Իշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում. Տիգրան Աբրահամյան
Իշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում՝ անընդհատ համոզելու և հիմնավորելու իր զիջողականությունն ու պարտությունների շարքը։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ« խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Արցախի Ճարտար քաղաքի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողների նոր սադրանքը գալիս է լրացնելու հոկտեմբերին Մարտակերտի ուղղությամբ, իսկ նոյեմբերին Շուշիի հարակից հատվածում՝ գլխավոր մայրուղու ուղղությամբ, ադրբեջանցիների իրականացրած հանցագործությունները։
Ստացվում է, որ վերջին 3 ամիսներին ադրբեջանական սադրանքների արդյունքում, Արցախում 3 քաղաքացիական անձ է սպանվել՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ, Ջրմուղի մասնագետ և անասնապահ։
Անկախ մահվան ելքով այս միջադեպերի հանգամանքներից, դեպքի վայրերից ադրբեջանցիների դրդապատճառը մեկն է՝ սպանել հային, խաթարել արցախցիների այդպես էլ չհաստատված խաղաղությունը և հիշեցնել թուրքի ատելության և իրական նպատակների մասին։
Որքան էլ ցավալի լինի արձանագրումը, այս միջադեպերը հնարավոր էր կանխել, եթե Արցախում և հատկապես Հայաստանում որոշումներ կայացնողները հստակ գիտակցեին մեր առաջնահերթությունները, ժամանակին ֆիքսեին սպառնալիքները և դրանից բխող կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեին։
Իշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում՝ անընդհատ համոզելու և հիմնավորելու իր զիջողականությունն ու պարտությունների շարքը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ԱՀ ԱԱԾ-ն հաղարդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։