Հայաստանում պարտվողականության քարոզն ապագա չունի. շարունակեք Հայաստանի ու Արցախի համար պայքարը. նահանջել չկա. Իշխան Սաղաթելյան
Հայաստանի առջև այսօր ծառացած է համակարգային խոշոր ճգնաժամ, ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Իշխանությունների այն պնդումները, որ ընտրություններից հետո ճգնաժամը հաղթահարված է, խաբեություն է. ճգնաժամը գնալով ավելի է խորանում՝ մոտենալով անվերադարձ լինելու կետին», – ասաց նա։
Ըստ Սաղաթելյանի՝ երկրում պետք է վերականգնել սահմանադրականությունն ու կազմակերպել երկրի սահմանների պաշտպանությունը, մշակել հայեցակարգ, իրականացնել համակարգային բարեփոխումներ անվտանգության ու տնտեսության ոլորտներում:
«Բայց, քանի դեռ կա այս իշխանությունը, այս ամենն անարդյունք է, հետևաբար, այս պահին պետք է ձևավորել դիմադրություն, դիմադրություն թշնամուն, որ մենք չունենք զիջելու հայրենիք, դիմադրություն հայրենիքը զիջումների տանող օրվա իշխանություններին, դիմադրություն հանրային կյանքում տեղի ունեցող բոլոր ապօրինություններին, իսկ երբ հասնենք համազգային ու համաժողովրդական դիմադրության, թշնամին կհեռանա մեր տնից, իսկ օրվա իշխանություններն՝ իրենց աթոռներից», – ասաց ԱԺ փոխնախագահը։
Նա ընդգծեց՝ ժամանակը սուղ է. «Կամ այն կօգտագործենք մեր օգտին, կամ կկորցնենք անվերադաձ»։
Իշխան Սաղաթելյանն ասաց, թե անհրաժեշտ է հայրենադարձությունը խրախուսող նոր ռազմավարություն։
«Հայաստանում պարտվողականության քարոզն ապագա չունի. ապագան ազգային, ամուր ու արժանապատիվ պետությունն է, որի կայացման գործում մենք անելիք ունենք. շարունակեք Հայաստանի ու Արցախի համար պայքարը։ Նահանջել չկա, հետքայլ չկա, պայքարը պետք է շարունակենք», – ասաց նա։