«Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին ՔՊ-ականները հրավիրել են իրենց մոտ սուրճ խմելու, ապա 20 հոգով ներխուժել են ու սկսել հարվածել. Արամ Վարդևանյան
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները, փորձագետները ժամը 14։30-ի սահմաններում որոշակի բանավեճ են ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորի հետ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։
«Դա կարծես տեղում հարթվել է, ձեռք-ձեռքի են սեղմել և անցել առաջ։ Որևէ վեճ այդտեղ չի եղել», – ասաց Վարդևանյանը՝ նշելով, որ այդ պատգամավորները եղել են Հրաչյա Հակոբյանը և Սիսակ Գաբրիելյանը։
Դրանից կարճ ժամանակ անց, պատգամավորի խոսքով, իրենց գործընկեր Սևակին հրավիրում են սուրճ խմելու։
«Տեղեկություն նախնական է, և հրավիրողը, կարծեք թե, Ռուբինյանի աշխակազմից է եղել։ Գերասիմին ևս հրավիրում են, ասելով, թե արի, սուրճ ենք ուզում հյուրասիրել։ Տղաներին միանում է նաև Տարոնը։ Սուրճ չի լինում, բնականաբար, որովհետև խոսքը նախապես պլանավորած գործողության մասին է։ Երեքին հրավիրելուց հետո մեկ էլ ներխուժում են մոտ 20 հոգի, դրանց մեջ մի շարք պատգամավորներ, և սկսում են հարվածել տղաներին։ Սրա անունը ի՞նչ դնել», – ներկայացրեց Վարդևանյանը։
Պատգամավորների անուններ, Վարդևանյանը չնշեց, բայց ասաց, թե նույն այն անձինք, ովքեր մի քանի ամիս առաջ ԱԺ նիստերի դահլիճում խուլիգանություն էին դրսևորել, նույն ակտիվությունն ունեցել են նաև այսօր։
«Այնպես չի, որ կարողացել են ծեծել։ Բայց երբ մարմնական վնասվածք եք նկատել, ուրեմն պատկերացրեք, թե քանի հոգով են եկել։ Ցավալին այն է, որ այդ դեպքը տեղի է ունեցել անվտանգության ներկայացուցիչների ներկայությամբ» , -ասաց պատգամավորը։
Նա ասաց, թե տղաներն ունեն մարմնական վնասվածքներ։