Դելիմիտացիա՝ դեմիլիտարիզացիային զուգահեռ. «Հրապարակ»
Թեպետ նախօրեին իր առցանց ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ստորագրվելիք փաստաթուղթը լինելու է նախնական համաձայնություն՝ նման հանձնաժողով ստեղծելու մասին, իսկ բովանդակային հարցերը կքննարկվեն բանակցությունների ժամանակ, սակայն որոշ շրջանակներ նույնիսկ փաստաթղթի բովանդակային կետերն էին արդեն քննարկում։ Մասնավորապես, համաձայն ինֆորմացիոն արտահոսքերի, դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը սկսելու նախապայմանը բանակը Սյունիքից հանելն է, այսինքն՝ Սյունիքը դեմիլիտարիզացնելը՝ ապառազմականացնելը։
Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանի խոսքի որոշ հատվածներում, տողատակերում դա նկատելի էր։ Օրինակ, Փաշինյանը նշեց, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ վերջին առաջարկները շատ չեն տարբերվում դրանից առաջ եղած առաջարկներից. «Զորքերի հետքաշման գաղափարը մենք ենք առաջարկել, բայց հարց է ծագում՝ ի՞նչ սկզբունքով եւ ո՞ր տարածքներում հետ քաշել զորքերը, իսկ ի՞նչ կետի նկատմամբ հայելային հետ քաշել զորքերը, իսկ ինչպե՞ս ապահովել երաշխիքը, որ հետ քաշված զորքերը մթության քողի տակ չեն սկսելու տեղաշարժվել եւ նոր դիրքեր զբաղեցնել: Եթե դեմարկացիան եւ դելիմիտացիան պետք է տեղի ունենա բախումների ներքո, այդ ողջ պրոցեսը ձախողված է»։
Ապա հավելեց, որ այս ամենի շուրջ աշխատում են ամենօրյա ռեժիմով: Նրա խոսքից կարելի է հասկանալ, որ բախումներից խուսափելու լավագույն լուծումը երկուստեք դեմիլիտարիզացիան է։ Սակայն ի՞նչ երաշխիք, որ մեր կողմից Սյունիքը կապառազմականացվի, իսկ հակառակորդը դա չի անի։ Ի վերջո, մեր բանակը մեր պաշտպանության միակ երաշխավորն է, որը կազմաքանդելուց հետո կհայտնվենք թուրք-ադրբեջանական զինուժի առաջ բացարձակ անպաշտպան»: