Ովքեր ասում են, որ սահմանային անվտանգությունը 100 տոկոսով ապահովված է, կամ խորը պատկերացում չունեն՝ ինչ է առաջնագիծը, կամ մոլորեցնում են հանրությանը․ պատգամավոր
Ովքեր ասում են, որ սահմանային անվտանգությունը 100 տոկոսով ապահովված է, կամ խորը պատկերացում չունեն՝ ինչ է իրենից ներկայացնում առաջնագիծը, կամ նպատակ ունեն մոլորեցնել հանրությանն ու վառ գույներով ներկայացնել ստեղծված իրավիճակը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը շեշտեց՝ առաջնային խնդիր է նոր ձևավորված բնագծերի ձևավորումը՝ ենթադրող սոցիալ-կենցաղային պայմանների, ենթակառուցվածքների ստեղծում՝ թիկունքային ապահովման և սպառազինության մատակարարումներ իրականացնելու համար։
«Հետպատերազմյան շրջանում Հայաստանում և Արցախում անհրաժեշտ է վերանայել նաև առաջնագծում իրականացվող ծառայությունը, ինչը նույնպես չի արվել։ Իշխանությունը և որոշ շրջանակներ նպատակային կերպով փորձում են առաջնագծում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, տեխնիկական կահավորումը ներկայացնել շատ կենցաղային մակարդակում․ օրինակ, վրանները «բուդկաներով» փոխարինելու տեսանկյունից։ Կամ էլ փորձում են ցույց տալ, որ եթե դիրքում տեղադրված են բետոնե պատնեշներ, ապա դա նշանակում է, որ մենք ունենք ամուր դիրքեր։ Սահմանային ենթակառուցվածքը իրականում բազմաշերտ է․ ենթադրում է ճանապարհներ, ենթադրում է մինչև դիրքերը անվտանգ կապ՝ մեքենաների և զինծառայողների անվտանգ տեղաշարժի համար, պաշտպանական, հակահարձակողական, հարձակողական գործողություններ վարելու հնարավորություններ», – մանրամասնեց Աբրահամյանը։
Իշխանությունները, նրա խոսքով, այդ խնդիրները չեն լուծել, այլապես վերջին մարտական գործողությունների ընթացքում, որոնք 1-2 օր տևեցին և ծավալման մեծ բնագիծ չունեին, հայկական կողմը չէր ունենա 6 զոհ և 32 գերի, ինչպես նաև հենակետերի կորուստներ։
«Սա հերթական քննությունն էր, որն արձանագրեց, որ այն խնդիրները, որոնք այս ընթացքում բարձրաձայնվել են, այն հավաստիացումները, որոնք տվել են իշխանությունները, որևէ աղերս չունեն իրականության հետ», – ասաց պատգամավորը։