«Իշխանությունների բուն ջանքերով, դրածո դատավորի և դատախազի ձեռքերով գեներալին հասցրին այդ վիճակին». Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն է
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցի կապակցությամբ հարազատները, զինակից ընկերներն ու բազմաթիվ քաղաքացիներ այցելել են նրա շիրիմին:
«Առողջական վատ վիճակում գտնվելով՝ պատերազմն սկսվելուց անմիջապես հետո նա մեկնեց Արցախ։ Իշխանությունները բավականին մեծ դժվարությամբ թողեցին, բայց մեկնեց։ Ցավոք, այնտեղ հիվանդացավ, հոկտեմբերի 21-ին շատ ծանր վիճակով տեղափոխվեց Հայաստան», – լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը։
Նա ափսոսանք հայտնեց, որ Մանվել Գրիգորյանը մինչև վերջ չկարողացավ փորձն ու ներուժն օգտագործել պատերազմում, իսկ նրա դեմ սկսված դատական արշավի ընթացքում առողջական վիճակի վատթարացման պատճառ համարեց պատշաճ բուժում ստանալու արգելքը։
«Իշխանությունների բուն ջանքերով և դրածո դատավորի և դատախազի ձեռքերով գեներալին հասցրին այդ վիճակին։ Ծայրահեղ ծանր վիճակում, երբ գտնվում էր արհեստական շնչառության տակ, դատավորը նույնիսկ դատական նիստ չարեց, որպեսզի թույլատրվեր արտերկիր տեղափոխել», – ասաց Նազիկ Ամիրյանը։
Մանվել Գրիգորյանի գործով արդարադատության ե՞րբ հնարավոր է հասնել հարցին Նազիկ Ամիրյանը պատասխանեց․ «Երևի, ոչ այս իշխանության օրոք»։