներիդ վրա կարող էիր հաշվել նրանց: Ասեմ ավելին` վերադառնում էին, բայց դրան զուգահեռ հայկական կողմն ունենում էր նոր գերեվարվածներ: Ոմանք այդպես էլ չվերադարձան` Բաքվում դատվեցին, ոմանք էլ վերադարձան` սպանված ու խոշտանգված:
Երևի հիշում եք այն կադրերը, որտեղ` սպանված հայ զինվորը կամ նրա մասունքները գետնին շպրտած էին անատոմիկներում: Չնայած ո՞նց կմոռանաք, եթե նորմալ մարդ եք: Ո՞նց կմոռանաք, երբ Հայրենիքի համար զոհված զինվորին սառը գետնի վրա էին պահում կարտոֆիլի համար նախատեսված մեշոկների մեջ: Ո՞նց կարող եք մոռացած լինել:
Այսօր անհետ կորածներին և գերեվարվածներին պետական մակարդակով անվանում են դավաճաններ, իսկ մի ժամանակ առաջ ասում էին, որ նրանք հերոսներ են, որ նրանք կներեն Նիկոլենց ևս երկու ամիս Բաքվի բերդերում մնալով, որ իրենց էնտեղ ավելի լավ են նայում, քան երբևէ նայել են Հայաստանում ու Արցախում, իսկ իրականում պատկերը հետևյալն է`
կամ դու չես կրակում և գերեվարվում ես ու դատվում Բաքվում, կամ դու կրակում ես և դատվում Երևանում… Էս ա ողջ թշվառ իրականությունը»: