Գումարի փոխանցում Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքով թռիչքների համար. «Ժողովուրդ»
Հայաստանի օդային ուղիներով թռիչք իրականացնելու համար Ադրբեջանը Հայաստանին գումար կփոխանցի միջնորդավորված եղանակով: «Ժողովուրդ» օրաթերթը Քաղավիացայի կոմիտե հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային տարածքով իրականացրած թռիչքի համար ադրբեջանական AZAL ավիաընկերությունն ինչքան գումար է փոխանցել հայկական կողմին: Մեր հարցմանն ի պատասխան՝ կոմիտեից չինական հիերոգլիֆ հիշեցնող պատասխան են ուղարկել:
«Ի պատասախան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ, համաձայն ՀՀ կողմից վավերցված «Օդային ուղեգծերի սպասարկման վճարների մասին» բազմակողմանի պայմանագրի, 2009 թվականի մարտի 1-ից սկսած՝ ՀՀ օդային տարածքով իրականացվող բոլոր տարանցիկ չվերթների, այդ թվում՝ նաեւ ադրբեջանական AZAl ավիաընկերության տարանցիկ չվերթների աերոնավիգացիոն սպասարկման դիմաց գանձումների հավաքագրումը կատարվում է «Եվրոկոնտրոլ» միջազգային կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի կողմից, եւ որ վերջինիս «Օդային երթեւեկության սակագների համակարգի կիրառման պայմաններ եւ վճարման պայմաններ» փաստաթղթի թիվ 2 հավելվածի համաձայն՝ հաշվետու ամսում կատարված չվերթների աերոնավիգացիոն սպասարկման վճարների հավաքագրման գործընթացի տեւողությունը կազմում է մոտ 2,5-3 ամիս»,- ասված էր կոմիտեի ուղարկած պաշտոնական գրության մեջ։
Իրար կողքի շարված մասնագիտական արտահայտություններն ու բառերը վերծանել չէր լինի, եթե չլիներ բանալի բառը՝ «Եվրոկոնտրոլ»: Պարզվում է՝ ըստ օդային ուղիներից օգտվելու մասին միջազգային բազմակողմ համաձայնագրի, ինչի տակ նաեւ Հայաստանն է ստորագրել, միմյանց օդային ուղիներից օգտվելու համար պետությունները ոչ թե ուղիղ իրար են գումար փոխանցում, այլ միջնորդավորված: Բոլոր երկրների ամենատարբեր ավիաընկերությունները թռիչք իրականացնելու հայտերը, այնուհետ նաեւ գումարները ուղղում են Բրյուսելում գտնվող «Եվրոկոնտրոլ» ընկերություն, ինչն էլ որոշում է օդային ուղուց օգտվելու գումարի չափը: Թռիչքն իրականացնելուց հետո ավիաընկերությունը 2-3 ամսվա ընթացքում բելգիական վերոնշյալ ընկերությանն է փոխանցում գումարը:
«Եվրոկոնտրոլն» էլ իր հերթին այն ուղարկում է այն երկրին, որի օդային ուղուց օգտվել է ավիաընկերությունը: Այսինքն՝ ադրբեջանական ավիաընկերությունը գումարը Հայաստանին է փոխանցելու միջնորդավորված՝ «Եվրոկոնտրոլ»-ի միջոցով: Ոլորտի մասնագետները մեզ հետ զրույցում նշեցին, որ այդ գումարը մեծ թիվ չէ կազմում. 1 կմ օդային ուղու համար մոտավորապես 1 դոլար են վճարում:
Այսինքն՝ ադրբեջանական ավիաընկերությունը ՀՀ օդային տարածքից օգտվելու համար մոտավոր 200 դոլարի չափով գումար է փոխանցելու: